«Արևմտյան Ադրբեջան» եզրն այսօր փաստացի վերածվել է թուրք-ադրբեջանական դաշինքի ռևիզիոնիստական գաղափարաքաղաքական դոկտրինի առանցքային հենասյան, որի միջոցով փորձ է արվում ոչ միայն վերաձևել տարածաշրջանի աշխարհաքաղաքական հավասարումների քարտեզը, այլև հարվածել հայկական պետականության գոյաբանական հիմքերին։ Այս առումով, գործ ունենք պետական մակարդակով մշակվող և հետևողականորեն իրականացվող քաղաքական նախագծի հետ, որի նպատակն է կազմաքանդել հայկական պետականության գաղափարական հենքերը, իմաստազրկել նրա ինքնիշխանության բովանդակությունը և կասկածի տակ դնել հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում պետականորեն կազմակերպված գոյության պատմական ու քաղաքական իրավաչափությունը։
Այս տեսանկյունից «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը չի կարող դիտարկվել լոկ որպես ադրբեջանական քաղաքականության առանձին դրսևորում։ Այն վերածվել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի վերաձևման ռազմավարության բաղկացուցիչ մասի, որը մշակվում և առաջ է մղվում թուրք-ադրբեջանական սերտ ռազմավարական համագործակցության շրջանակներում։ Այս ռազմավարության տեսանկյունից Հայաստանը դիտարկվում է ոչ միայն որպես հակառակորդ պետություն, այլև որպես աշխարհագրական, քաղաքական և քաղաքակրթական գործոն, որը խոչընդոտում է Բոսֆորի ափերից մինչև Կենտրոնական Ասիա ձգվող միասնական աշխարհառազմավարական տարածքի ձևավորմանը։ Հետևաբար Հայաստանի նկատմամբ իրականացվող ճնշումները չեն բխում միայն երկկողմ հակասություններից կամ հետպատերազմյան իրողություններից։ Դրանք բխում են շատ ավելի խորքային և հեռահար աշխարհաքաղաքական հաշվարկներից, որոնցում հայկական պետականության դիմադրողականության կտրուկ թուլացումը դիտարկվում է որպես ռազմավարական անհրաժեշտություն։
Հենց այս աշխարհաքաղաքական տրամաբանության շրջանակներում էլ «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը ձեռք է բերում առանձնահատուկ ռազմավարական նշանակություն։ Եթե նախորդ տասնամյակներում հակահայկական քաղաքականության հիմնական առանցքն Արցախի հարցն էր, ապա այսօր նույն գործառույթն աստիճանաբար փոխանցվում է «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգին։ Դրա տրամաբանության սահմաններում Հայաստանը ներկայացվում է ոչ թե որպես տարածաշրջանի ինքնիշխան և լիիրավ պետություն, այլ որպես վիճարկելի պատմաքաղաքական տարածք, որի նկատմամբ հնարավոր է ձևակերպել նոր պահանջներ, առաջ քաշել նոր հավակնություններ և ստեղծել մշտական ճնշման նոր գործիքակազմ։ Հենց այս հանգամանքն է, որ «Արևմտյան Ադրբեջանի» թեման վերածում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, ինքնիշխանությանը և երկարաժամկետ պետական կենսունակությանը անմիջականորեն սպառնացող մարտահրավերի։
Թեև Հայաստանի գործող իշխանությունները փորձում են հանրությանը ներշնչել, թե «Արևմտյան Ադրբեջանի» թեման և դրա շրջանակում շուրջ 300 հազար ադրբեջանցիների Հայաստան «վերադարձի և վերաբնակեցման» վերաբերյալ մտահոգությունները չեն համապատասխանում իրականությանը և արհեստականորեն ուռճացված քաղաքական թեզեր են, այդուհանդերձ, նման մոտեցումը ոչ միայն իրականությունից կտրված է, այլև դրսևորվում է որպես վտանգավոր քաղաքական ինքնախաբեություն։
Կարդացեք նաև
Իրականում «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի շրջանակներում ձևավորվող՝ ադրբեջանցիների Հայաստան հնարավոր վերադարձի վերաբերյալ քաղաքական և գաղափարական օրակարգերը վաղուց դուրս են եկել Երևանի ներքաղաքական խոսույթի սահմաններից և ձևավորվում են Բաքու–Անկարա առանցքում՝ համակարգային ռազմավարական որոշումների մակարդակով։
Արամ Շահնազարյան
Քաղաքական վերլուծաբան
Հոդվածն ամբողջությամբ՝ ՀՅԴ «Դրօշակ» պաշտոնաթերթում


















































