Մոսկվայում ընթացող «Նա մեր ցարը չէ» կարգախոսով բողոքի ակցիաների ժամանակ լրագրողներ են բերման ենթարկվել:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության ուղիղ եթերի, ոստիկանները Մոսկվայի կենտրոնում ընթացող բողոքի ցույցերը լուսաբանող «Настоящее время» լրատվամիջոցի լրագրողին բռնի ուժով նստեցրին ոստիկանական մեքենան: Գործընկերների ու տվյալ լրագրողի պնդմանը, որ նա լրագրող է, ոչ թե ցույցի մասնակից, ոստիկանները չարձագանքեցին:
Ըստ TVrain-ի Պետերբուրգում էլ ցույցի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել այս լրատվամիջոցի ֆոտոլրագրողին: Մեկ այլ լրագրողի էլ կոպիտ մեթոդներով ոստիկանները նստեցին կրկին ոստիկանական մեքենան, լրագրողի անունը հայտնի չէ, սակայն, նա կրում էր «press» զգուշացնող հատուկ համազգեստ:
«Настоящее время»-ի լրագրողին մոտ 15 րոպե ոստիկանական մեքենայում պահելուց հետո ազատ թողեցին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ-ի 90 քաղաքներում ընդդեմ Վլադիմիր Պուտինի արդեն 4-րդ անգամ նախագահության բողոքի ցույցեր են ընթանում, որի ընթացքում 600-ից ավելի ցուցարարների են բերման ենթարկել: Մայիսի 7-ին նախատեսվում է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը:
Ցույցերի կազմակերպիչը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին է, ցույցերը տեղական իշխանությունները չեն արտոնել:
Որոշ ցուցարարներ ասում են՝ «Ուզում ենք ինչպես Հայաստանում: Հայերն ապացուցեցին, որ ժողովուրդը կարող է իշխանություն փոխել»:
Մոսկվայի կենտրոնում մեծ թվով ոստիկանական զորքեր են, որոնք պարբերաբար փորձում են ցրել ցույցը, պարբերաբար տասնյակներով ցուցարարների են բերման ենթարկում, ընդ որում ոստիկանները շատ կոպիտ ու բռնի ուժով են բերման ենթարկման գործընթացն իրականացնում:
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ


















































