Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի շփումների ընդլայնումը որոշակի հույսեր են ներշնչում, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը կարող է առաջընթաց գրանցել: Այս մասին հայտարարել է ԵՄ անվտանգության և արտաքին հարաբերությունների հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում Ադրբեջան-Եվրոպա համագործակցության խորհրդի նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսում:
«Միայն անցյալ շաբաթ մենք ականատես եղանք դրական հանդիպման Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Բարձր մակարդակով շփումների ընդլայնումը և հրադադարի ռեժիմի խախտման զգալի նվազումը մեզ որոշակի հույս են ներշնչում, որ գործընթացը կարող է առաջ շարժվել»,- ասել է Մոգերինին:
Նա նաև նշել է, որ ամուր խաղաղությունից կշահեն ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիները, այլև այդ երկրների սահմաններից դուրս, քանի որ դա հնարավորություն կտա տարածաշրջանին ռեալիզացնել իր ներուժը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































