Մինչ ՀՀԿ-ականները գուժում են արտաքին քաղաքականության ոլորտում Նիկոլ Փաշինյանի կառավարության «ձախողումների», միջազգային հանրության կողմից այնքան էլ լավ վերաբերմունքի չարժանանալու մասին, վերջին օրերի իրադարձությունների ընթացքը հակառակի մասին է վկայում։
Մասնավորապես, ԱՄՆ-ն ավելացրել է ՀՀ- ին ուղղվող ֆինանսական աջակցության ծավալները։ Երեկ այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ մանրամասնելով, որ Նահանգները քաղաքական անցման հետ կապված հայաստանյան նախաձեռնություններին աջակցելու նպատակով ՀՀ-ին տրամադրել է 14 միլիոն ԱՄՆ դոլարի հավելյալ արտաքին աջակցության միջոցներ։ Առաջիկա տարվա ընթացքում Միացյալ Նահանգները մտադիր է տրամադրել ավելի քան 26 միլիոն ԱՄՆ դոլար։ Ըստ նրա՝ սա 20 միլիոն դոլարով ավել է հայտով Հայաստանի համար սկզբնապես պահանջված ֆինանսավորումից։ Այդ գումարները, ըստ Միլսի, կօժանդակեն քաղաքական գործընթացների հետ կապված գերակա ծրագրերին, գործարար եւ առեւտրային հնարավորությունների ընդլայնմանը, քաղաքացիական հասարակությանը եւ անկախ ԶԼՄ-ներին։
Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի տրամադրած ֆինանսական աջակցությունը վերջին ամիսների ներքաղաքական իրադարձությունների հետեւանք է. դեսպան Միլսը եւս նշել է՝ «քաղաքական անցման հետ կապված»։ Եվ ամենեւին սխալված չենք լինի, եթե ասենք՝ չլիներ թավշյա հեղափոխությունը, ապա հազիվ թե ԱՄՆ-ն նման միջոցներ տրամադրեր։
Դեռ ավելին, եթե հիշում եք, Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ական իշխանության օրոք ԱՄՆ-ն կտրուկ նվազեցրել էր Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օգնության ծավալները։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում


















































