Լրահոս
Օրվա լրահոսը

Փախուստ փոշուց

Հուլիս 07,2018 15:30 Share

Չնայած կիրակի օրերին ինձ ոչ ոք չի զանգահարում, քանի որ անջատում եմ հեռախոսս, միեւնույն է, չեմ սիրում փոշին, որովհետեւ հեռախոսի լռությունը ընդամենը ազատություն է, իսկ փոշին` մահ:
Եվ քանի որ այդ օրը իմ ներանձնության օրն է, ու անզանգահարության հեղինակը ես եմ, դրսում իմ թողած աշխարհը՝ առանց դուռ ու լուսամուտ թակելու, միեւնույն է, ներխուժում է իմ մեջ եւ, օգտվելով իմ չհայտարարած հրավերից, գալիս-նստում է եւ, հարմար տեղավորվելով իմ դիմաց, ձեռքերը ծալած, լուռ նայում է երեսիս: Ու նրա՝ ինձ ուղղած հայացքում հստակորեն տեսնում եմ, որ ինձ չի հաջողվել փախչել փոշուց համատարածի:

Սկզբից, իհարկե, ես փորձում եմ չտեսնելու տալ նրան, դիմադրում, հեռացնում եմ ինձնից որպես տեսիլք` փորձելով մենակ մնալ: Բայց նա՝ այդ եկվորը, համառորեն նայում է ինձ, եւ ես, չդիմանալով նրա հանդգնությանը, տեղի եմ տալիս եւ անմիջապես էլ հստակ հասկանում, որ ժամանակը չէ, որ հեռանում է մեզնից, այլ մենք ենք հեռանում ժամանակի միջով, քանի որ ժամանակն անվախճանական ջուր է, որ հոսում է շարունակ, իսկ մենք՝ ընդամենը ձուկ, ձուկ այդ ջրերում, որին կամ բախտն է որսում, կամ անբախտությունը: Եվ քանի որ ջրերի հոսքն անվախճանական է, նրանք նորից վերադառնում են՝ մեզ դարձյալ թողնելով բախտի եւ անբախտության հորձանքներում, այսինքն թե՝ ժամանակի մեջ եւ ժամանակից դուրս…
Իսկ ինչ է կամ ով է ժամանակը, ով է տեսել նրան, եւ ինչ պատկեր ունի նա: Եթե ունենար, գուցե ընդամենը ժամացույցի՞, թե՞ տիեզերական փոշու, որը անվախճան է եւ մի օր իր ցանկությամբ ծածկում է ամենքին եւ ամեն ինչ…

Դրսից եկած կիրակնօրյա իմ հյուրը ինձ հուշում է գտնել ինձ նման երկրորդին, որպեսզի երկուսով մենակ մնանք, քանի որ երկուսի միասնական մենակությունը մեծ մենություն է թվում մեզ, քան մեկինը, որովհետեւ երկու մենակներն առավել արագ են մաշում ու սպառում իրար: Եվ չհասկանալով անգամ, թե սովորույթի ո՞ւժն է կապում միմյանց, թե՞ իրենք են իրենց կապվածությամբ հզորացնում սովորույթի ուժը՝ անընդհատ փախչելով մենակությունից, մինչեւ որ ճանաչեն փոշին, որի թիկունքից մեզ են նայում աշխարհի ստեղծումից առաջ ծնվածի կանաչ աչքերը…
Չնայած հեռախոսս անջատել էի:

ՄԵՐՈՒԺԱՆ
ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

06.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031