Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՏԱԿ-ի տնօրեն. «Դպրոցի տնօրենը չի կարող ասել՝ տեղ չունեմ»

Հոկտեմբեր 20,2018 14:51

2019-ից կներդրվի առաջին դասարանցիների հայտագրման էլեկտրոնային համակարգը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը: «Ունենք մի շարք դպրոցներ, որ երբ ծնողը դիմում է երեխային ընդունելու համար, խնդիր էր առաջանում, որ տեղ չունեն, ու դպրոցներից շատերը ծանրաբեռնված են: Երբ ուսումնասիրում էինք Երեւանի դպրոցների ծանրաբեռնվածությունը, հասկացանք, որ Երեւանի դպրոցների 30 %-ը գերծանրաբեռնված է, 30 %-ը՝ թերծանրաբեռնված, մյուսներն ունեն իրենց շենքային պայմաններին բնորոշ ծանրաբեռնվածություն: Բնական է, որ ԿԳ նախարարությունը ցանկություն ունի աշակերտներին հավասարապես բաշխել դպրոցներում կամ օպտիմալացնել այդ դպրոցները»:

ԿՏԱԿ-ի տնօրենի խոսքերով,Հանրակրթության մասին օրենքն ամրագրում է, որ ծնողն է որոշում, թե երեխան որ դպրոցի հաճախի, սակայն դա չի նշանակում, որ դպրոցը պարտավորություն ունի բոլոր երեխաներին ընդունելու:

«Դպրոցը պետք է համապատասխան պայմաններ ունենա, որ երեխաներ ընդունի, իսկ այս համակարգը թույլ կտա, որպեսզի թափանցիկ լինի երեխայի՝ դպրոց ընդունվելու գործընթացը: Պատահում էր, որ դպրոցի կողքի շենքի բնակիչը որ ամսին էլ գնար դպրոց իր երեխային ընդունելու , տնօրենն ասում էր՝ տեղ չկա: Այս պարագայում տնօրենը չի կարող ասել՝ տեղ չունեմ, որովհետեւ բնակիչը կտեսնի, թե քանի ազատ տեղ կա եւ ինքը կհայտագրի իր երեխային»,-ասում է մեր զրուցակիցը:

Հարցրինք՝ հնարավո՞ր է դպրոցը այլ թիվ ցույց տա ծնողին ու դարձյալ ասի, որ տեղեր չկան: Ի պատասխան Արտակ Պողոսյանն այսպես մեկնաբանեց. «Չի կարող նման բան լինել, համակարգը միացված է բնակչության պետական ռեգիստրին: Մենք մտածել ենք այն մասին, որ որեւէ մեկը չկարողանա երեխաների վերացական անուններ մուտքագրել եւ սահմանափակել այլոց հայտագրումը:

Համակարգը սինքրոնիզացված է պետական ռեգիստրի հետ, եւ եթե սխալ՝ տվյալ մուտքագրվի, համակարգն ուղղակի կասի, որ նման երեխա չկա Երեւանում եւ չի հայտագրի այդ երեխային»:

ԿՏԱԿ-ի տնօրենը նշեց, որ մյուս տարվանից համակարգը կներգրավի: «Գաղափարն առաջացել էր 2016-ին՝ Կոլբա Լաբի ստարտափ մրցույթին այդ գաղափարը ներկայացվեց իմ կողմից, եւ տասնհինգ լավագույններից ճանաչվեց հաղթող, ֆինանսավորվեց ԵՄ կողմից ու կյանքի կոչվեց: Նախկին նախարարն էլ էր ասում, որ թափանցիկությունը բարելավելու համար պետք է ներդրվի ծրագիրը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ իմանալով, որ կա նման ծրագիր, որոշեց ներդնել այն մյուս տարվանից»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031