Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է Վանեցյանը պայքարելու ֆեյքերի ու կեղծ լուրերի դեմ

Ապրիլ 04,2019 17:17

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետ Փաշինյանի հանձնարարությունը՝ հակահարված տալ կեղծ օգտատերերին՝ ֆեյքերին եւ մամուլում ֆեյք լուրերին, իրականացնելու է զգուշությամբ: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պրն Վանեցյանը:

Այսօր կառավարության նիստին Փաշինյանը ԱԱԾ տնօրենին հանձնարարեց «պայքար» սկսել կեղծ օգտատերերի եւ կեղծ լուրերի դեմ: Փաշինյանն ասել էր՝ «Այո, մեր երկրում խոսքի եւ տեղեկատվության ազատությունը երաշխավորված է: Բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում, հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է»:

Լրագրողները Վանեցյանից հետաքրքվեցին՝ ինչպե՞ս են պարզելու լուրերի մանիպուլյացիան եւ արդյոք նման իրավական կարգավորում կա: ԱԱԾ տնօրենն ասաց, որ այդ պայքարը պետք է լինի շատ զգույշ, մտածված, եթե գրառումներն անի ֆեյք, թե սովորական անձ, չլինի հանցակազմ, այդտեղ իրավապահ մարմինները որեւէ գործունեություն իրականացնելու առիթ չեն ունենա:

Ըստ Վանեցյանի՝ եթե գրառման մեջ հանցակազմ կա, այդ դեպքում ԱԱԾ-ն եւ մյուս բոլոր իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել եւ իրականացնել համապատասխան միջոցառումներ, որպեսզի կանխեն եւ բացահայտեն այդ հանցագործությունը:

Ինչ վերաբերում է մանիպուլյացիաներին, ապա Վանեցյանն ասաց՝ մանիպուլյացիան այն է, որ արտահայտությունները կամ գրառումները, այն թեմաները, որոնք տարածում են սոցցանցերում անանուն օգտատերերը, կարող են հասարակության շրջանում բերել այնպիսի տրամադրությունների, որոնք կարող են հանգեցնել ինչ-ինչ հետեւանքների. «Ես հիմա չեմ ուզում մտնել այդ բառախաղի մեջ, բայց հավաստիացնում եմ, որ այդ գործընթացը կատարվելու է շատ ուշադիր, շատ զգույշ, որեւէ դեպքում չի վնասվելու խոսքի ազատությունը»:

Իսկ թե ինչպես է պայքարելու, ԱԱԾ տնօրենն ասաց, որ այս պահին պատրաստ չէ հարցին պատասխանել. «Տեսաք, որ նոր տեղի ունեցավ այդ խոսակցությունը, հարցերը նոր առաջացան, այդ իսկ պատճառով թողեք, որ մի քիչ ուսումնասիրենք եւ բոլոր հուզող հարցերին կպատասխանենք»:

Վանեցյանը հիշեցրեց Փաշինյանի խոսքերը՝ խոսքի եւ տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, աշխատանքները պետք է կատարվեն այնպես, որ հանկարծ վնաս չհասցվի խոսքի ազատությանը. «Դա մեզ համար ամենակարեւոր սկզբունքն է, որին հետեւելու ենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930