Լրահոս
Օրվա լրահոսը

«Իդեալական տարբերակում պետք է ունենանք մեկ նախագիծ՝ բոլորիս հետ համաձայնեցված, բոլորիս սրտով». Արարատ Միրզոյան

Հուլիս 13,2018 13:45

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ աշխատանքային խումբը շարունակում է իր աշխատանքները՝ «Ընտրական օրենսգրքի» նախագծի քննարկման շուրջ:

Քննարկմանը այս անգամ մասնակցում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը նաեւ վարչապետին կից «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումների հանձնաժողովի նախագահն է: Նա ասաց, որ նպատակ ունեն այնպիսի Ընտրական օրենսգիրք ստեղծել, որը կասկածներ չի առաջացնի, որ իսկապես մեր երկրում կայացել են ազատ, արդար ընտրություններ:

Խոսելով ընտրակարգի մասին՝ նա ասաց. «Ես ինքս միշտ եղել եմ ռեյտինգայինի ջատագով, ինքս ընտրվել եմ ժամանակին ռեյտինգային ընտրակարգով, բայց հարկավոր է հաշվի առնել իրողություններ, որոնք կան կոնկրետ ժամանակի եւ կոնկրետ տարածության մեջ: Խոսքը հայաստանյան իրողությունների մասին է, որոնք ոչ թե քաղաքական ուժի, այլ անձով պայմանավորված ընտրությունների բերեցին շատ դեպքերում: Կարծում եմ, պետք է ամեն ինչ անենք, որ այս ավանդույթը դադար տանք ու գնանք քաղաքական ուժերի կայացման ճանապարհով: Սրա լավագույն ճանապարհը համամասնական ընտրակարգն է: Բոլոր դետալների շուրջ կարելի է համաձայնության գալ, կարելի է համաձայնության չգալ, կարելի է ունենալ 1 օրինագիծ միասնական, կարելի է 105 օրինագիծ ունենալ… Չարժի անել մեկ-երկու բան, արհեստականորեն ժամանակ ձգելը, օրինակ»:

Հարցին՝ կառավարությունն ի՞նչ է ուզում, որ մե՞կ նախագիծ լինի, թե՞ երկու: Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ պառլամենտում 4 քաղաքական ուժեր են ներկայացված ու ինքը մի տեսակ չի պատկերացնում, որ այդ 4 ուժը, որոնք տարբեր հայացքներ ունեն, ունենան մի նախագիծ ու այդ նախագիծը չարտացոլի նաեւ կառավարության դիրքորոշումը, ի վերջո 4-ից երեքը իշխանական ուժեր են. «Իդեալական տարբերակում, իհարկե, պետք է ունենանք մեկ նախագիծ՝ բոլորիս հետ համաձայնեցված, բոլորիս սրտով, որի առանձին կետերի հետ կապված, ինչ խոսք, կարող են տարբեր ուժեր ունենալ որոշակի վերապահում: Սա իդեալական տարբերակը կլինի, բայց ես չեմ կարող նաեւ բացառել, որ օրինակ, այլ պատգամավոր օրենքի այլ նախագիծ ունենա»:

Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ եթե ԸՕ-ն սեպտեմբերին պատրաստ լինի, ողջամիտ ժամանակը ե՞րբ է արտահերթի: Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ հանրային շահով են առաջնորդվելու, եթե սեպտեմբերին լինի նախագիծը, Վենետիկի հանձնաժողովի խորհուրդները, առաջարկները ստանան, արդեն միասին պետք է քննարկեն, թե երբ կանեն արտահերթը՝ քաղաքական այլ ուժերի հետ. «Միասին պիտի լավագույն լուծումը գտնենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031