Լրահոս
Օրվա լրահոսը

Մի երկու-երեք շաբաթ առաջ պարոն Ծառուկյանը էլի՞ Նիկոլ Փաշինյանի կողքին էր, երբ վերջինս նրանց հակահեղափոխական էր պիտակավորում. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 10,2018 12:28 Share

Գագիկ Ծառուկյանն ու «Բարգավաճ Հայաստանն» առաջինը շտապեցին «հանձնվել» Նիկոլ Փաշինյանի ողորմածությանը: Այն է՝ հուշագիր ստորագրեցին, որի իմաստը հանգում է հետեւյալին. ա) կողմերը կողմ են, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին, բ) որ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տա (ԱԺ այդ արտահերթի պրոցեսն սկսելու համար), ապա տվյալ դեպքում ԲՀԿ-ն կամ «Ծառուկյան» խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու:

Ու ոչ մեկը չի հարցնում. իսկ, ի՞նչ է, Գագիկ Ծառուկյանը պատրաստվում էր վարչապետի թեկնածու առաջադրվե՞լ կամ ինչ-որ մեկին առաջադրել: Դա էական չէ:

Դեմ առ դեմ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանին հավաստիացրել է, թե միշտ էլ իր կողքին է եւ իր կողքն է լինելու: Մեկ այլ հարց է ծագում (լավ, անցած տարիների անցուդարձն ու հայտարարությունները անցած տարիներին մնա). իսկ օրինակ մի երկու-երեք շաբաթ առաջ պարոն Ծառուկյանը էլի՞ Նիկոլ Փաշինյանի կողքին էր, երբ վերջինս նրանց հակահեղափոխական էր պիտակավորում։

Իսկ իր կողմնակից ակտիվիստներն ու սոցցանցային «քոմենթչիներն» էլ հայհոյախոսություններով վրա էին տվել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանի վրա:

Այնպես որ ԱԺ հոկտեմբերի 2-ի հայտնի արտահերթ նիստի վերջում Նաիրա Զոհրաբյանը չդիմացավ ու այդ ամենի վերաբերյալ շրխկացնող հայտարարություններ նետեց ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանին:

Կա նաեւ այլ, առավելապես հռետորական հարց. Գագիկ Ծառուկյանն, իբր այդ ե՞րբ տվյալ օրվա իշխանության կողքին չի եղել: Հա, կար մի կարճ ժամանակահատված, երբ ներգրավվել էր Տեր-Պետրոսյանի «բուրժուադեմոկրատական հեղափոխության» ալիքների մեջ: Ինչով դա ավարտվեց՝ հայտնի է:

Հիմա, ուրեմն, Նիկոլ Փաշինյանը, որ Տեր-Պետրոսյանից հեռացել էր վերջինիս կողմից Ծառուկյանի հետ համագործակցելու պատճառով, «նոր Հայաստանի» Ծառուկյանի հետ նույն Փաշինյանը, այսպես ասենք՝ «ջանջիգյար» հուշագիր է ստորագրում: Մի՞թե հրաշալի չէ այդ ամենը:

Նախօրեից սկսած, ՀՀԿ ու ոչ միայն ՀՀԿ խմբակցությունը ներկայացնող տարբեր պատգամավորներ սկսեցին առանձին-առանձին, ապա նաեւ կոլեկտիվ հայտարարություններ անել, թե՝ այո՛, ԱԺ արտահերթը՝ դեկտեմբերին, իսկ եթե Փաշինյանը հրաժարական տա, ապա՝ ոչ մի թեկնածու չեն առաջադրում (կարծես՝ առաջադրելու էին, էլի):

Դժվար չէ նկատել, որ ստորագրողների կազմում քիչ չեն, այսպես ասած, խոշոր ու շատ խոշոր բիզնես հետաքրքրություններ ունեցող մանդատավորները: Ի վերջո, արդարացի ինչ-որ բան կա այն ամենի մեջ, որ հենց ա՛յդ անձինք են առաջին հերթին շտապել ընդունելու Նիկոլ Փաշինյանի պարտադրած պահանջները:

Ինչո՞ւ չպիտի շտապեին, չէ՞ որ ժամանակին նշված անձանց մեծ մասը (բոլորը հրաշալի հասկանում են, թե հատկապես ովքեր), շտապել են ներգրավվել ՀՀԿ-ում կամ գոնե առնչվել ՀՀԿ-ին՝ միայն իշխանության հետ, իշխանության մեջ կամ ծառուկյանական տարբերակով ասած՝ կողքը լինելու համար:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031