Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն բեմում, որտեղ ելույթ եմ ունեցել, մարդիկ հիշել են հորս». օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյան

Հուլիս 06,2019 17:38

Հուլիսի 10-ին Հասմիկ Գրիգորյանն Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա համերգով (դիրիժոր՝ Կոնստանտին Օրբելյան). ծրագրում՝ Շտրաուս, Չայկովսկի, Պուչչինի, Արմեն Տիգրանյան… Համերգը նվիրված է երգչուհու հոր՝ անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի հիշատակին:

«Այդ համերգն ինձ համար շատ կարեւոր է: Այս երեք տարիներին իմ բոլոր ելույթները նվիրել եմ հայրիկիս հիշատակին: Ամեն բեմում, որտեղ ելույթ եմ ունեցել, մարդիկ հիշում են նրան: Դա ինձ համար մեծ ուրախություն է, ես նրան այդպես եմ սիրում եւ հիշում: Երբ փոքր էի, նա ինձ ասում էր՝ կյանքը պետք է ապրես այնպես, որ անունդ արտաբերող մարդիկ ժպիտով հիշեն քեզ»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգչուհին:

Հասմիկ Գրիգորյանը նշեց. «Հայաստանն ինձ համար հայրս է, ինձ համար մեծ ուրախություն է այս համերգը հենց Երեւանում կազմակերպելը: Այն Երեւանում, որին այդքան սիրում էր հայրս»: Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը շեշտեց՝ կարեւոր է, որ Հասմիկ Գրիգորյանը ժամանակ է գտել ՀՀ գալու եւ համերգ տալու՝ նվիրված իր տաղանդաշատ հայրիկի հիշատակին. «Նրա հետ շփումից երաժշտական-ստեղծագործական մեծ հաճույք եմ ստանում: Նա հիմա բարձունքի հաղթահարման փուլում է, ինչի համար շատ ուրախ եմ»:

Հավելենք, որ Հասմիկ Գրիգորյանը Միջազգային օպերային մրցանակաբաշխությունում ճանաչվել է 2019թ.-ի լավագույն օպերային երգչուհի: Երեւանյան համերգից հետո նա արտերկրում եւս ելույթներ կունենա:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031