Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական «բենզին»՝ պատերազմի կրակի վրա. մարտահրավեր Հայաստանին

Հուլիս 03,2018 22:00

Հուլիսի 1-ին Ադրբեջան են ժամանել մի խումբ ռուսաստանցի գործիչներ՝ մասնակցելու մի կոնֆերանսի,
որի անվանումն է. «Ադրբեջան. Ռուսաստանի միակ դաշնակիցը Կովկասում»։ Նրանց շուրթերով
եւ Ալիեւի ռեժիմի քարոզչամիջոցների միջնորդությամբ Մոսկվան մեդիատեռոր է սանձազերծել
ընդդեմ Հայաստանի եւ Արցախի, ընդդեմ Հայաստանի նոր իշխանության։

«Մեր ռազմավարական դաշնակցին» Ադրբեջանում ներկայացնում են Պետդումայի պատգամավորներ՝ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության խմբակցության անդամ Ալեքսեյ Եզուբովը, Ժիրինովսկու խմբակցության անդամ Դմիտրի Սավելյեւը, Պետդումայի խոսնակ Վոլոդինի օգնական Վլադիսլավ Կալխիդովը, ինչպես նաեւ ՌԴ իշխանությունների հովանավորյալ եւ սիրելի, ժամանակակից ռուսական սեւհարյուրակային ֆաշիզմի գաղափարախոս, սկանդալային Ալեքսանդր Դուգինը, նրա մի խումբ ոչ պակաս սկանդալային զինակիցներ եւ համախոհներ։
Ուշագրավն այն է, որ այդ կոնֆերանս կոչված միջոցառման վայր է ընտրված ոչ թե մայրաքաղաք Բաքուն, այլ Ջոջուղ Մարջանլու գյուղը, որը գտնվում է դիմակայության գծից անմիջական հեռավորության վրա։ Իսկ ուշագրավ է նրանով, որ այդ գյուղը մինչեւ 2016 թվականի քառօրյա ապրիլյան պատերազմը եղել է «Լելե-Թեփե» բարձունքում տեղակայված Արցախի Պաշտպանության բանակի դիրքերից ուղիղ նշանառության տակ, եւ այդ պատճառով գյուղը եղել է անմարդաբնակ։

Ռուսաստանի կողմից հրահրված պատերազմի արդյունքում հայկական կողմի կորցրած երկու դիրքից մեկը հենց այդ «Լելե-Թեփե» կոչվածն էր, ինչը թույլ տվեց Ադրբեջանի պրոպագանդային տարփողել, թե դիրքի ներքեւում գտնվող գյուղն «ազատագրված» է։ Հասկանալի է, որ այդ դիրքն այն արդյունքը չէր, հանուն որի արժեր պատերազմ սկսել եւ էապես փոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ փիլիսոփայությունը։ Սանձազերծած պատերազմը կոչված էր էապե՛ս փոխելու առկա ստատուս քվոն եւ ստիպելու հայերին ապավինել ռուսների կողմից «փրկությանը»՝ ռուս «խաղաղապահների» տեսքով։ Ինչպես հայտնի է, հաշվարկը չաշխատեց, իսկ պաշտոնական Երեւանը մերժեց առաջ քաշած «Լավրովի պլան» կոչված հանցավոր մտահղացումը, որի առկայությունն առայժմ համառորեն մերժում է Մոսկվան եւ շարունակում ռեւերանսներ անել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներ ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային։

«Ադրբեջան. Ռուսաստանի միակ դաշնակիցը Կովկասում» կոնֆերանսի կազմակերպիչներին պետք է անկեղծորեն շնորհակալ լինել նախեւառաջ անվանման համար, քանզի դժվար է ավելի հակիրճ եւ ճշմարիտ բնութագրել ռուսական քաղաքականությունը Կովկասում, ինչպես նաեւ «հայ-ռուսական դարավոր բարեկամության»՝ միամիտների եւ թերուսների համար նախատեսված առասպելի սնանկության մասին եւս մեկ անգամ հիշեցնելու համար, այն էլ այս չափազանց կարեւոր ժամանակաշրջանում։

Կարելի է այլեւս չմեջբերել այն բոլոր հակահայ հայտարարությունները, որոնք իրենց թույլ տվեցին Ալիեւի ռուս «բարեկամները»։ Դրանք կարծես հատուկ արված են դեռեւս մնացած հայ ռուսասերների հոգու մեջ վերջնականորեն թքելու, իսկ վարձու ռուսամետներին՝ վերջին փաստարկներից զրկելու համար։ Նրանք նույնիսկ չեն կարող ասել, թե «Պուտինը տեղյակ չէ», կամ «դա պաշտոնական տեսակետը չէ», քանզի նման մակարդակի դեսանտն առանց Կրեմլի թույլտվության նույնիսկ իր տան սառնարանի դուռը չի բացում, ուր մնաց՝ բերանը։

Մի քանի կարեւր հանգամանքներ են ուղեկցում այս՝ ոչ այնքան սթափ միջոցառմանը։ Նույն օրը՝ հուլիսի 1-ին, ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-երը նախիջեւանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈՒ-երը պատասխան կրակ են բացել եւ թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Հայտնվում է, որ հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը, եւ որ փոխհրաձգության ընթացքում թեթեւ (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ-երի մի պայմանագրային զինծառայող։

Բացի դրանից, ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է բավականին ջերմ հանդիպում ունեցել եւ շրջանակային պայմանավորվածություններ ձեռք բերել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Հայտնի է նաեւ, որ առաջիկա օրերին նախատեսված է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Բրյուսելում եւ նույն օրերին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Միացյալ Եվրոպայի մայրաքաղաք։ Իսկ լայն թափ ստացած կոռուպցիայի եւ կոռուպցիոներների դեմ պայքարը պայքար է այն ամենի դեմ, ինչով Ռուսաստանում Պուտինը ոչ միայն քսան տարի զբաղված է, այլեւ ցանկանում է շարունակել զբաղվել մինչեւ կյանքի վերջը։
Հայտնի է նաեւ, որ առաջիկա օրերին Բաքուն լայնածավալ զորավարժություններ է անցկացնելու հակամարտության գոտում, եւ Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունները հրաման են արձակել զինված ուժերին՝ պատրաստ լինել ցանկացած սցենարի, ցանկացած տեղում։
Այո, Մոսկվան չի փոխվել, Մոսկվայում ոչինչ չի փոխվել՝ ո՛չ շահերը, ոչ էլ մոտեցումները։ Որքան էլ որ Հայաստանի նոր իշխանություններն անթաքույց ձգտում դրսեւորեն Մոսկվայի հետ «հարաբերություններ խորացնելու» ուղղությամբ, դա եւս ոչինչ չի փոխելու ո՛չ Մոսկվայի շահերում, ոչ էլ մոտեցումներում։ Սակայն փոխվել են հասարակական-քաղաքական եւ ռազմաքաղաքական իրողությունները Հայաստանում եւ Արցախում։

Անկախ նրանից, թե ինչ գնահատականներ է բարձրաձայնում պաշտոնական Երեւանը, պարզ է մի բան, որ Մոսկվան ոչ միայն «այնքան էլ դեմ չէ» մի նոր՝ պայմանական «քառօրյա» ռեժիմով արկածախնդրություն կազմակերպել Հարավային Կովկասում, այլեւ «փայ մտնել» դրա հետագա «կարգավորմանը», եւ բնականաբար, որքան մեծ լինեն հայկական կողմի կորուստները, այնքան մեծ կլինի ռուսական «փայը»։ Ալիեւին դա եւս ձեռնտու է, քանզի այդ «հաջողությունը» կկարողանա ծախել իր՝ քարանձավային տոհմացեղական «արժեքներով» առաջնորդվող, խավարամիտ, Սաֆարով հերոսացնող հասարակությանը։
Այս փնթի թատրոնի միակ «թույլ կողմը» Հայաստանը եւ Արցախն են, թույլ այն իմաստով, որ անկանխատեսելի են վայ-ռեժիսորների կողմից, եւ փաստ չէ, որ կխաղան հենց այն դերը, որը նախատեսել են Մոսկվայի «դրամատուրգները»։ Նրանց սցենարը չաշխատեց 2016-ի ապրիլին, իսկ թավշյա հեղափոխությունից հետո աշխատելու ավելի քիչ շանս ունի։ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախը բազմապատկել են իրենց հանրային ռեսուրսը, իշխանությունները՝ լեգիտիմության ռեսուրսը։ Իսկ Մոսկվան եւս մեկ անգամ պիտի մտածի՝ ցանկանո՞ւմ է արդյոք առհավետ թաղել տարածաշրջանում իր ներկայության երկարաձգման բոլոր հեռանկարները, թե՞ ոչ։

Հայկական դիվանագիտությունը լավ չի բացատրել ռուսներին, որ Երեւանի «աշխարհաքաղաքական ռեւերսներ չեն լինելու» դիրքորոշումը չափազանց թանկ արժե, այլ ոչ թե անվճար է, եւ հենց այդպես էլ պետք է լիներ հանուն մեր «մեծ սիրո» Մոսկվայի «պառադների» նկատմամբ կամ զուտ ռուսների գեղեցիկ աչքերի համար։ Եվ եթե նրանք իրենց անսթափ «քաղաքագետներին» կարգի չհրավիրեն, ապա ռեւերսը ոչ միայն կլինի, այլեւ ճակատներին կհարվածի, քանզի հայերը պատրաստ չեն զոհվելու կամ կորուստներ կրելու հանուն, ասենք, Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության։ Ավելին, հետհեղափոխական Հայաստանն ու հայ ժողովուրդն ապացուցել են, որ Հայաստանը Ռուսաստան չէ՛ եւ չի՛ դառնա ոչ քաղաքական եւ ոչ էլ քաղաքակրթական առումներով՝ դրանով ձեռք բերելով մանեւրելու չափազանց լայն հնարավորություններ։
Հայկական զինված ուժերը քառօրյա պատերազմից հետո բացառել են Ադրբեջանի կողմից հանկարծակիության գործոնն օգտագործելու բոլոր հնարավորությունները։ Եվ զորավարժություններից պատերազմի անցումն առաջիկա օրերին կարող է ճակատագրական լինել «Ռուսաստանի միակ դաշնակից Ադրբեջան» կազմավորման համար։ Սա չափազանցություն չէ։ Հայ ժողովուրդն ուղղակի չի՛ հանդուրժի հարյուր տարի առաջվա դեպքերի կրկնությունն Արցախում, չի՛ հանդուրժի որեւէ վտանգ Արարատյան դաշտին եւ Երեւանին, չի՛ հանդուրժի որեւէ խոշորամասշտաբ ոտնձգություն հայկական պետականությունների նկատմամբ։ Հինգ մայրցամաքներում հայ ժողովրդի հավաքական ցասումը կթափվի բոլոր նրանց գլխին, ով լավ չի հասկացել այս իրողությունները ողջ խորությամբ եւ կփորձի «ատամով» ամրություն փորձել։
Անկախ նրանից, թե ինչ են մտածում Մոսկվայում իրենց «ռուսկի միռ»-ի մասին, Հայաստանը պետք է գլխատի կոռուպցիան, Հայաստանը պետք է ունենա հատուկ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, Հայաստանը՝ Հարավարեւելյան Եվրոպայի, Հյուսիսատլանտյան տարածքի, եվրոպական տիպի, եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մաս հանդիսացող պետություն է, եւ այդ Մոսկվայում պետք է երազեն իրական բարեկամ լինել Հայաստանին։ Իսկ առայժմ վայելեք ձեր՝ «Կովկասում միակ բարեկամի» անվճար «բարիքները» եւ ձեր ձեռքերը հեռու պահեք մեզանից, եւ ձեզ մնա ձեր «բարեկամությունը», որից հետո մեզ այլեւս թշնամի պետք չէ։

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

03.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Պարոն Մեհրաբյան,Ադրբեջանն էլ հենց այդ նպատակով է այդ ,,միջոցառումները,, կատարում,որպեսզի հասարակության մեջ հակառուսական տրամադրվածություններ ստեղծվեն,ՀՀ իշխանությունները գնան այդ ,,պրովակացիային,,,խարխլվեն հայ-ռուսական հարաբերությունները և ռուսները առիթ ունենան մեզ մեղադրելու…,իսկ Դուք էլ ,,բենզին,,եք ավելացնում ադրբեջանական հակահայկական ծրագրերին:Մենք գիտենք,որ Ռուսները մեր փրկիչները չեն,ուղղակի պետք է այնպես պահենք,որ նրանց տանկիստները ադրբեջանական տանկերի մեջ մեզ վրա չհաչձակվեն:
    Մյուս կողմից էլ,ռուսները հետևում են Ձեր հակառուսական հոդվածներին և նրանք էլ նույն ձևով են արձագանքում,ինչպես մեր որոշ քաղաքական,,գործիչներ,,Դուգինին և մյուսներին:Ավելլի ճիշ կլինի արհամարել նրանց,քանի դեռ նրանց կեցվածքը չի վերածվել ՌԴ պաշտոնական քաղաքականության:

  2. Հ.Շ. says:

    Ռուսաստանի կողմէ մարտահրաւէրներ չկան Հայաստանի նկատմամբ, սակայն կան բազմաթիւ յստակ ազդարարութիւններ: Ուզում էք ջայլամի նման ձեր գլուխը աւազին տակ պահել, չտեսնելու համար որ վտանգ չկայ, կամ կարծելով որ մնացեալ մարմինը թաղուած գլխուն նման ապահով է, դուք գիտէք…

    Առաւօտից իրիկուն հարիւր հազար անգամ ալ եթէ կրկնէք թէ Հայաստանը եւրոպական երկիր մըն է, յստակօրէն այդպէս չէ իրականութիւնը: Հարաւային Կովկասի մէն անկիւնը՝ նա հայկական ռուսաստան մըն է, այլազան – էական – մակարդակների վրայ: Դուք ո՜ւր, Եւրոպան, Արեւմուտքի ուր: Իսկ ինքզինք ուրանալը կամ ստորակայութեան բարդոյթը ընդհանրապէս լաւ բաներ չեն:

    Ծանիր Զքեզ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031