Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Լեւոն Աբրահամյան. «Ուզում եմ տեսնել ավելի հայրական մոտեցմամբ մարդու»

Հունիս 19,2018 16:57

Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Լեւոն Աբրահամյանը փոփոխություններ է ուզում տեսնել Հայաստանի նկարիչների միությունում: Այդ էր պատճառը, որ ի թիվս այլ երիտասարդ արվեստագետների, նա ընդվզել էր Հայաստանի նկարիչների միության երկարամյա նախագահ Կարեն Աղամյանի դեմ:

«Բազմաթիվ փայլուն երիտասարդներ կան, որոնք Եվրոպայում հաջողություններ ունեն, անուններ չթվարկեմ, բայց շատերն, իրոք, հետաքրքիր արվեստագետներ են»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց գեղանկարիչը: Նրա խոսքով, եթե Հայաստանում կա Նկարիչների միություն, որը ոչ մի բանով չի նպաստում երիտասարդների ստեղծագործական վերելքին, պետք է անպայման այդ կառույցի ղեկավար կազմը եւ դիմագիծը փոխվի: «Մենք եթե ինչ-որ բանի էլ հասել ենք, ինքնուրույն ենք հասել»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Aravot.am-ի հարցին` մի՞թե շնորհալի մարդը կարիք ունի անպայման լինել որեւէ միությունում, Լեւոն Աբրահամյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, սկզբնական շրջանում` այո, որովհետեւ երիտասարդները կայանալու եւ ներկայանալու համար հարթակ չունեն, իսկ սա միակ հաստատությունն է: Եվ ղեկավարությունն էլ պետք է զբաղվի նրանց պրոպագանդելով ու ներկայացնելով»:

Գեղանկարիչը ընդգծեց, որ ցանկանում է, որպեսզի միության կազմը փոխվի. «Նկարիչների միությունը պետք է զբաղվի շատ տարբեր հարցերով, կլինի դա արվեստաբանական թեւ, թե շատ այլ օղակներ, որոնք մենք պատկերացնում ենք, թե ինչպես պետք է գործեն: Ցավոք, մինչեւ այսօր 20 տարվա ընթացքում ոչ մի էական բան չի փոխվել: Մենք 5000 դրամ անդամավճար ենք վճարում, մինչդեռ Նկարիչների միության սրահները մեզ գումարով են տրվում: Նկարիչների միության անդամների այս վրդովմունքը 20 տարվա անգործության հետեւանք է, ուզում եմ տեսնել ավելի հոգատար, ավելի ջերմ, ավելի հայրական մոտեցմամբ մարդու, եւ հարցը բնավ երիտասարդների ու ավագ սերնդի մեջ չէ: Ով կգա հետաքրքիր ծրագրով, թող նա էլ ղեկավարի, բայց այսպես շարունակելը հայ կերպարվեստը տանում է կործանման»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930