Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Մանվել Գրիգորյանի կամ Սաշիկ Սարգսյանի վերադարձրած 30 մլն․ դոլարով կառուցել Գյումրին․ Էդմոն Մարուքյանի ծրագիրը (Տեսանյութ)

Նոյեմբեր 30,2018 21:07

«Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուներին Գյումրիում այսօր ընդունեցին աղ ու հացով։ Տեքստիլագործների ակումբում նրանց հետ հանդիպման էին եկել բավական մեծ թվով մարդիկ, կարելի է ասել աշխատավոր խավը, այնտեղ կային մեծ թվով տնտեսվարողներ։ Նշենք, որ մեքենաներն այնքան շատ էին, որ կայանելու տեղ անգամ չէր մնացել։

Ձայն տրվեց թեկնածուներից յուրաքանչյուրին, ելույթներն ամփոփեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։ Նա ասաց, որ Գյումրիի հետ կապված այնքան անարդարություն կա, որ իրենք շատ տխուր են խոսում։ Ըստ բանախոսի, 30 տարի էլ տխուր ենք, ժամանակ է խոսել լուծումներից։

Էդմոն Մարուքյանը նշեց, որ 2012-2017 թվականներին, երբ անկախ պատգամավոր էր, խորհրդարանում Վանաձորի խնդիրներից բացի, անկաշկանդ բարձրաձայնում էր նաև Գյումրիի խնդիրներ։ Այդ պատճառով էլ ճակատը պարզ, հանգիստ կարող է քայլել Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքի փողոցներով։

Պատմելով երկրաշարժի ժամանակ իր հիշողությունները, Էդմոն Մարուքյանն արձանագրեց․ «Հիմա ի՞նչ ունենք, տարբեր տվյալներով՝ ունենք 2000-ից մինչև 4000 անօթևանների խնդիր, տնակային ավաններ Գյումրիում, Վանաձորում թիվը շատ ավելի փոքր է, բայց այնտեղ էլ ունենք դեռևս, և սա դարձել է մեր երկիր աղետը։ Լուծումներ չեն տրվել, նայում ենք ինչ ուռճացված ծախսեր են արվել երկրում, ինչ են եղել, ուղղակի աբսուրդ է։ Պետական պաշտոնյաներ ունենք, որոնք երկու միլիոն դոլարանոց բնակարաններում են ապրում։ Այսինքն` էդ բնակարանը, որ չլիներ, Գյումրիի տնակային ավանից մի հատված չէր լինի էդ փողի հաշվին։

Եվ որոշ տվյալներով, Գյումրիի տնակային ավանների, անօթևանների խնդիրը մոտավորապես 30 միլիոն դոլարի հարց է, եթե երկրորդային շուկայից բնակարաններ գնվեն և տրվեն մարդկանց։ Այսինքն` Գյումրու կենտրոնում ազատ բնակարաններ, որոնք հիմա վաճառքի հանված են, գնվեն և տրվեն էդ մարդկանց, ոչ թե նորից մի թաղամաս կառուցեն, հետո մի ընկերություն թալանի էդ փողը, հետո մարդիկ գան, տեսնեն, ասեն ջուրը չկա տուալետում, ո՛չ, գնվեն երկրորդային շուկայից։

Հիմա երկրում եղել է հեղափոխություն, բավականին պրոցեսներ են ընթանում, քրեական գործեր կան հարուցված և ուրախություն մեզ՝ մարդիկ կան, որոնք նվիրաբերում են պետությանը շատ մեծ բաներ, Մանվել Գրիգորյանը նվիրաբերեց շատ մեծ հողատարածք՝ իր շինություններով, պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահը նվիրաբերեց «Գոլդեն Փալաս» հյուրանոցը, վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ Սաշիկը իր 30 միլիոն դոլարն է տալիս պետությանը, ոնց որ նորմալ պրոցեսների մեջ ենք, հա՞։ Հիմա ինչ եմ մտածում, մտածում եմ, որ վերջին հաշվով, եթե էդ ամեն ինչը վերադարձվում է երկրին, Գյումրիում 30 տարի տնակային ավանը կա մի բանի պատճառով, որ թալանվել է երկիրը։ Սա իմ համար աքսոմիա է, ուրիշ ով ինչ ուզում է ասի, չեմ հավատա։ Այսինքն` թալանվել է, կա տնակային ավան, թալանը հետ է բերվելու, տնակային ավանը էլ չի լինի։ Ես կարծում եմ, որ էդ գումարը հիմա, որ վերադարձվում է պետությանը, դրանց մի մասը, ինչքան որ անհրաժեշտ է, պետք է ուղղվեն Գյումրիի այս խնդիրը լուծելու, նույնը Վանաձորում։ Եվ սա ֆունդամենտալ նշանակություն ունեցող հանգամանք է, որ մենք այլևս չենք կարող արդարացումները գտնել, ասել՝ դե գիտեք, հիմա միջոցներ չկան։ Ես կարծում եմ, որ մենք պաշտոնապես կառաջարկենք խորհրդարանում, որ այդ վերադարձված գումարները համապատասխան ձևով, կարելի է ստեղծել հիմնադրամ, ինչ-որ ճանապարհ գտնել, որ շատ հանգիստ, առանց որևէ կոռուպցիոն ռիսկի, բնակարաններ գնվեն, տրվեն տնակային ավանի բնակիչներին»։

Նա խոսեց նաև Հարկային օրենսգրքի մասին՝ նշելով, որ այն թեև չի փոխվել, սակայն տնտեսությունը բերել ենք սպիտակ դաշտ, մինչդեռ Հարկային օրենսգիրքը ընդունվել էր սև՝ ստվերային դաշտի համար։

«Հետևաբար մարդիկ հիմա բողոքում են, ասում են՝ այ ախպեր ջան, մենք էս օրենսգրքով այլ կերպ ենք աշխատել, այդ ռեժիմում, հիմա սա վնաս է մեզ»,-ասաց Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ «Լուսավոր Հայաստանը» ջատագովն է այս օրենսդրության փոփոխության, որը երկրում արհավիրքներ է առաջացրել։

«Ընդհանրապես մեր հարկային օրենսդրությունն ամեն ինչ արել է, որ մենք երկրում ունենանք լուրջ խնդիրներ։ Հիմա ես մի հատ օրինակ եմ բերում․ հայ ազգը Սփյուռքում իր ձեռքով ինչո՞վ է հայտնի, հայտնի է ոսկերչությամբ, հայ ոսկերիչները, հարցրեք հրեաներին, հարցրեք հույներին, Ռուսաստանում հարցրեք, Եվրոպայում հարցրեք, Սիրիայում, Լիբանանում հարցրեք, ամենաուժեղն են, հզոր ձեռք ունեն։ Գյումրին ինչո՞վ էր հայտնի էն ժամանակ, ոսկերչությամբ։ Գյումրու ոսկերչությունն ավանդույթ է, տրադիցիոն պապերով փոխանցված մինչև էս մեր օրերը։ Մեր իշխանությունները ոսկերչության վրա 20 տոկոս ԱԱՀ-ն են մտցրել, դրանից անարդար բան չէր կարող լինել, դրա համար հիմա քայլում ես, չկան ոսկու խանութներ, ոսկերչություն անող ազգի մայրաքաղաքում չկան ոսկու խանութներ, և բոլոր ոսկու գործ անողները կենտրոնացված են մի տեղ, որովհետև այդտեղ պայմանավորվածություն կա, ռեժիմով աշխատում են»։

Էդմոն Մարուքյանի ասելով, տուրիստը, գալով Հայաստան, իր հետ ընդամենը բաստուրմա ու կոնյակ է տանում, դատարկաձեռն է գնում, մինչդեռ եկել է առաջին քրիստոնյա երկիրը, Գյումրով կամ Երևանով քայլելիս՝ կարող էր ոսկե խաչ առնել։

Էդմոն Մարուքյանը իր ելույթի վերջում ասաց, որ գալիս են այս խնդիրները լուծելու, երկիրն իրապես ոտքի հանելու: Նա նշեց, որ իրենք հավակնում են խորհրդարանում լինել երկրորդ ամենախոշոր խորհրդարանական խմբակցությունը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930