Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան. «Եթե պաշտոնյան փաստացի սկսի ավելի ճոխ ապրել, քան իր օրինական եկամուտներն են թույլ տալիս, պետք է քրեական հանցագործություն դիտվի»

Օգոստոս 30,2019 23:13

Այսօր կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստին մասնակցած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գոհ է համագործակցությունից: Aravot.am-ի հետ զրույցում Իոաննիսյանն ասաց՝ նախորդ նիստին իրենց ՀԿ-ի առաջարկությունների զգալի մասն արդեն տեղ են գտել հակակոռուպցիոն ռազմավարությունում եւ միջոցառումների ծրագրում. «Այս առումով հիմնականում գոհ ենք: Հիմնական դժգոհությունն այն էր, որ այս ամենը պետք է լիներ 1 տարի առաջ»:

Նիստից որոշ մանրամասների անդրադառնալով, Իոաննիսյանն ասաց՝ բուն գործընթացն ու այն գործողությունները, որոնք կան ծրագրում, հիմնականում ողջունելի են, կան ոչ մեծ հարցեր, որոնց մասին տարբեր տեսակետներ են հնչել, բայց հիմնական մոտեցումն այն էր, որ թե՛ օրենսդրությունը ե՛ւ թե պետական կառավարման համակարգը դառնան այնպիսին, որ կոռուպցիայի դեմ իրական պայքար լինի՝ թե՛ կանխարգելման, թե՛ պատժի անխուսափելիության առումով:

«Նախորդ իշխանությունների մշակած եւ այսօր գործող օրենսդրությունը ստեղծված է, որ լինի ձեւական, բայց փաստացի կոռուպցիայի դեմ պայքար չլինի: Այս օրենսդրության պայմաններում իրավապահներին էլ շատ դժվար է ինչ-որ բան անել: Այս առումով մեր առաջարկությունները՝ կապված քննչական մարմինների, հայտարարագրման մեխանիզմի հետ, կապված հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի ընտրության հետ, հիմնականում տեղ են գտել ռազմավարությունում եւ գործողությունների ծրագրում»,-ասաց Իոաննիսյանը:

Թե ինչ առաջարկություններ են ներկայացրել օրինակ պաշտոնատար անձանց գույքի հայտարարագրման դեպքում, Իոաննիսյանը մանրամասնեց. «Մենք առաջարկում էինք, որ հայտարարագրման ինստիտուտը փոփոխելիս՝ շեշտը դրվի ոչ թե նրա վրա, որ պաշտոնատար անձանց բարեկամների շրջանակը լայնացվի՝ ովքեր պետք է ներկայացնեն հայտարարագիր, այլ պաշտոնատար անձինք ներկայացնեն փաստացի օգտագործվող գույքի հայտարարագիր եւս: Այսինքն՝ եթե պաշտոնատար անձը վարում է թանկարժեք ավտոմեքենա կամ բնակվում է շքեղ տանը, որն իր անունով չէ գրանցված, էական չէ ում անունով է գրանցված, այդ գույքը պետք է լինի հայտարարագրում եւ նաեւ պետք է նշի, թե ի՞նչ պայմաններում կամ ինչի դիմաց է այդ գույքը տրվել նրան անհատույց օգտագործման: Այս առումով մենք կառավարության հետ առաջընթաց ունեցանք»:

Մյուս առաջարկությունն էլ, ըստ Իոաննիսյանի, ՀՔԾ-ի գործառույթների մասին է. «Նախկինում նախատեսվում էր հատուկ քննչական ծառայությունը լուծարել: Մենք մտավախություն ունեինք, թե ովքեր են քննելու ասենք խոշտանգման գործերը: Այն մարմինը, որը պետք է քննի իրավապահների խոշտանգումներն ու ոչ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները՝ լինի անկախ մյուս իրավապահ մարմիններից: Սրա հետ կապված մեր դիտարկումները եւս տեղ գտան: Մյուսը՝ ԱԱԾ-ն, ըստ էության, պետք է զբաղվի հետախուզական եւ հակահետախուզական գործունեությամբ: Սա եւս տեղ է գտել ռազմավարությունում»:

Իոաննիսյանն ասաց, որ բազմաթիվ այլ հարցեր էլ են ներառվել ռազմավարությունում, բայց նաեւ որոշ մտավախություններ այդպես էլ մնացին եւ եղան տարբեր կարծիքներ որոշ հարցերի շուրջ. «Օրինակ՝ մենք առաջարկում ենք՝ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը ոչ միայն պետք է մրցույթով անցնի, այլ պետք է մրցույթին լրացուցիչ մեխանիզմներ լինեն, որպեսզի աներկբայորեն անցնի ամենաչկոռումպացված, արժանավոր եւ անկախ թեկնածուն, որպեսզի ապահովի կոմիտեի անկախությունը: Սա մասամբ է ընդունվել»:

Aravot.am-ի հարցին՝ պաշտոնատար անձանց գույքի հայտարարագրման դեպքում էլ, երբ կասկածներ են առաջանում, շատերն ասում են, թե՝ ժառանգություն են ստացել տատիկից, քեռին է խոշոր գումար նվիրել եւ այլն, նման դեպքերում ինչպես է ապացուցվելու, որ կոռուպցիայի արդյունքում է ձեռք բերվել այդ ամենը, Իոաննիսյանը պատասխանեց. «Որպես կանոն, կոռուպցիոն հանցագործությունները լատենտ են, չկա տուժող, որը կգա կբողոքի, դժվար է բացահայտել: Այն, ինչ միավորում է բոլոր կոռուպցիոներին, սկսում են ավելի հարուստ ապրել, քան կարող էին ապրել իրենց օրինական եկամուտներով: Ուստի կարեւոր է ապօրինի հարստացումն իրոք լինի քրեորեն պատժելի արարք: Թեեւ 2017 թվից դա քրեորեն պատժելի է, բայց կարգավորումներն այնքան թերի են, որ գործնականում անհնար է լինում նրանց քրեական պատասխանատվության ենթարկել, խուսափելու շատ մեթոդներ կան: Սրա հետ կապված հետաքրքիր քննարկում եղավ՝ ինչպես փակել բոլոր բացերն օրենսդրության մեջ, որպեսզի չկարողանան ապօրինի հարստանալ եւ չկրել պատասխանատվություն: Օրինակ՝ եթե պաշտոնյան փաստացի սկսի ավելի ճոխ ապրել, քան իր օրինական եկամուտներն են թույլ տալիս, արդեն քրեական հանցագործություն լինի, եւ արդեն կրի քրեական պատասխանատվություն, եթե անգամ չապացուցվի, որ դա ձեռք է բերվել կաշառքով կամ կոռուպցիայով է ձեռք բերվել: Սրանից խույս տալու հիմնական մեթոդը, երբ իրենց թանկարժեք գույքը գրանցում են ուրիշների անուններով: Այս առումով, կարեւոր է, որ փաստացի օգտագործվող գույքը հայտարարագրվի, եթե չհայտարարագրի՝ իրավախախտում է, հայտարարագրելուց պարտավոր է գրի ումն է եւ ինչի դիմաց է տվել»:

Հիշեցրեցին՝ պաշտոնյաներից մեկը պնդում էր, որ իր շքեղ առանձնատունը արտերկրում ապրող ընկերն է նվիրել: Իոաննիսյանն արձագանքեց՝ պետք է հստակեցվի բարեվարքության կանոնները. «Բոլորս հասկանում ենք, որ պաշտոնյաների նվերների մեծ մասն իրականում կաշառք են: Սա եւս պետք է հստակեցվի, պաշտոնյան պետք է մանրամասն ներկայացնի՝ ինչի դիմաց է ստացել, ինչ-որ արժեքից բարձր նվերը պետք է անցնի պետությանը: Բայց եթե ինչ-որ պաշտոնյայի հայրն ի սկզբանե միլիոնատեր է եղել ու նվեր է տվել որդուն, սա նորմալ է, բայց եթե նվեր է տվել մեկը, որն օրինակ՝ մասնակցում է պետգնումների մրցույթին, այն էլ այդ պաշտոնյայի գերատեսչության, ուրեմն՝ կա կոռուպցիա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031