Լրահոս
Օրվա լրահոսը

Աբիժնիկության և հեղափոխության սահմանը

Դեկտեմբեր 27,2018 13:40

Երկրի խորքը կամ զրույց վարչապետի հետ, մաս 6-րդ (նախորդ մասը՝ կարդացեք այստեղ

Հարգելի պարոն վարչապետ, չգիտեմ, թե Դուք ինչ եք մտածում այս զրույցի վերաբերյալ, կարող եմ միայն ենթադրություններ անել, բայց հեղափոխական ֆեյսբուքահայության ներկայացուցիչներից մեկը այն անվանել էր «աբիժնիկություն»: Հանրային ընկալումների այսօրվա փոթորկոտ դաշտին բնորոշ որակում՝ վիրավորանքով համեմված:

Բայց Դուք, որ խոսքի ազատության, արդարամտության ու բացախոսության դրոշակը բռնած՝ քայլել եք բազում փորձությունների միջով ու դարձել եք երկրի ղեկավար, համոզված եմ, շատ լավ եք հասկանում ինձ: Դուք հայ ժողովրդի հնամենի պատմության մեջ մի խզված ձայնով, մի վիրավոր ձեռքով անկասելի բանակ հավաքելու բացառիկ օրինակ ցույց տվեցիք:

Բայց դառնանք մեր այսօրվա զրույցի գլխավոր թեմային՝ աբիժնիկությունից հեղափոխություն մեկ ոտնաչափ հեռավորությանը:

Լինելով հայոց լեզվի հավատավոր կրողն ու պաշտպանը՝ մտածում էի, թե հայերեն ո՞ր բառը կփոխարինի ռուսերենից փոխառնված «աբիժնիկություն» հասկացությանը, որովհետև վիրավորվածությունը չի կրում այդ բացասական իմաստը: Մինչ լեզվի կոմիտեն կառաջարկի համարժեք բառ՝ ես ստիպված եմ օգտագործել այս անցանկալի օտար բառը, որը խոսակցական լեզուն յուրացրել ու մարսել է:

Այս հասկացությունը, կարծում եմ ծնունդ առավ, երբ թշվառության սահմանին հասած ժողովուրդը դուրս եկավ Լևոն Տեր Պետրոսյանի հրամցրած համազգային ըմբռնում հասկացության դոզայից: Այն, որ ժողովուրդն ըմբռնումով էր վերաբերվում պատերազմական իրավիճակի, երկրաշարժի, շրջափակման, Խորհրդային երկրի փլուզման հետևանքներին՝ դա հերոսություն էր և անհրաժեշտություն: Եվ խորին խոնարհումով պետք է վերաբերվել մեր դիմացկուններից դիմացկուն ու կենսունակներից կենսունակ ժողովրդին: Բայց չգիտեմ, կատարվե՞լ է արդյոք բազմակողմանի վերլուծություն հասկանալու համար, թե որոնք էին այն սխալները, որոնց բացառման արդյունքում ժողովուրդը սրությամբ չէր կրի այն անմարդկային տառապանքները, որ կրեց խավարի ու ցրտի, ըմբռնման տարիներին: Երևի իմաստուն, գիտնական ղեկավարը շատ խորն էր ուսումնասիրել ժողովրդին կառավարելու հոգեբանական գիտությունները… Գուցեև սխալվում եմ, և պատճառն այլ էր, օրինակ՝ կադրային ապաշնորհ քաղաքականությունը՝ «պոլի փետ, բայց միայն ՀՀՇ ական» բանաձևով, այլ կերպ ասած կառավարումից անտեղյակ կառավարիչների գործոնը, որի իներցիան, չգիտեմ մինչև ուր է հասնելու: Իսկ գուցե Խորհրդային Հայաստանի հարուստ ունեցվածքը՝ հզոր տեխնիկա-տնտեսական ռեսուրսների ոչնչացումն ու արտահո՞սքը երկրից: Զավակների համար հացի պատառ ու վառարանի տաշեղ որոնող, ժողովրդի աչքի առաջ սկիզբ առած թալանն ու անարդարությու՞նը: Ինչպես ժամանակին պատկերավոր բնորոշվեց, «ոչ թե հողը՝ ժողովրդին, այլ ժողովրդին հողի հանձնելու» անշրջահայաց ու անհետևողական սեփականաշնորհման գործընթա՞ցը:

Չգիտեմ, Ձեր գրքում տվե՞լ եք այս հարցերի պատասխանը, բայց լինելով Լևոն Տեր Պետրոսյանի կողքին ՝ վստահ եմ, շատ ավելի լավ գիտեք պատասխանները: Կարծում եք նրա «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածը, պարբերաբար վեհատեսիլ հայտնությունը քաղաքական ասպարեզում ու տրամաբանության մագիստրոսի իմաստությամբ գրած նոր հոդվածները տալի՞ս են իմ՝ շարքային քաղաքացուս հարցերի պատասխանը: Այդ ամենը կամ ձեր գիրքը կտա՞ն իմ հաջորդ հարցի պատասխանը: Ինչ եք կարծու՞մ, որն է երկրում ծայր առած անարդարության ակունքը, և ով պետք է օրորոցում խեղդեր կոռուպցիա, ամենաթողություն, կեղեքում ու այլ գլուխներով հրեշին, որի ահագնացած ու անտեսանելի ստվերի դեմ դուք փորձում եք պայքարել այսօր:

Պարոն վարչապետ, ևս երկու հարց. ո՞րն էր ըմբռնման թմբիրից ժողովրդի արթնացման պահը և համատարած աբիժնիկության խորը զգացողությունը. 96-ի ու դրան հաջորդած բոլոր մյուս կեղծված ընտրություննե՞րը, հոկտեմբերի 27-ը, մարտի մե՞կը, թե՞ ապրիլյան հեղափոխությունը: Արդյոք աբիժնիկ հասկացությունը ներառո՞ւմ է հուսալքություն, հիասթափություն, դառնություն, անարդարության զգացողություն, անորոշություն, հզոր պետությունների ֆորպոստ լինելու դառը զգացողություն ու այլ հասկացություններ:

Երևի Լևոն Տեր Պետրոսյանի հռչակած համազգային ըմբռնման տարիներին պիտի տեր կանգնեինք մեր նվաճած անկախությանը, ու չպիտի թույլ տայինք, որ մեր երակներում թունդ առած Սասունցի Դավթի արյունը պղտորվեր ստրկամտության նոր բանաձևով, որ մատուցվեց իբրև ըմբռնում:

Չպիտի յոթ պորտով ըմբռնումով շալակեինք անիմաստ պետական պարտքերի անտանելի բեռը: Չպիտի թողնեինք, որ գիտուններն ու իմաստունները իրենց տեղը զիջեին համբակներին՝ ինչպես կասեր Ջիվանին:

Վերջապես մենք մեր պատմությունից դասեր առնելո՞ւ ենք, թե՞ ոչ:

Հեղափոխություն սկսելուց առաջ Դուք կամ ձեր քաղաքական ուժի որևէ ներկայացուցիչ արդյոք վերլուծե՞լ էր նախորդ բոլոր իշխանությունների առանցքային սխալները, դրանց դասերը և եզրակացություն էր արվել:

Պարոն վարչապետ, երեկ, երբ «168 ժամ» թերթում կարդացի հայոց Վաղարշակ արքայի անունը կրող, «Իմ քայլը» դաշինքի նորընտիր պատգամավորի՝ Սփյուռքի նախարարի օգնականի դառը հումորը՝ երեք անգամ Հայր մերը ուղղեցի առ Աստված, որ հանկարծ նոր կառավարության բանաձևն էլ չդառնա ա՚յդ հումորը: Իր ու նախարարի անունից պատասխանելով իրենց ճակատագրի մասին լուծարվող նախարարության աշխատակիցների հարցին՝ ասել էր. «Մենք դարձանք պատգամավոր, դուք մնացիք բորտին»: Աստված մի արասցե այնքան խանդավառ, սիրով ու հպարտությամբ Ձեր թիմին վստահած ու Ձեզ իշխանություն փոխանցած ժողովուրդը մի օր չմնա բորտին: Վաղարշակի տեսակի հայտնվելը խորհրդարանում՝ կասկածի տեղիք է տալիս:

Իմ հարևան-բարեկամների, ծանոթների ու անծանոթների շրջանակում հիասթափվածների ու աբիժնիկների քանակը թվաբանական պրոգրեսիայով է աճում: Դատելով լրահոսից՝ երկրաչափական պրոգրեսիայով աճում է պաշտոններ, մանդատներ, կարգավիճակներ ստացած որոշ հեղափոխական դրոշակակիրների ոգևորությունն ու ինքնավստահության անհող ավելցուկը: Այդ ոգևորությունը հանկարծ չբարձրանա մինչև իններորդ ալիք:

Պարոն վարչապետ, տեսնում եմ, որ Ձեր համար շատ կարևոր է հայրական բնազդը, թիմին ու ի սփյուռս աշխարհի Ձեզ սատարած ժողովրդական ուժերին ցանկացած պարագայում պաշտպանելու, նրանց թիկունքին կանգնելու աներեր սկզբունքը և դա այնքա՜ն հայեցի է: Բայց հավատացեք, որ այդ սկզբունքը կարող է վտանգավոր դառնալ ճիշտ այնպես, ինչպես պապիկ-տատիկներն են մայրական-հայրական դաստիարակությունից պաշտպանում թոռնիկներին: Պարոն վարչապետ, չեք կարծում, որ նաև Ձեր այդ սկզբունքը ուղիղ կապ ունի սոցիալական ցանցերում վիրավորանքի տարափի հետ:

Վստահ լինելով, որ որևէ մեկից չեմ խլի ժողովրդին դիմելու իրավունքը՝ իմ ընտրած պրոֆեսիոնալ լրատվամիջոցի, և իմ համեստ լսարանի շրջանակներում ուզում եմ դիմել հայությանը՝ մասնավորապես ֆեյսբուքահայությանն ու հատկապես հայրենիքից հեռացած երիտասարդներին՝ Հայկ նահապետի, Տիգրան Մեծի, Լևոն արքայի, Սուրբ «Նարեկի», Անահիտ աստվածուհու ու նաև օտար անուններ կրող ու հայրենիքի ապագայով մտահոգ երիտասարդությանը: Բայց քանի որ հեռավոր Գլենդելից ինձ «կայծակնահար» էր արել Վահագն աստծո անունը կրող երիտասարդը, որը հեռացել է հայրենի Նոր Հաճն գյուղից և հեռավոր Ամերիկայում փափուկ բազմոցի տաք բարձին հենված՝ գնահատական էր տվել ու իմ ֆեյսբուքյան էջում, որտեղ ակնհայտ է, որ առնվազն իր սիրելի մայրիկի տարիքին եմ, ո՚չ ավել, ո՚չ պակաս, իմ հոդվածաշարն անվանել էր հիմարություն ու «Առավոտի» էջերում ծաղկող բանսարկություն: Հետո հորդորում էր ինձ հարգանք ունենալ ընթերցողի հանդեպ, քանի որ վիրավորելով Մխիթարին, ես վիրավորում եմ ընթերցողին: Իհարկե, ես պատասխանեցի նրան գթասիրտ մոր ներողամտությամբ, որը թերացել է իր որդու դաստիարակության մեջ ու չէր սովորեցրել բանավիճել, քաղաքավարի հարց տալ, մոտեցում ու եզրակացություն ներկայացնել առանց վիրավորանքի: Քրիստոնեական հեզությամբ որոշեցի մյուս երեսս դեմ տալով՝ իմ ամերիկահայ դարձած ընթերցողին, պարոն վարչապետ, Ձեր թույլտվությամբ ներգրավել մեր զրույցի մեջ:

Խոստանում եմ այսուհետ արհամարհել և չպատասխանել վիրավորանքներին, փոխարենը սիրով անդրադառնալ ցանկացած քաղաքակիրթ հարցադրման:

Ամենևին չդատելով՝ պիտի ենթադրեմ, որ Վահագնը, երևի գնացել է մեծ՝ ամերիկյան երազանքի ետևից, կամ՝ ինքնահաստատվելու, հարստանալու, մարդավայել ապրելու կամ՝ բոլորովին այլ պատճառով: Իսկ եթե նախորդ իշխանություններից դառնացած աբիժնիկի կարգավիճակով է հեռացել, ուրեմն, արդեն ճամպրուկներն է հավաքում՝ վերադառնալու ու մեզ հետ միասին կառուցելու նոր Հայաստանը: Հայրենիքից ուղարկվող հայրենադարձության ազդակները, հուսանք, տեղ են հասնում ու արթնացնում են այն գիտակցությունը, որ տունը օջախ չէ, և երկիրը՝ Հայրենիք, երբ դատարկ են ու ամայի, որ կարող ես քո հողի վրա մի բրդուճ հաց ու պանիրով ավելի երջանիկ ապրել, քան մի փութ մեղր ու կարագով օտար երկրում: Եթե, իհարկե, քո հողի վրա կարողանում ես վաստակել գոնե պանիրն ու հացը:

Հարգելի Վահագն, ուզում եմ իմանաս, որ ես 88-ին անկախ հայրենիք ունենալու երազանքով մարտնչող ուսանող էի, հետո իմ հոգին ու միտքը աշակերտներին, ուսանողներին նվիրող ուսուցիչ: Հետո՝ հայրենիքից չհեռանալու երդում տված անկախ Հայաստանի քաղաքացի էի: Հետո Խորհրդային և անկախ Հայաստանների ջրբաժանում հայտնված հուսախաբ սերունդ: Հետո ես ըմբռնող քաղաքացի էի, որ դիմացավ բոլոր զրկանքներին: Ես գրապաշտ մայր էի, որ գիրք էի վառում երեխաներիս տաքացնելու համար, չգիտեմ՝ քո մայրը ինչ է վառել: Հետո ես Սփյուռքում հայապահպանությանը նպաստելու երազանքով տարված սկսնակ սփյուռքագետ էի, ու իմ երազանքն ինձ տարավ նորաստեղծ Սփյուռքի նախարարություն: Հետո, չգիտեմ ո՞վ, ինչպե՞ս, բայց ես ինձ սյուն էի զգում այդ նախարարությունում ու կարևոր էի համարում իմ գործը: Հետո տասը տարի ես մասնագիտական գործունեություն իրականացնող քաղաքացիական ծառայող էի, միաժամանակ մեծ, բարեբեր քամու սպասող շնչահեղձ քաղաքացի: Ես իմ Ագռավաքարում փակված Մհեր էի, ում համար քարայրի դուռը բացեց քո սիրելի Մխիթարը, ու ես հասկացա, որ շեղբը հասել է ոսկորին ու ցորենը դարձել է քանց մասուր մի:

Երևի աբիժնիկությունը Փոքր Մհերի ողբերգությունն է, տառապանքն ու սպասումը:

Գիտես, Վահագն, սա հեքիաթ չէ: Ազգանունս Բաղդասարյան է, հորս անունը՝ Սանասար, պապիս անունը Բաղդասար է, մեծ պապիս անունը՝ Սանասարի Մանուկ ու այդպես մինչև Սասունցի Դավիթ: Ափսոս, ինչպես Ռաֆայել Իշխանյանը կասեր, որ իմ անունը Գոհար կամ Ծովինար չէ: Անվան հարցում քո բախտը բերել է:

Հետաքրքիր է, Հայաստանի բնակչությունից ու այդքան էլ արտագաղթածներից քանիսն է աբիժնիկ: Երևի հարցը սխալ ձևակերպեցի, Հայաստանում քանի մարդ կա, որ աբիժնիկ չէ:

Ես ճանաչում եմ պայծառ, լուսավոր մարդկանց, հատկապես անկախության զավակների մի տեսակի, որ կկոչեմ անապատում օազիս կերտող տեսակ, որ հպարտ ու լուռ, առանց միկրոֆոնի, առանց ավելորդ PR-ի իրենց գործն են անում: Քիչ են, բայց նրանք են կրում հայի այն գենը, որը պահել է մեր երկիրն ու մեր մշակույթը: Եվ Հայաստանը զարգացնելու են նրանք, ոչ թե դրոշներ թափահարողներն ու հայհոյողները:

Նրանցից մեկը պատմում էր, որ Քոչարյանի օրոք, երբ իրեն դատել էին օլիգարխիկ մի համակարգի մրցակցող հրաշալի մի նորարարության պատճառով, և բնականաբար այլ «հիմքով»: Դրանից նա ամենևին աբիժնիկ չէր դարձել: Բանտում անցկացրած չորս ամիսները եղել էին նրա կյանքի ամենահետաքրքիր, ստեղծագործական ու արդյունավետ շրջանը, և բանտում էլ ստեղծվել էր նրա ամենահզոր նորարարությունը: Երևի Ձեզ ծանոթ հոգեվիճակ է, պարոն վարչապետ: Ու նա այնպիսի լուսավոր ժպիտով էր պատմում այդ ամենը, կարծես գովազդում էր բանտի կյանքը, զուգահեռաբար պատմելով, թե ինչի միջով էր անցել: Այս երիտասարդն ու նրա տեսակը աբիժնիկ չեն: Բայց ինչ է, ծափահարե՞նք նրանց, ովքեր անարդար դատավճիռ են կայացրել:

Հիմա ես էլ իմ օազիսն եմ կերտում ու խորհում, թե Ի՞նչ արժեք ունի այնպիսի ժողովրդավարության հաղթանակը, որի արդյունքում սեփական դիրքորոշում արտահայտողներին՝ անկախ նրանից որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ են, թե ազատ մտածող անհատ՝ քարկոծում են, անարգում և որի պատճառով իմ ու իմ նմանների զավակները, եղբայրները թույլ չեն տալիս խոսել:

Այսպե՞ս ենք պաշտպանում ժողովրդավարության հռչակած բարձրագույն արժեքը մարդու, քաղաքացու արժանապատվությունը, որը արձանագրված է և՚ մեր Սահմանադրության մեջ, և՚ ազգային բարոյական կոդեքսում:

Այսօր Դուք չե՞ք կարծում, որ Ձեր մեղքի բաժինն ունեք այդ արժեքները վիրտուալ հարթակներում մասսայաբար ոտնահարելու մեջ: Ես համոզված եմ, որ եթե, ինչպես որ հարկն է Ձեր տաղանդավոր հռետորի խոսքով սաստեիք Նիկոլ Փաշինյանի կերպարի հանդեպ պաշտամունքով լցված երիտասարդությանը, հեղափոխական լայնածավալ բազմությանը, որ չհայհոյեն, չանարգեն և վերջապես, չատեն: Չզգուշացնեիք պարականոն ավետարանի խոսքով, որ եթե ատում ես, ակամայից նմանվում ես նրան, ում ատում ես:

Վստահ եմ, Ձեր մի ազդեցիկ լայվը, մի իմաստուն խոսքը, մի սաստող հայրական հայացքը բավական էր: Եվ ես ստիպված չէի լինի ի դեմս Վահագնի դիմել Ամերիկայից Ավստրալիա, Վանքուվերից Կամչատկա տարածված հայ հեղափոխական երիտասարդությանը նման խնդրանքով. Մի հայհոյեք և մի ատեք:

Եվ ուրեմն ինչու չեք անում այդ քայլը: Եթե չանեք, երկիրն ու ժողովուրդը նորից կդառնան համատարած ծափահարությունների գունազուրկ, գազոնային երկիր:

Դուք շատ լավ գիտեք, տարբեր պատճառներով քարայրներից ելնող քա՞նի աբիժնիկ կամ Փոքր Մհեր է պետք, որ մի նոր Սասունցի Դավիթ տանի նրանց կռվի ու հեղափոխության: Եվ ո՞ր սահմանաչափից հետո է աբիժնիկությունից հեղափոխություն դառնում մեկ քայլ, մեկ ոտնաչափ: Երկու՞ հարյուր, երե՞ք հարյուր հազար, թե՞ ավել:

Հարգելի վարչապետ, անհամբեր սպասում եմ Ձեր ամանորյա ուղերձին՝ ակնկալելով լսել սիրո, հանդուրժողականության, համերաշխության կոչ՝ ուղղված ամենուրեք և ամենքին: Կոչ, որը կնպաստի, որ հայ ժողովուրդը միավորվի ու նայի միևնույն ուղղությամբ, այլ ոչ թե տարանջատվի ու այս հրաշագեղ գույների երկրում տառապի դալտոնիզմով:

Էվելինա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Սփյուռքի նախարարության Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31