Լրահոս
Օրվա լրահոսը

Քիշմիրյանները 7-րդ երեխային են սպասում, բայց չգիտեն՝ որտեղ են քնեցնելու

Մարտ 08,2019 17:46

Քիշմիրյանների ընտանիքում 7-րդ երեխային են սպասում: Երեխայի ծնունդը միշտ էլ ուրախություն է պատճառում այս ընտանիքին, սակայն ամեն երեխայի հետ ի հայտ եկող խնդիրներից ծնողները՝ թեւաթափ են լինում: Երեխանները քնելու տեղ չունեն, եղած պայմաններն էլ խոնավ են, ցուրտ ու անհարմար:

Հարություն Քիշմիրյանն իր իննը հոգանոց ընտանիքի հետ Երեւանից տեղափոխվել է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղ՝ ընտանիքի ապրուստը գյուաղտնտեսական աշխատանքով հոգալու համար: Սակայն ինչպես մայրաքաղաքում բազմազավակ ընտանիքին օգնության ձեռք մեկնող չի եղել, այնպես էլ՝ մարզում: Ընտանիքի հայրը՝ Հարություն Քիշմիրյանն ասում է՝ մարզային նախկին իշխանություններին տասից ավել անգամ դիմելուց հետո է միայն ընդամենը 40 հազար դրամ օգնություն ստացել, որպեսզի տանիքը վերանորոգի: Բայց այդ գումարով շինանյութի մի մասը նույնիսկ չի հաջողվել գնել:

«Տանիքը կաթում է, տունը խոնավությունից չի չորանում, երեխաների անկողինները միշտ թաց են»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Հարություն Քիշմիրյանը՝ կառավարության պատասխանատուներին հարց ուղղելով՝ «Ինչո՞ւ է պետությունը տարբեր ծրագրերով խթանում ծնելիությունը, բազմազավակությունը, եթե արժանապատիվ ապրուստի համար պայմաններ չի կարողանում ստեղծել»: Նրա խոսքերով. «Ընտրությունների ժամանակ գալիս, ասում են` քաղաքացի եք, գնացեք ձեր քաղաքացիական պարտքը կատարեք, բայց ընտրվելուց ու նշանակվելուց հետո մոռանում, որ քաղաքացիների առաջ պարտականություններ ունեն»:

Ընտանիքն արդեն որերորդ տարին է բնակարանի համար հերթագրված է: Երեւանի քաղաքապետարան հասցեագրած ընտանիքի դիմումներին տասներորդ անգամ էլ նույն պատասխանն են տվել՝ Երեւանի քաղաքապետարանը ներկայումս իր տրամադրության տակ չունի ազատ բնակարաններ, հանրակացարանային սենյակներ կամ բնակության համար պիտանի տարածքներ:

Իշխանափոխությունից հետո էլ Հարություն Քիշմիրյանը նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանին է դիմել. Նրան պատասխանել է քաղաքապետարանի Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը՝ հորդորելով սպասել. «Ասեց՝ գնացեք սպասեք, երբ կլինի մենք ձեզ կգտնենք: Ինչքա՞ն սպասենք, ոչ ապրուստ ունենք, ոչ՝ առողջություն: Երեխաները մեծանում են առողջական խնդիրներով, ոչ էլ աշխատանք ունենք, որ մեր միջոցներով մեր կենցաղը բարելավենք: Բաղնիք չունենք, օրը մեկ անգամ են ջուրը տալիս»,-ասում է Հարություն Քիշմիրյանը: Ընտանիքն ապրում է նպաստով եւ նրանց հետ բնակվող տարեց մոր թոշակով:

Նրա խոսքով, դիմել է նաեւ «Իմ քայլը» հիմնադրամին, սակայն,  նույնպես, դրական պատասխան չի ստացել:

Նոր Կառավարությունն իր ծրագրում խոստանում է հետեւողական լինել, որպեսզի երեխաների մուտքը մանկատներ կանխարգելվի, արդեն մանկատներում հայտնվածներին էլ ընտանիք վերադարձնի:

Խոստանում է նաեւ նախորդ ժամանակաշրջանում արձանագրված ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով էլ մշակի եւ կյանքի կոչի ծնելիության խրախուսման, երիտասարդ եւ երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր, որոնց շրջանակներում, ըստ անհրաժեշտության, կվերանայվեն նաև գործող ծրագրերը։

Թե արդեն գոյություն ունեցող բազմազավակ ընտանիքների սոցիալական խնդիրները ինչպես պետք է լուծվեն, ծրագիրն այդ մասին լռում է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031