Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուկայի ազատականացումը ոչ մի բանի էլ չի բերել. գնային «ստատուս քվոն» չի փոխվել, բենզինն ու բանանը կրկին թանկացել են»

Մայիս 06,2019 18:20

«Առեւտրային ցանցերը գոյացել են տասնամյակների ընթացքում, այդ շղթաները վերահսկվում են՝ ներկրման մենաշնորհ, արտադրության մենաշնորհ: Բիզնեսի հաջողությունը պայմանավորված է եղել իշխանության մաս կազմելով, իշխանության մեջ լինելով, իսկ տնտեսական մենաշնորհները ածանցյալ են եղել քաղաքականին»,-այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանն՝ անդրադառնալով այն խնդրին, որ առեւտրային ցանցերի սեփականատերերը նաեւ խոշոր ներկրողներ են եւ շուկայում, ըստ էության, գին թելադրող:

Ինչ վերաբերում է ներկա իրավիճակին, ապա Մարգարյանն ասաց. «Սոցիալական նշանակություն ունեցող բոլոր ապրանքների՝ ալյուր, ցորեն, շաքարավազ, ձեթ, ընդեղեն, վառելիք, շաքարավազ եւ այլն, եղել են բարձր կենտրոնացված ու մենատերերը չարաշահել են իրենց դիրքերն՝ ունենալով որոշակի «դաբրոներ»: Հիմա տեսնում ենք՝ խոշոր ցանցերի սեփականատերեը, որոնց մի մասը նաեւ ներկրողներ են, շղթաները փակ են պահում»:

Տնտեսագետի կարծիքով՝ հետհեղափոխական շրջանում մեր երկրի տնտեսությունում որոշ վերադասավորություններ են լինում. «Ռեսթարթի պրոցես է: Որոշ գործարարներ նախկինների ժամանակ շատ լավ են զգացել, այսօր էլ շարունակում են իրենց ընթացքը: Սկզբունքորեն բոլորը կարող են շաքարավազ, ցեմենտ եւ այլ ապրանքներ ներկրել, բայց շուկայի ազատականացումը ոչ մի բանի էլ չի բերել, որովհետեւ գնային «ստատուս քվոյի» փոփոխություն չի եղել: Բենզինի գինը մեկ փոխվեց՝ 480-490 դրամ էր, իջավ 420 դրամ դարձավ, բայց այս օրերին գների սողացող որոշակի բարձրացում կա»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ատոմ Մարգարյանն անդրադարձավ նաեւ ավիավառելիքի շուկային, այստեղ էլ, ըստ նրա, ոչինչ չի փոխվել, կրկին մենաշնորհ է: Նաեւ սրանով է պայմանավորված, ինչպես տնտեսագետն ասաց, ավիատոմսերի բաձր գներն ի տարբերություն հարեւան Վրաստանի. «Հայաստանից ահռելի ուղեւորահոսք կա դեպի Վրաստանի օդանավակայան: Մեզ մոտ ավիատմոսերն 60-80 % թանկ են, բայց համակարգերը գրեթե նույնն են: Ինչո՞ւ է այդպես, որովհետեւ ավիավառելիքի մենաշնորհ կա եւ կոռուպցիա: Մարդիկ իրենց բիզնեսը կառուցել են  կոռուպցիայի կանոններով»:

Մանրամասն՝ տեսանյութում

Քննարկմանը ներկա «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն էլ նկատեց՝  երբ կառավարությունը հայտարարում է, որ ասենք՝ շաքարավազի շուկայում Սամվել Ալեքսանյանի գերիշխող դիրքի մասնաբաժինը 97%-ից իջել է 75%-ի, որքանո՞վ ենք վստահ, որ այդ 22%-ը այլ տնտեսվարողներն են, այլ ոչ թե նույն «Ալեքս հոլդինգի» սեփականատերը. «Կասկածում եմ, որ այդ մարմինները այդպիսի վիճակագրության տիրապետեն, թե որքանով է դիվերսիֆիկացվել շուկան, գները փոխվեցի՞ն, թե՝ ոչ: Եթե՝ ոչ, ուրեմն՝ կան ներքին կոռուպցիոն մեխանիզմներ, ուրեմն՝ օլիգոպոլիկ պայմանավորվածություններ կան: Եթե մենաշնորհներից վերացնում ես, բայց գալիս են օլիգոպոլիաները, դրանից շարքային քաղաքացիների կյանքը չի բարելավվի»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ասուլիսին ներկա տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ նկատեց՝ խաղի կանոնները փոխեցին, բանանի գինը մի քիչ նվազեց, հիմա նորից բարձրացել է:

«Այն, ինչ տեղի ունենում մրցակցային շուկայում, այդպես էլ պետք է լիներ: Սամվել Ալեքսանյանը չէր կարող հրաժարվել, «Քեթրինի» Միհրանը չէր կարող հրաժարվել գերիշխող դիրքից: Իսկ հիմա Ալեքսանյանի փոխարեն ուրիշ մարդ կա՞ »,-ասաց Խաչատրյանը, հիշեցնելով՝ շաքարավազի գործարանի մասին խոսելիս վարչապետն էլ հայտարարեց՝ իր տեղեկություններով այդտեղ «փայ» ունի Սամվել Ալեքսանյանը:

Այդուհանդերձ, տնտեսագետը գտնում է՝ կա քաղաքական կամք ու դրա դրսեւորումներն էլ կան.«Բայց որքանով կարտահայտվեն տնտեսության մեջ, խնդիր է»:

Տեսանյութ

Ատոմ Մարգարյան էլ նկատեց՝ ապահովագրական ընկերությունների ծառայությունների սակագներն արդյոք մրցակցային են, արդյոք գները մենաշնորհային չեն եւ գերշահույթներ չեն ստանում.«Ես կասկածում եմ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Բանախոսների կարծիքով՝ կառավարությունը պետք է ամբողջ տեղեկությունները թափանցիկ ներկայացնեն՝ ովքեր են ներկրողները, ինչ մասնակցություն ունեն, ինչ գնով են ներմուծում կամ իրացնում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031