Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Հիմա դեռ էյֆորեայի պայմաններում են քվեարկել: Մենք ուզում ենք մրցակցությունը գաղափարական դաշտ տանենք». (Տեսանյութ)

Հոկտեմբեր 24,2018 19:44

Դեմոկրատական կուսակցությունը պատրաստվում է խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռ չեն որոշել՝ դաշինքո՞վ, թե առանձին կմասնակցեն:

Այսօր որոշ քաղաքական ուժեր, այդ թվում նաեւ Դեմոկրատական կուսակցությունը ընտրություններից առաջ հանդիպում էր կազմակերպել մտավորականների հետ:

Արամ Սարգսյանն ասաց, որ ուզում են, որպեսզի իրենց հետ մաս կազմեն նաեւ մտավորականները, ովքեր մեծ փորձ ունեն իրենց բնագավառում եւ կարող են օգուտ տալ պետականաշինությանը:

«Մենք ուզում ենք ձեւավորել այնպիսի քաղաքական միավորում, որը ներկայացված կլինի ԱԺ-ում, իսկ նպատակը՝ ԱԺ-ում պետք է լինի այս շերտը, որը գիտակ է, հմտություն ու փորձ ունի…բացի դրանից մենք այլընտրանքային ենք այսօրվա գործող կառավարությունից , մենք տեսնում ենք, որ սոցիալ- դեմոկրատական մոտեցումը բացակայում է: Սոցիալական արդարությունը պետք է հաստատված լինի գործողություններով, պետության դերը պետք է բարձրանա»,-ասաց Սարգսյանը:

Նա նաեւ հայտարարեց, որ իրենց քաղաքական ուժը գտնում է, որ պետք է լինի արդյունաբերության նախարարություն: Բացի, այս, Սարգսյանն իր կուսակիցների հետ գտնում է, որ ՀՀ պետական պարտքը մեծամասամբ մսխված է.«Պետք է կարողանանք հետ վերադարձնել այն, ինչ վատնել են: Կոռուպցիան այստեղ է թաղված: Այդ պարտքը, վարկը, որ վերցրել են, տվել են ինչ-որ կառույցների, անհատների: Ի՞նչ են ստացել որպես արդյունք, պարզ չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար էլ  պարոն Սարգսյանը նշեց որոշ հիմքեր. «Չեմ կարծում, որ մեզանից ավելի շատ փորձ ունեցող կա, որը գիտի, թե ինչ է իրականում այդ հիմնահարցի էությունը, այդ նրբերանգները, բանակցային գործընթացը: Այսպիսի խնդիրներ կան, որ անհրաժեշտություն կա ոչ թե թշնամաբար մեկս մյուսին վերաբերվենք, այլ հակառակը՝ մեկս մյուսին լրացնենք: Այս պարագայում ճիշտ է, որ մտավորականության դերն էլ արտահայտված լինի»:

Ընտրական օրենսգրքի, Սարգսյանի խոսքերով ասած՝ հին տարբերակով, եթե տեղի ունենան արտահերթ ընտրությունները, ապա դեմոկրատական կուսակցությունը  բոյկոտի տրամադրություն ունեն,. «Որովհետեւ հին օրենքը… ուղղակի վարկանիշային խնդիրը մեզ համար բարդություններ է առաջացնում»:

Արամ Սարգսյանի կարծիքով՝ այսօր հնարավորություն է ստեղծվել առաջին անգամ անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ. «Թողեք բոլորն, ովքեր համարում են, որ կարող են մասնակցել, հատկապես գաղափարական կուսակցությունները, գնան ընտրության: Եվ վերջապես հասկանանք՝ մեր ժողովուրդը ընտրությո՞ւն է կատարում, թե՞ գնում է միայն քվեարկության: Հիմա ժողովուրդը դեռ էյֆորեայի պայմաններում է քվեարկել: Մենք ուզում ենք մրցակցությունը գաղափարական դաշտ տանենք»:

Մանրամասները՝ տեսանյութում  

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031