«Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ:
– Քաղաքական որոշ գործիչներ պնդում են, որ եթե անգամ մանդատները վերցնում են, ապա դա պետք է փողոցային պայքարի հետ զուգորդվի, բայց քաղաքագիտության դասագրքերում ասվում է, նաեւ փորձն է ցույց տալիս, որ փողոցային պայքարը հենց այնպես, ինքնանպատակ չէ, այն քաղաքական որոշ պրոցեսների կուլմինացիոն փուլի համար է նախատեսված: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն էլ միանգամից չհասավ հաջողության: 2003 թվականից նախկին իշխանությունների դեմ պայքար էր մղում: Հետո տեղի ունեցավ 2008-ի մարտի 1-ը, դրանից հետո բազմաթիվ շարժումներ եղան` «Էլեկտրիկ Երեւան» եւ այլն, եւ հենց այս ամենի արդյունքում 2018-ին տեղի ունեցավ իշխանափոխություն: Չե՞ք կարծում, որ անիմաստ է հենց այնպես փողոց դուրս գալը, եթե նախապես պրոցեսներ չեն եղել: Թե՞ ուղղակի փողոց դուրս գալով հնարավոր է, որ իշխանափոխություն լինի:
– Այո, բնականաբար, փողոցային պայքարը հաջողում է որոշակի արդյունավետ աշխատանքի արդյունքում: Այժմ շատ են հնչում կարծիքներ, որ ընտրությունների արդյունքների հետ կապված պետք է փողոցը գեներացնեն, բայց ընտրություններից մեկ ամիս է անցել: Ընդդիմությունն ուշացել է այս իմաստով: Ընտրությունների հենց հաջորդ օրը պետք է ընտրությունների արդյունքների համար փողոց դուրս գային: Այլ հարց է, որ իշխանությունները առաջիկայում որոշակի քայլեր են կատարելու, նրանք արտաքին ուժերին խոստումներ ունեն տված, օրինակ` սահմանադրության փոփոխություն, տարածքներ հանձնել եւ այլն: Այս ամենը կարող է փողոցային պայքար գեներացնելու հարմար առիթ դառնալ: Ընտրությունների թեմայով պայքար գեներացնելու հարցը պետք է մոռանալ: Այդ թեման էլ քննարկման ենթակա չէ, գնացքը գնացել է, սակայն առաջիկայում պայքարի շատ ավելի լուրջ առիթներ են լինելու, դրանք այնպիսի առիթներ են, որոնք բոլորիս են վերաբերում, բայց ընդդիմությունը պետք է կարողանա հասարակությանը բացատրել, որ այդ հարցերը ոչ թե քաղաքական նպատակներով են դարձել պայքարի առիթ, այլ այն պատճառով, որ դրանք Հայաստանը վտանգի են ենթարկում: Հասարակությունը եթե ցանկանա կանխել այդ պրոցեսները, դուրս կգա փողոց, անկախ քաղաքական ճաշակից: Հենց այնպես չէ, որ Արեւմուտքն աչք է փակում իշխանության հակասահմանադրական գործողությունների վրա, ոչ: Փաշինյանի իշխանությունն Արեւմուտքին հավատացրել է, որ այս ամենն արվում է հանուն իրենց համատեղ շահերի, եւ հենց այդ պատճառով էլ նրանք աչք են փակում այս բոլոր ապօրինությունների վրա: Իրավիճակը սա է:
– Մանդատները չվերցնելու կոչեր անողների առաջարկը, ըստ Ձեզ, ո՞րն է: Եթե չվերցնել մանդատները, ապա ի՞նչ անել:
Կարդացեք նաև
– Հավանաբար կարծում են, որ մանդատները չվերցնելով իշխանության վարկանիշի վրա կազդեն, գուցե կա նաեւ նախանձի եւ խանդի առիթ, որ եթե իրենք չունեն մանդատ, ապա որեւէ այլ ընդդիմադիր ուժ չպետք է ունենա: Ասում են` փողոցային պայքար են ուզում, բայց ինչո՞վ են մանդատները խանգարում փողոցային պայքարին:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































