Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Թաեքվոնդոյում յուրայիններ ու ոչ յուրայիններ չկան». Դավիթ Պողոսյան

Ապրիլ 02,2019 21:40

Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան անցած տարվա աշնանից նախագահ չունի: Ֆեդերացիան բաժանված է երկու ճամբարի, որոնցից յուրաքանչյուրը նախագահի իր թեկնածուն ունի: Ներկայիս ղեկավարությունն առաջադրում է Դավիթ Պողոսյանի թեկնածությունը, դժգոհողների թեւը ցանկանում է տեսնել Ահարոն Պապոյանին: Երկուսն էլ նախկին թաեքվոնդոիստ են, երկուսն էլ ներկայումս զբաղվում են գործարարությամբ:

Այսօր Հայաստանի առաջնությանը ներկա էր թեկնածուներից Դավիթ Պողոսյանը: Նա սիրով համաձայնեց զրուցել Aravot.am-ի հետ:

Ինչպես եղավ, որ որոշեցիք առաջադրվել որպես Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահի թեկնածու:

-Երկար տարիներ Վոլգոգրադում զբաղվել եմ թաեքվոնդոյով՝ ունեմ կանաչ գոտի: Առաջարկ ստացել եմ Վարդան Ղահրամանյանից եւ Գեւորգ Դանիելյանից: Եվ քանի որ ցանկանում եմ, որ իմ մարզաձեւը զարգանա Հայաստանում, երկար մտածելով հասկացա, որ կարող եմ իմ ներդրումն ունենալ: Այս անորոշ վիճակից տուժում եմ մարզաձեւն ու մարզիկները:

Ո՞րն է լինելու ձեր ներդրումը:

-Ծրագրերը, դրանց ֆինանսավորումը եւ աստիճանական իրականացումը: Շեշտը դրվելու է մասսայականացման վրա, իսկ դրա համար նոր պայմաններ ու գույք է հարկավոր լինելու: Առաջնային անելիքներից մեկը համարում եմ թաեքվոնդոյի համար հիմնական մարզադահլիճ ունենալը, ինչն այս պահին չկա: Շատ եմ կարեւորում մարզիչների որակավորումը բարձրացնելը: Դրա համար նրանք պետք է ներգրավվեն միջազգային տարբեր ֆորումներում, մասնակցեն ծրագրերի: Անպայման հարկավոր է շատացնել հավաքների քանակը, ընդլայնել դրանց աշխարհագրությունը:

Այդ ամենը կապված է ֆինանսների հետ:

-Անշուշտ, դա ներդրումներ է պահանջում եւ դրանց ճիշտ կառավարում: Այսինքն,  ներդրումներն էլ պետք է ճիշտ կատարել:

Դժգոհող ճամբարն իր թեկնածուն ունի եւ վստահեցնում է, որ նա պատրաստ է ներդնել այնքան գումար, որքան ֆեդերացիային կտրամադրի պետությունը: Դուք այդպիսի քայլի պատրա՞ստ եք:

-Ես պատրաստ եմ ներդնել այնքան գումար, որքանի կարիքը կա խելամիտ ծրագրեր իրականացնելու համար: Իմ ծրագրերը հստակ բաշխված են ըստ տարիների: Կոնկրետ թվեր չէի ցանկանա նշել, սակայն դա կարող է լինել տարեկան շուրջ 5 մլն դրամ:

-Պատրա՞ստ եք միավորել ֆեդերացիան, վերացնել ճամբարների միջեւ բաժանարար գծերը եւ աշխատել բոլորի հետ:

-Ես այդպիսի քայլեր արդեն նախաձեռնել եմ՝ բոլորին առաջարկելով հանդիպել, զրուցել, միասին հասկանալ խնդիրները, գտնել լուծումներ եւ շարժվել առաջ: Թաեքվոնդոյում յուրայիններ ու ոչ յուրայիններ չկան: Դա լավ տեղ չի տանի:  Վստահ եմ՝ բոլորն էլ սրտացավ են: Յուրաքանչյուր մարզիչ, մասնագետ կարող է լավ ու ճիշտ խորհուրդ տալ:

-Իսկ եթե դուք չընտրվեք…

-Կշնորհավորեմ նոր ընտրված նախագահին:

Աշոտ  ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930