Լրահոս
Օրվա լրահոսը

Կարլո Կոպպոլան` Բարիի հայ զորավարների, Ադրբեջանի ապատեղեկատվության եւ Հրանտ Նազարյանցի մասին

Օգոստոս 23,2019 15:40

Իտալական Բարի քաղաքի «Պուլիայի հայկական ասոցիացիայի» քարտուղար, «Հրանտ Նազարյանց» մշակութային կենտրոնի հիմնադիր եւ ղեկավար Կարլո Կոպպոլան, որ վերջերս է ՀՀ անձնագիր ստացել, Aravot.am-ի հետ ասում է, որ իր տպավորությամբ եւ ուսումնասիրություններից ելնելով` անկախ պատմության վայրիվերումներից, հայերը սովոր չեն ատելու այլոց: Նրա խոսքերով, հայերը սիրով լի ազգ են:

Ինչ վերաբերում է Բարիի հայկական համայնքին, 2001-ից հայկական հարցերով զբաղվող Կոպոլլան ասում է, որ այն Եվրոպայի հնագույն համայնքներից է, եւ իր խոսքերով, հայերի մասին գրավոր աղբյուրները 10-րդ դարին են վերաբերում: Նա վկայակոչում է մի փաստաթուղթ` հայ քահանայի հայերեն գրությամբ, Հովսեփ (Յուսոֆ) Սիմոնի վկայությամբ: Նաեւ հավելում է, որ դիվանագիտական խողովակներով պետք է ամեն ինչ անել, որ փաստաթղթի կրկնօրինակը տրամադրվի Մատենադարանին:

Կարլո Կոպպոլան նաեւ նշում է, որ Բարիի բանակի զորավարներից շատերը հայեր են եղել: Նա ընդգծում է, որ Արմենիս ազգանունը ժամանակին ամենատարածվածներից մեկն է եղել Բարիում:

Իտալացի հետազոտողն անդրադարձավ նաեւ Իտալիա տեղափոխված գրող, հասարակական գործիչ Հրանտ Նազարյանցին, որը ծննդավայր Պոլսից հեռացել էր 1913-ի գարնանը: Ասաց, որ նրա ընտանիքը շատ կարեւոր դերակատարություն է ունեցել Եղեռնից փրկված հայրենակիցների Իտալիա տեղափոխվելու հարցում:

Նազարյանցի հայրը` Տիրանը գործարար էր: Նազարյանց ընտանիքն այստեղ գորգերի գործարան է հիմնել Եղեռնից փրկված հայրենակիցներին աջակցելու համար:

Հրանտ Նազարյանցը ժամանակի ուսյալ մարդկանցից մեկն է եղել, նա կրթություն է ստացել Փարիզում ու Լոնդոնում, ապա վերադարձել Բարի ու աշխատակցել տարբեր թերթերի, նաեւ Բարիի ռադիոյին: Կատարյալ տիրապետելով անգլերենին, ֆրանսերենին եւ իտալերենին, նա ստեղծագործել է, թարգմանություններ կատարել:

«Գրավոր վկայություն կա, որ Դիրան Նազարյանցը 1870 թ տուն է վարձակալել Լոնդոնում»,- ասում է Կոպպոլան: Ապա հավելում, որ Հրանտ Նազարյանցի մայրական կողմը մանկավարժներ էին, իսկ պապիկը առաջին իգական վարժարանի հիմնադիրն էր Կոստանդնուպոլսում:

Իտալացի գրող Ռոբերտո Մարվազիի հետ Հրանտ Նազարյանցը խմբագրել է «Fantasma» ամսագիրը, հրատարակել Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Զարդարյանի եւ այլոց ստեղծագործությունները:

2011 թ. Կարլո Կոպպոլան եւս երկու հոգու հետ հիմնել է «Հրանտ Նազարյանց» մշակութային կենտրոնը: Նախկինում Կոպպոլան քարտուղարն էր, այժմ նախագահը: «2001թ-ից սկսած դա այն մոտիվն է եղել, որով ես ապրում եմ»,-ասում է մեր զրուցակիցը: Նշում է, որ այժմ բոլոր հայագիտական կենտրոնները համատեղել են մեկ ասոցիացիայի մեջ, որ կոչվում է «Պուլիայի հայկական ասոցիացիա». «Ես ասոցիացիայի քարտուղարությամբ եմ զբաղվում, Ռուբեն Թիմուրյանը նախագահն է, հալեպահայ Գեղամ Բոլոյանը փոխնախագահը»:

Ասում է, որ կենտրոնում հիմնականում իտալացիներ են, մի ռումինացի լրագրող ունեն, որը նյութեր է հրապարակում Araratonline պարբերականում:

Իտալիայի ներքին գործերի նախարար Մաթթեո Սալվինիից էլ խոսեց: Ասաց, որ նա ընդհանրապես դեմ է ներգաղթին, սակայն կողմ է հայերին, նաեւ անդրադարձավ Իտալիայի պատգամավորների պալատին, որն ընդունել էր Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը :

Մեր զրույցի ընթացքում խոսվեց նաեւ ադրբեջանական կողմից Հայաստանի մասին տարածվող ապատեղեկատվության եւ հակահայ քարոզչության մասին: Կարլո Կոպպոլան ասաց, որ իր աշակերտների հետ հաճախ է խոսում հայկական հարցերի մասին, հրապարակումներ է կատարում, դրանք տարածում սոցցանցերում: Ընդգծում է, որ տեղեկատվություն վերցնում եւ իտալերեն է թարգմանում ՀՀ պաշտոնական աղբյուրներից, հատկապես Արցախին եւ հայ-ադրբեջանական թեմային վերաբերողը: «Ադրբեջանի կողմից ապատեղեկատվության այնպիսի մեծ հոսք կա, որ նորմալ մարդիկ էլ են սկսում հավատալ դրան»,-նշում է Կոպպոլան: Նաեւ ասում է, որ իր տպավորությամբ Ադրբեջանի ապատեղեկատվությանը հաճախ համարժեք պատասխան չի տրվում Հայաստանի կողմից, կամ եթե տրվում է, արձագանքը բավականին ուշացած է լինում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը` հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031