Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխություն և արտահերթ ընտրություններ

Դեկտեմբեր 02,2018 12:00

Ցանկացած հեղափոխություն, ինչքան էլ կողմնակիցներ և նվիրյալներ ունենա, իր վերջն ու ավարտն ունի: Հեղափոխությունն ավարտվում է, և սկսվում է աշխատելու ժամանակը: Աշխատելու և սովորական կյանքով ապրելու ժամանակը: Հեղափոխության շնորհիվ շատ սովորական քաղաքացիներ նախարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ են դառնում և ստիպված են լինում ապացուցել, որ իրենք ավելի լավն են, քան նրանք, ում իրենք հեղափոխությամբ գահընկեց արեցին և ձեռքներից խլեցին իշխանությունը:

Այսինքն՝ հեղափոխությունը հեղափոխականին ոչ միայն պաշտոն ու արտոնություններ է մատուցում, այլև պարտավորություններ ու  պարտականություններ, և սովորաբար հեղափոխությամբ իշխանության եկածից շատ ավելին են պահանջում, քան նախկինում էին իշխանությունից ու իշխանավորից պահանջում, և սովորաբար, որոշ ժամանակ անց, ժողովրդի կողմից չափազանց սիրված հեղափոխական առաջնորդները կարող են դառնալ նույն ժողովրդի կողմից չսիրված և նույնիսկ ատելի: Այս հանգամանքներն ու նրբությունները հաշվի առնելով էլ միանգամայն տրամաբանական էր, որ հեղափոխականները որոշեցին Ազգային ժողովի ընտրություններն անցկացնել հնարավորինս շուտ՝ հենց այս տարվա մեջ: Որովհետև եկող տարի կարող էր և ուշ լինել: Մինչդեռ այս տարի, ըստ ամենայնի, ամենևին էլ ուշ չէ: Այս տարի, ըստ ամենայնի, Ազգային ժողովի մանդատների գերակշիռ մասը բաժին կհասնի հեղափոխականներին: Համենայնդեպս, շատերն են վստահ, որ այդպես կլինի, ընդ որում՝ թե՛  հեղափոխականներն են այդ կարծիքին, թե՛ հակահեղափոխականներն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը: Ժամանակի հետ, հնարավոր է, հեղափոխության ու հեղափոխականների փայլը զգալիորեն խամրի, և ըստ ամենայնի, նաև էդ հանգամանքն էր պատճառը, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացվեն, ընդ որում՝ ինչքան շուտ, այնքան լավ:

Այդուհանդերձ, անկախ հեղափոխականների ու հակահեղափոխականների շահերից ու ցանկությունից՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն արդեն նաև օբյեկտիվ անհրաժեշտություն էր, որովհետև Ազգային ժողովի քաղաքական «բաղադրությունն» արդեն բացարձակապես չէր համապատասխանում մեր ժողովրդի ու ընտրողների քաղաքական նախասիրություններին, և քանի որ երկրի իրական իշխանությունը պատկանում էր հեղափոխությամբ հաղթանակած Նիկոլ Փաշինյանին ու նրա կուսակցությանը, իսկ գոյություն ունեցող ու գործող Ազգային ժողովում Փաշինյանն ու նրա կուսակցությունն ակնհայտ ու բացարձակ փոքրամասնություն էին, անհրաժեշտություն էր առաջացել, որ երկրում գոյություն ունեցող քաղաքական ուժերի վարկանիշային իրական պատկերն արտացոլված լինի նաև Ազգային ժողովում, իսկ դրա համար իսկապես անհրաժեշտ էին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, ընդ որում՝ անհրաժեշտ է նաև, որ այդ արտահերթ ընտրությունները լինեն հնարավորինս ազատ ու արդար, և ընտրությունների արդյունքները՝ համոզիչ ու անվիճելի,

այլապես Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն իսկապես կլինեն անիմաստ ու անտեղի, որովհետև այս արտահերթ ընտրությունների գլխավոր ու թերևս միակ իմաստն այն է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն իր պատգամավորական բաղադրությամբ իսկապես համապատասխանի մեր ժողովրդի ու ընտրողների քաղաքական տեսակետներին, նախասիրություններին ու պատկերացումներին, և, մեր կարծիքով, այդպես էլ կլինի, որովհետև հեղափոխության շորշոփները մեր կյանքի բոլոր բնագավառներում դեռևս ակնհայտ են, և մեր հասարակության հիմնական մասը դեռևս մեծ հույսեր է կապում հեղափոխության շարունակության և անձամբ հեղափոխության առաջնորդի հետ, և որպեսզի սկսված և հասարակությանը ոգևորած ու խանդավառած հեղափոխությունը շարունակություն ունենա, պետք է հեղափոխությունը խորհրդանշող ու մարմնավորող քաղաքական ուժն այս արտահերթ ընտրություններում  համոզիչ հաղթանակ տանի, և վստահ ենք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն այս արտահերթ ընտրություններում միանգամայն համոզիչ հաղթանակ կտանեն՝ ոչ միայն այն պատճառով, որ ժողովուրդն ու ընտրողների գերակշիռ մասը դեռևս հավատում է հեղափոխությանն ու հեղափոխականներին, այլև այն պատճառով կամ՝ այն բանի շնորհիվ, որ հեղափոխականներն ու անձամբ նրանց առաջնորդը շատ ճիշտ ընտրեցին Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման ժամանակը, որովհետև հեղափոխական ցանկացած ոգևորություն սառչելու պոտենցիալ ունի, և դա նաև հեղափոխականներն ու նրանց առաջնորդն են շատ լավ հասկանում, ու նաև հասկանում են, որ առայժմ հեղափոխական ոգևորությունը մեր ժողովրդի մեջ ոչ միայն չի սառել, այլև, կարելի է ասել, նույնիսկ գագաթնակետին է, և էդ փաստը հնարավոր է և կարելի է հաստատել հենց հիմա՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների միջոցով:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Հեղափոխական/հեղափութիւն »  բառը 32 անգամ գործածուած է այս, մինչդեռ ոչ շատ երկար, յօդուածին մէջ…
     
    Հասկնալի է, քանի որ տակաւին կարիքը կայ համոզելու շատ մը հայեր որ կատարուածը իրօք յեղափոխութիւն էր; իսկ եթէ յեղափոխութիւն չէր, ուրեմն՝ ի՞նչ էր; խօսքս բնաւ կապ չունի որեւէ «դաւադրական տեսութեան» հետ:

    Եթէ այս ամէնը պիտի չբերէ հիմնական ու էական, նշանակալից բարեփոխումներ, կատարուածի միակ իրագործումը կը մնայ՝ ատուած – բայց արդէն մաշած – վարչակարգի մը անհետացումը, եւ նոր ու թարմ վարչակարգի մը հաստատումը.

    Սակայն եթէ վերոնշեալ տարողութեամբ բարեփոխումներ տեղի չունենան, կատարուածը առաջընթաց չէ, այլ, ջահելութեան յատուկ անհամբերութեան պատճառով, սրընթաց վազք… դէպի ետեւղ

    Արդարեւ, յատկապէս երկրին մէջ ժողովրդավարական նորմերու բարելաւման տեսակէտէն, նախկին Ազգային Ժողովը, առաջին անգամ ըլլալով, ունէր – սկսնակ, բայց իսկական եւ խոստումնալից – ընդդիմութիւն ՝ Փաշինյանի գլխաւորած դաշինքով, որ ժամանակի ընթացքին երկիրը պիտի հասցնէր նորմալ ու անվտանգ իշխանափոխութեան: Պարզ է թէ յաջորդը Խորհրդարանը այդքանն ալ պիտի չունենայ: Ասիկա Քայլ Առա՞ջ է, թէ յետքայլ…

    Յոռետեսութեան մեղադրանքը, հաճիք, խնայեցէք գոնէ իմ նմաններուն: Ես Հայաստանի համար շա՜տ ալ լաւատես էի… նախկին վարչակարգերու ժամանակ: Եւ ա՛յն ատեն է որ արժանիք կար լաւատես ըլլալու մէջ: Ի դէմ՝ արցունքներու անսպառ հեղեղին, լալկանութեան լայնատարած հոսանքին, սեփական երկիրը տեւաբար անիծելու ժողովրդային մշակոյթին, հիւանդագին մռայլութեան, անբուժելի դժգոհութեան, ամէն տեղ ու ամէն բանի մէջ միմիայն թանձր խաւարներ տեսնելու հաւաքական դիրքորոշումին: Էն վախն է որ մարիֆետ կ’ուզէր լոյսի շողեր տեսնելու, հաւատք ունենալու՝ Մայր Հայրենիքի ապագային նկատմամբ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31