Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ամենակարեւոր հաղթանակը դեռ առջեւում է

Մայիս 08,2018 22:00

Այսօր՝ մայիսի 8-ին, կան բոլոր պայմանները, որպեսզի մեր երկիրն ամրագրի խաղաղ հեղափոխության կարեւորագույն փուլերից մեկը՝ որոշակիություն մտցնելով մեր պետության հետագա ընթացքի մեջ:

Ակնհայտ է, որ ընթացքը երկար է լինելու եւ հաստատապես դժվար, քանզի ճգնաժամը համակել է ողջ հասարակական-պետական կառավարման համակարգը: Սա լինելու է ականի վրա նստած կառավարություն, քանզի Ազգային ժողովում ոչ միայն չունի մեծամասնություն, այլեւ գործ է ունենալու մի մեծամասնության հետ, որը մինչեւ վերջին պահը չզիջեց, մինչեւ չհամոզվեց, որ դիմադրելն անհույս է: Եվ դա ոչ թե միանվագ սխալ էր, այլ կարծրացած մեթոդաբանություն: Այսինքն՝ հետագա փուլերում եւս փաստարկները պետք է լինեն չափազանց ծանրակշիռ, որպեսզի միակ ճիշտ որոշումները, որոնք պետք է ընդունի Հանրապետական մեծամասնությունն ապագայում, նույնպես ուղեկցվեն չափազանց ծանրակշիռ փաստարկներով առ այն, որ «այլընտրանք» որոնելն անիմաստ է:

Իսկ հաջորդ կարեւոր հանգրվանը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որոնց թե՛ ընթացքը, թե՛ արդյունքները կասկած չեն հարուցի, կձեւավորվի մեծամասնություն, որն էլ կձեւավորի նոր կառավարություն: Իհարկե, նույնիսկ այդ դեպքում վերջնականապես համարել, թե ճգնաժամը հաղթահարված է, կլինի սխալ:
Ակնհայտ է մի բան. Հայաստանի նոր կառավարությունն ունի եւ ունենալու է բազում համակիրներ, բայց ոչ դաշնակիցներ: Հայաստանին եւ հայ ժողովրդին դեռ շատերն են գովասանքի եւ հիացմունքի խոսքեր հղելու, բայց դա որեւէ մեկին չի պարտավորեցնելու: Նոր կառավարությունը հաջողելու մի՛ ճանապարհ ունի՝ դա «վճռական մենակի» ճանապարհն է, եւ այդ ճանապարհին նվաճված հաջողություններն են, որոնք թե՛ նրան, թե՛ պետությանը կվերածեն դաշնակցի շատերի համար:

Այո՛, ճգնաժամի բերումով ենք հայտնվել մի իրավիճակում, երբ արտաքին քաղաքականությունն առաջիկայում շատ ավելի կարեւոր գործոն է դառնալու ազգային անվտանգության համար, քան նույնիսկ մեր Զինված ուժերը, ինչն ամենեւին էլ չի նսեմացնում մեր Բանակի բացառիկ դերը, ինչպես դա ճիշտ ժամանակին մատնացույց արեց Դավիթ Շահնազարյանը: Բանն այն է, որ ինչպես առանց արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ նոր մեծամասնության ձեւավորման հնարավոր չէ խոսել հեղափոխության արդյունքների քաղաքական կապիտալիզացիայի մասին, այնպես էլ առանց նոր որակի արտաքին քաղաքականության, որը կդառնա նոր որակի ներքին քաղաքականության ածանցյալն ու շարունակությունը, հնարավոր չի՛ լինի հասնել արտաքին քաղաքական կապիտալիզացիայի, նոր Հայաստանի միջազգային ինքնահաստատման, ինչը չափազանց բարդ խնդիր է:

Կրկնենք եւս մեկ անգամ. այս ճանապարհին մենք ունենք բազում համակիրներ, բայց ոչ մի դաշնակից: Դրա հետ մեկտեղ մենք բախվում եւ բախվելու ենք շատերի հասկանալի անտարբերությանը, նաեւ ոմանց՝ ո՛չ պակաս հասկանալի հակակրանքին, որքան էլ որ ասվի, թե «աշխարհաքաղաքական հարց չկա»: Անցած տարիների ընթացքում ձեւավորված՝ կոռուպցիոն տրամաբանության վրա հիմնված աննորմալ հարաբերությունների համալիրը Հայաստանին դարձրել է բավականին խոցելի, եւ դրա պտուղները մենք քաղում էինք ոչ միայն անցյալում, այլեւ դեռ քաղելու ենք երկար ժամանակ: Հենց արտաքին քաղաքական եւ անվտանգության քաղաքականության հարթության վրա է հնարավոր իրականություն դարձնել հռչակված սկզբունքը, որ Հայաստանում մենաշնորհները տեղ չե՛ն ունենալու:

Արված են ներկայի համար անհրաժեշտ, բայց ապագայի համար դեռ ոչ բավարար քայլեր, որպեսզի Հայաստանն այս դրամատիկ օրերին խուսափի արտաքին միջամտությունից, մի բան էլ ողջույնների արժանանա թե՛ Մոսկվայից, թե՛ Բրյուսելից, թե՛ Վաշինգտոնից, որպեսզի Հայաստանին շնորհավորեն թե՛ պայմանական Միխեիլ Սաակաշվիլին, թե՛ պայմանական Մարգարիտա Սիմոնյանը, թե՛ պայմանական Ալեքսեյ Նավալնին: Եվ ոչ ոք Հանրապետության հրապարակում չէր էլ մտածում «հեղափոխության արտահանման» մասին, սակայն Հայկական հեղափոխությունը սկսել է «ապրել իր կյանքով» այլեւս նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, ինչը որքան էլ շոյի մեր պատվախնդրությունը, միեւնույն ժամանակ մի նոր մարտահրավեր է դառնալու Հայաստանի նոր կառավարության համար: Հայաստանի եռագույնը հետխորհրդային ավտորիտար պետություններում պետական դրոշից վերածվել է բողոքի խորհրդանիշի, ինչի ականատեսը դարձանք շաբաթ օրվա ցույցերին Ռուսաստանի ավելի քան 90 քաղաքներում, իսկ ավտորիտար ռեժիմների «պահապանների» համար՝ խառնակության խորհրդանիշի:

Իրողությունն այն է, որ Ռուսական կայսրության օրոք հայերն առաջին անգամ չէ, որ ընդվզում են հանուն ազատության, եւ եթե 1905-ին հայերին շեղեցին՝ թաթախելով կովկասյան թաթարների հետ բախումների եւ ջարդերի, իսկ 1988-ին՝ Ադրբեջանի հետ հակամարտության, նույն ջարդերի, իսկ այնուհետեւ՝ լայնամասշտաբ պատերազմի մեջ, 2018-ին այդ «վառոդից» շատ քիչ բան է մնացել, եւ Կրեմլին այլ բան չի մնում, քան խոհեմաբար հաշվի նստել հայ ժողովրդի միասնական կամքի հետ: Իհարկե, խոսքը չի կարող գնալ համակրանքի մասին, այլ շահի, նույնիսկ ռեալպոլիտիկի: Եվ դրա վկայությունն են այն թունավոր արձագանքները, որոնք գալիս են իբր «ոչ պաշտոնական» խողովակներով, որպես իբր «մասնավոր կարծիք», մինչդեռ պարզ է, որ Պուտինի օրոք «բետոնապատված» հրապարակային դաշտում այլեւս «մասնավոր» կամ «անձնական» բան մնալ չի կարող, որքան էլ որ ՌԴ դեսպանությունն արագորեն հայտարարի դրա հետ պաշտոնական Մոսկվայի առնչություն չունենալու մասին, երբ արդեն նույնիսկ Ռուսաստանի հայերի միությունն է զայրացած ՌԴ-ում եւ Հայաստանում մոնոպոլիստ «Ռոսնեֆտի» փոխնախագահի՝ ՌԴ օրենքներով քրեորեն պատժելի արտահայտություններից Հայաստանի եւ հայերի հասցեին:

Անշուշտ, սա միանգամայն հասկանալի վերաբերմունք է ռուսական կայսերապաշտ շրջանակների կողմից: Ռուսաստանը ցնցվում եւ էլ ավելի է ցնցվելու բողոքներից, ինչը մեծապես խոցելի է դարձնում այնտեղ բնակվող հարյուր հազարավոր հայերին: Ռուսաստանի պատմական փորձը ցույց է տալիս, որ մեծ խռովքների ժամանակ դրանց գլուխ են կանգնում տեղաբնակ ոչ ռուսները՝ հայեր, վրացիներ, լեհեր, հրեաներ, լատվիացիներ, իսկ հետո, անկախ արդյունքից, դա նոր անազատություն է բերել թե՛ նրանց հայրենիքներին, թե՛ հենց իրենց: Եվ Ռուսաստանի հայ երիտասարդությանը, որը մեծ համակրանք է տածում թե՛ Հայաստանում բարձրացած շարժման, թե՛ ռուսական քաղաքներում խաղաղ ցույցերի դուրս եկած քաղաքացիների նկատմամբ, ավելի շահեկան կլինի չեզոք եւ լոյալ մնալ Ռուսական պետությանը, ինչը նշանակում է առանձնապես հեռու մնալ թե՛ կայսերապաշտությունը սատարելուց եւ պետության կողմից բռնություններն արդարացնելուց, ինչով զբաղված են որոշ հայեր, թե՛ այդ բողոքի ցույցերին «հայկական գործոն» դառնալու գայթակղությունից, որքան էլ որ ցուցարարները վանկարկեն, թե «ուզում ենք՝ ինչպես Հայաստանում»:

Հասկանալի է, որ Ռուսաստանը Հայաստան չէ, եւ այնտեղ՝ «ինչպես Հայաստանում», չի՛ ստացվի, այլ կստացվի «ինչպես միշտ», ռուս դասականի ասած՝ անիմաստ եւ անողոք, իսկ թիրախում կարող են հայտնվել հայերը: Ինչպես շատ դիպուկ նշել է հայտնի ռուս հրապարակախոս Անտոն Օրեխը, Մոսկվայի եւ Երեւանի միջեւ տարածությունն այլեւս ոչ թե 1800 կիլոմետր է, այլ նույնքան լուսային տարի: Եվ Հայաստանի նոր կառավարությունը պետք է նրանց ներգաղթն ապահովելու համար շուտափույթ քայլեր ձեռնարկի, քանզի սա այլեւս ազգային անվտանգության հարց է: Եվ Սփյուռքի նախարարության հիման վրա պետք է ձեւավորվի նոր կառույց՝ Սփյուռքի, ներգաղթի եւ աբսորբցիայի նախարարություն, ձեւավորվի ենթակառուցվածք՝ հայոց լեզվի, հայկական օրենսդրության ուսումնասիրության, աշխատանքի տեղավորման, բիզնես սկսելու հետ կապված խնդիրները լուծելու համար: Դրա փորձն ունեն Լեհաստանը, Հունաստանը, Իսրայելը, Գերմանիան: Եվ բնականաբար, Հայաստանից ուղղակի պետք է մեկընդմիշտ «մաքրվի» այդ «Սոոտեչեստվեննիկի» կոչվող հիմնարկը, քանզի նա այստեղ «սոոտեչեստվեննիկ» չունի եւ չի՛ կարող ունենալ:

Բայց դրա մասին դեռ կխոսենք առաջիկայում: Իսկ այսօր Հայաստանի քաղաքացիները դուրս են գալու հանրահավաքի սպիտակ վերնաշապիկներով… Վաղվա օրը՝ Շուշիի ազատագրման օրը, ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի օրը, Եվրոպայի օրը, Արցախի Պաշտպանության բանակի ծննդյան օրը, նոր Հայաստանը մտնում է մեծ հույսերով: Հայաստանի ժողովուրդը վերջին օրերին արդեն նվաճել է մի բան, որին երբ հուշարձան կկառուցվի, դա չի՛ լինի զոհված հերոսների, նահատակների հուշարձան, որին սգո ծաղկեպսակներ, զույգ քանակով ծաղիկներից ծաղկեփնջեր կդնեն եւ լռության րոպեով հարգանքի տուրք կմատուցեն… Ո՛չ: Այդ հուշարձանին կդնեն կենտ թվով ծաղիկներ, կժպտան, կծիծաղեն, հպարտություն կզգան եւ կհեռանան իրենց ստեղծագործ աշխատանքը շարունակելու: Մենք արժանացել ենք դրան, բայց ամենակարեւոր հաղթանակը դեռ առջեւում է, եւ դա լինելու է բոլորիս հաղթանակը, Քաղաքակրթության հաղթանակը, եւ թող Աստված օգնի մեզ:

Նկարը՝ After Empire կայքից

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

“Առավոտ”
08.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031