Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրակի մարզը՝ 44 տոկոս աղքատությամբ, չեմպիոնն է աղքատ երկրում»․ Մանե Թանդիլյան

Նոյեմբեր 30,2018 22:15

Այսօր Գյումրու Տեքստիլագործների ակումբում «Լուսավոր Հայաստան» կուսակցության  փոխնախագահ,  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը, որը ցուցակի երկրորդ տեղն է զբաղեցնում, տխուր մի թիվ հրապարակեց։

«Շիրակի մարզը տարիներ շարունակ բոլորի համար վիճակագրական թիվ է որպես  ամենաաղքատ մարզերից։ Եվ ահա հրապարակվել է ևս մեկ վիճակագրություն․ նախորդ տարվա 42 տոկոս աղքատության  համեմատ՝ Շիրակը 44 տոկոս աղքատությամբ չեմիպիոնն է աղքատ երկրում։ Վատ իմաստով չեմպիոն, այն մարզը, որը տալիս է լավագույն սպորտային չեմպիոններին, ունի նաև այսպիսի ցուցանիշ։

Ինձ համար շատ վաղուց արդեն դրանք վիճակագրական թվեր չեն, բայց հատկապես Շիրակի մարզի համար, բոլորս գիտենք, որ Շիրակի մարզն ամենաաղքատն է, ինձ այլևս ոչ մի կերպ չի բավարարում, դա այլևս քաղաքական գործչի համար պետք է դառնա արժանապատվության խնդիր։ Եվ ինչքան կարող է 30 տարի շարունակ՝ 88 թվականի աղետալի երկրաշարժից ի վեր Գյումրիում դեռ տնակներում երկրաշարժից փլված բնակարանների արդյունքում ապրեն մեր գյումրեցիները։

Այն ժամանակվա երիտասարդներն այսօրվա թոշակառուներ են, դեռ այդքան ապրել են տնակում։ Այնտեղ ծնվել են երեխաներ, որոնք հիմա երիտասարդ են՝ 25-30 տարեկան, նրանք չեն տեսել երկրաշարժը, բայց ապրում են տնակներում երկրաշարժի հետևանքով։ Աղետի գոտի գաղափարը և դրա հետևանքների չվերացնելը նորանկախ Հայաստանի ամենաամոթալի էջն է։ Իմ ականջներն այլևս չեն կարող լսել այդ մասին զրույցները, հռետորաբանությունը և պաթոսը։ Այլևս եկել է այդ ամենը վերափոխելու, վերադարձնելու, շրջելու ժամանակը»,- ասաց Մանե Թանդիլյանը։

Նա ասաց, որ իր թիմը պատրաստվում է գործնական քայլեր նախաձեռնել։

«Նախևառաջ տարածքային անհամաչափ զարգացումը, որի մասին խոսում ենք, գիտեք, որ ֆինանսավորումը մարզերի, քաղաքների, համայնքների տեղի են ունենում բնակիչների թվով․ ինչքան բնակիչ ունի տվյալ համայնքը, այնքան ֆինանսավորվում է, հետևաբար ինչքան քիչ բնակիչ ունի, այնքան քիչ է ֆինանսավորվում, հետևաբար այդքան աղքատ է, դրա պատճառով քիչ բնակիչ ունի, արտագաղթը բարձր ցուցանիշ է, և հետևաբար ավելի քիչ է ֆինանսավորումը․․․

Այս ամենից դուրս չենք գալիս և ամենաաղքատ շրջաններն ամենաքիչն են ֆինանսավորվում։ Եվ մեր առաջարկը պիտի լինի, այն համայնքները, որոնք աղքատության ցուցանիշներով չեմպիոն են, ֆինանսավորվեն, և այդ ցուցանիշի հիման վրա էլ ավելի շատ, քան մնացած համայնքները»։

Ըստ բանախոսի, Գյումրին իր զարգացվածությամբ պետք է դառնա ամենաառաջավորը, իսկ Գյումրու զարգացումը իրենք տեսնում են աշխատատեղեր ստեղծելով։

Մանե Թանդիլյանն անդրադարձավ նաև Գյումրու օդանավակայանին՝ ասելով, որ այն լայն հնարավորություն է բացում, եթե դարձնեն ազատ տնտեսական գոտի, այդ դեպքում կլինեն ներդրումներ, կզարգանա բիզնեսը, գյումրեցին կունենան կայուն աշխատանք։ Մանե Թանդիլյանի տեղեկացմամբ, նպաստառուների ամենամեծ թիվն այս մարզում  է։

Վերջինս  ասաց, որ պետք է վերջ դրվեն ճառերին ու կենացներին, իրենք  պատրաստվում են գործնական առաջարկությամբ գործել Ազգային ժողովում։ Ըստ նրա, հինգ տարի հետո պիտի մոռանանք աղետի գոտի գաղափարը, և Գյումրին դառնա մեր երկրի իրապես երկրորդ, առաջատար քաղաքը ու Շիրակի մարզն այլևս «չփայլի» աղքատության ցուցանիշով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930