Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ջազոյան. «Կուզեի, որ հնդիկ լրագրողը հային հասկանար, շոտլանդացի լրագրողն էլ՝ թուրքմենին»

Նոյեմբեր 11,2018 21:22

«Լրագրողների ընկերակցության» մեդիակոնգրեսի նախագահ, ՌԴ ժուռնալիստների միության քարտուղար Աշոտ Ջազոյանը Սանկտ Պետերբուրգում՝ Էրմիտաժում նոյեմբերի 7-9 -ը կայացած երիտասարդ լրագրողների՝ «Մշակույթների երկխոսություն» խորագրով մեդիակոնգրեսի կազմակերպիչներից է:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Ջազոյանը նշեց, որ ամեն անգամ մեդիաֆորումին երիտասարդ լրագրողների նոր սերունդ է մասնակցում, այս անգամ՝ ավելի քան 400: «Ամեն անգամ մենք համախմբում ենք նրանց, որովհետեւ հետագա տարիներին նրանք դառնալու են իրենց երկրների տեղեկատվական տարածքների առաջնորդները:

Ես ուզում եմ, որ ամեն տարի այստեղ գալով՝ նրանք շփվեն, փոխանակվեն փորձով ու միմյանց մշակույթներին ծանոթանան: Օրինակ, կուզեի, որ հնդիկ լրագրողը հայ լրագրողին հասկանար, շոտլանդացի լրագրողն էլ՝ թուրքմեն լրագրողին: Դրա համար էլ նրանց հավաքում ենք Էրմիտաժի տարածում, որի սրահներում մշակույթների երկխոսությունն ընթանում է ավելի քանի երկուսուկես դար…Ուրիշ էլ որտեղ, եթե ոչ Էրմիտաժում պետք է կայանա մշակույթների երկխոսությունը: Այստեղ ամբարված գլուխգործոցների երկխոսությունը հաստատ օգնում է մեր երկխոսությանը»,-ասաց մեր զրուցակիցը:

Ապա հավելեց. «Մենք ֆորումին այդքան լրագրողների ենք հրավիրում, քանի որ բացի նրանից, որ լրագրողները ցույց են տալիս իրենց մշակույթը, պատմությունը իրենց լրագրողական աշխատանքների միջոցով, նաեւ իրենց համար բացահայտելու են Ռուսաստանը, Էրմիտաժը, Սանկտ Պետերբուրգը, Վիբորգն ու Մեծ Նովգորոդը, այդ մասին նյութեր են պատրաստելու ու ներկայացնելու իրենց լսարանին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նա անդրադարձավ նաեւ մեդիաֆորումի շրջանակում կազմակերպված «Ես այստեղ եմ ապրում» խորագրով նախագծին, որին ներկայացվում են լուսանկարներ, վավերագրական կինոնկարներ ու հեռուստատեսային սյուժեներ:

«Սա երիտասարդ լրագրողներին հնարավորություն է տալիս իրենց լրագրողական աշխատանքների միջոցով պատմել իրենց երկրների մասին, միաժամանակ տեղեկացնել մեզ, թե ինչի են հասել նրանք իրենց ոլորտներում…Այդ ամենի հանրագումարում մենք տեսնում ենք, թե դեպի ուր է շարժվում մոլորակը»,-ասաց Աշոտ Ջազոյանը:

 Մանրամասները՝ տեսանյութում:

Հավելենք, որ լուսանկարչական ցուցահանդեսին ներկայացված էր տարբեր երկրների հիսուն ֆոտոթղթակիցների ավելի քան երեք հարյուր աշխատանք: Հայաստանը նույնպես ներկայացված էր «Ես այստեղ եմ ապրում» նախագծում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Այլ մանրամասներ՝ հաջորդիվ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930