Լրահոս
Օրվա լրահոսը

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ՀՌՀ-ի ուսանողներին ներկայացրել է իր հաջողության պատմությունը

Հոկտեմբեր 10,2019 23:45

Հայ-Ռուսական համալսարանի Ֆադեյ Սարգսյանի անվան լսարանում հոկտեմբերի 10-ին՝ ՀՌՀ-ի Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի Կրեատիվ ինդուստրիաների ամբիոնի հրավերով աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը ուսանողներին ներկայացրել է իր հաջողության պատմությունը։

Ներկայացնելով իր անցած ուղին՝ Նարեկ Հախնազարյանը նշել է, որ իր կյանքի տարբեր փուլերում զանազան դժվարություններն հանդիսացել են լրացուցիչ շարժառիթ, ինչպես նաև սովորեցրել են արժևորել ու ճիշտ գնահատել ունեցածը։ «Մենք՝ հայերս, մի վատ բնավորության գիծ ունենք, երբ մեր սեփական արտադրանքից սկսած վերջացած այլ բաներով համարում ենք ամենավատը։ Մինչդեռ ես, ապրելով բազմաթիվ երկրներում, հասկացել եմ, որ, օրինակ, մեր շոկոլադը ոչնչով չի զիջում այլ երկրների արտադրանքներին»,- շեշտել է նա՝ հավելելով, որ սեփական ձեռքբերումների նկատմամբ օբյեկտիվ գնահատականը օգնում է յուրաքանչյուրիս կատարելագործվել և լավացնել սեփական հմտությունները ցանկացած ոլորտում։

Նա պատմել է, որ ֆուտբոլի հանդեպ սերն է իր համար «ճանապարհ հարթել» դեպի արվեստ։ «Երբեք չհավատաք այն ծնողներին, որոնք պատմում են, թե ինչպես են իրենց երեխաները փոքրուց սիրել գնալ երաժշտական ուսումնարան։ Ես էլ վեց տարեկանում սկսել էի սովորել գամմաները, բայց դա այն ժամանակ, դա ինձ համար այնքան տաղտկալի զբաղմունք էր, որ ես թերանում էի և քիչ էի պարապում։ Հայրս գտավ ելք․ նա ասաց, որ եթե ես օրական մի քանի ժամ նվագեմ, ինձ թույլ կտա տղաների հետ ֆուտբոլ խաղալ բակում»,- ասել է Հախնազարյանը՝ շեշտելով, որ շատ շնորհակալ է ծնողներին, որոնք 2000թ․-ին զոհաբերեցին շատ բաներ և իր հետ միասին տեղափոխվեցին Մոսկվա, որտեղ նա շարունակեց իր երաժշտական կրթությունը։

Անդրադառնալով մրցույթներում իր մասնակցությանը՝ նա հիշել է, թե ինչպես էին իրեն՝ սուբյեկտիվ գործոններից ելնելով, հաճախ զրկում մրցանակային տեղերից։

«Երբ 2003թ․-ին Չինաստանում՝ Չայկովսկու անվան մրցույթին, լինելով  հաղթողի իրական հավակնորդ, գրավեցի չորրորդ տեղը ես ու մայրս որոշեցինք պարզաբանել իրավիճակը։ Ժյուրիի անդամներից մեկը մեզ հետ զրույցում պատճառաբանեց, որ «ուղղակի համակարգիչն է սխալ հաշվել որոշ միավորներ»։ Նույն իրավիճակը կրկնվեց 2007-ին, և ես ինքս ինձ խոստացա այլևս չմասնակցել այդ մրցույթին։ Սակայն, 2011թ․-ին Չայկովսկու անվան մրցույթը գլխավորեց Վալերի Գերգիևը, որն ամբողջությամբ «մաքրեց» մրցույթը ոչ պրոֆեսիոնալ տարրերից և ժյուրիի կազմը համալրեց  աշխարհահռչակ բարձրակարգ երաժիշտներով։ Տեսնելով այդ դրական փոփոխությունները՝ ես ինձ չէի ների, եթե չմասնակցեի այդ մրցույթին»,- ընդգծել է Նարեկ Հախնազարյանը՝ հավելելով, որ 2011թ․-ի Չայկովսկու անվան միջազգային երաժշտական մրցույթում հաղթանակն իրեն հնարավորություն տվեց հանդես գալ աշխարհի հայտնի բեմերում։

Խոսելով ամենահիշարժան ելույթի մասին՝ նա հայտնել է, որ այդպիսիք շատ են եղել։ «Ինձ համար մեծ երազանք էր հանդես գալ հանրահայտ «Քարնեգի Հոլլում» և արդեն երկու անգամ հանդես եմ եկել այդ անվանի համերգասրահում: Այժմ իմ առջև նպատակ եմ դրել ամեն տարի հանդես գալ այդտեղ (Նյու Յորքում գտնվող Քարնեգի հոլլն աշխարհի ամենահայտնի համերգային սրահներից մեկն է։ Այդ համերգասրահում հանդես են եկել բազմաթիվ հեղինակավոր երաժիշտներ)»։
Նա նաև տեղեկացրել է, որ նոյեմբերի վերջին Երևանում ելույթով հանդես կգա իր հոր՝ ջութակահար Սուրեն Հախնազարյանի 70-ամյակին։ Հանդիպման ավարտին Նարեկ Հախնազարյանը պատասխանել է ուսանողների հարցերին:

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988թ-ին Երևանում, երաժիշտների ընտանիքում: Սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում` Զարեհ Սարգսյանի դասարանում, ապա Մոսկվայի կոնսերվատորիայում: Համագործակցել և համագործակցում է բազմաթիվ անվանի նվագախմբերի և դիրիժորների հետ: Համերգներով հանդես է գալիս տարբեր երկրներում: 2012-13թթ.-ի համերգաշրջանում Հախնազարյանն առաջին անգամ ելույթ է ունեցել Rotterdam Philharmonic-ի, London Philharmonic-ի, BBC Scottish Symphony Orchestra-ի, Filarmonica della Scala-ի և բազմաթիվ այլ հեղիանակավոր նվագախմբերի հետ: Washington Post-ը նրան բնորոշել է որպես «ֆենոմենալ թավջութակահար, ով ներխուժել է միջազգային ասպարեզ՝ 2011թ.-ին նվաճելով Չայկովսկու անվան մրցույթի առաջին մրցանակը և ոսկե մեդալը»:

Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում և այլուր: 2013թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, 2017թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ՀՌՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031