Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյան. «Ամենեւին էլ պարտադիր չէ առողջ ապրելակերպով զբաղվելու եւ օրինակ ծառայելու համար պաշտոնյա լինել»

Հուլիս 23,2019 10:30

YerevanRide ծրագրի մեկնարկի ամենաակտիվ մասնակիցներից էր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը: Aravot.am-ը զրուցեց նրա հետ:

-Սպորտի հետ առնչվում եք միայն առիթների՞ դեպքում:

-Առնչվում եմ շատ, բայց սիրողական մակարդակում: Չեմ ասի մշտապես՝ ծանրաբեռնվածության առումով: Բայց սիրում եմ ակցիաների մասնակցել: Իսկ ակցիաներից առաջ գոնե որոշ ժամանակ առաջ տվյալ մարզաձեւով զբաղվում եմ, որը հետագայում դառնում է սովորություն: Շատ կարեւորում եմ այսօրվա նման ակցիաները, որոնք մեկ անգամ եւս մարդու գիտակցությանն ազդակ են տալիս, որ առողջ ապրելակերպի մի կարեւորագույն մաս համարվում է սպորտով զբաղվելը:

Հեծանիվ վարելը եւ հեծանվով փողոց դուրս գալը բավականին բարդ է: Դասեր քաղեցի ինձ համար, որ դրան պետք չէ մատների արանքով նայել, այլ պետք է լուրջ զբաղվել ոչ միայն սեփական, այլեւ դիմացինի անվտանգության համար:

-Երկու օր է՝ Ազգային ժողովը, ասես, վերածվել է մարզական կազմակերպության. նախորդ օրը Շախմատի միջազգային օրվա առիթով ԱԺ այգում պատգամավորները շախմատ էին խաղում, այսօր դուք եք Երեւանի փողոցներում հեծանիվ վարում: Սպորտը պատգամավորների շրջանում, բացի Արսեն Ջուլֆալակյանից, ընդունվա՞ծ է:

-Որքան տեղյակ եմ, բավականին պատգամավորներ զբաղվում են, ոմանք գնում են լողավազան, մյուսները մարզասրահ են հաճախում: Մի ժամանակ ԱԺ-ի եւ կառավարության միջեւ ֆուտբոլային, բոուլինգի մրցաշարեր էին կազմակերպվում: Բայց դա շատ քիչ է: Իմ կարծիքով առողջ ապրելակերպը շատ կարեւոր է: Ու ամենեւին էլ պետք չէ, որ պաշտոնյա լինես օրինակ ծառայելու համար: Դպրոցներից պետք է սերմանվի առողջ ապրելակերպը երեխաների մեջ՝ սկսած առողջ սննդից, մինչեւ սպորտային պատրաստվածություն: Եվ շատ կարեւոր է, որպեսզի ծնողները որպես այդպիսին օրինակ ծառայեն: Եթե միայն դպրոցում խոսենք եւ կարեւորենք՝ քանի երեխան չի տեսնում վարքային կրկնողություն, չի գնալու դեպի դա:

Մեր մասնակցությունն ակցիային նաեւ ցույց է տալիս սրա կարեւորությունը, որ մենք եւ կարեւորում ենք, մասնակցում ենք եւ սա նաեւ սովորելու մոտիվացիա է: Կոնկրետ իմ համար կարեւոր դաս էր: Ես արդեն կիրակի օրերը պետք է հաճախեմ դասերի եւ հեծանվին առավել լավ տիրապետեմ: Այլ բան է բակում վարելը, միանգամայն ուրիշ բան է փողոցում վարելը: Սա նաեւ վարքագծային օրինակ կդառնա մյուսների համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031