Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27-ի բացահայտմանն ուղղված քայլեր չեմ տեսնում». Անահիտ Բախշյան

Հոկտեմբեր 25,2019 21:44

«Ընդհատումը վերջ չէ». Յուրի Բախշյանին նվիրված ֆիլմն անվանված է հենց նրա խոսքերով: Հոկտեմբերի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում տեղի ունեցավ ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Վարդ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում պատմեց. «Վերնագրի շուրջ բավականին քննարկումներ ունեցանք. ուրիշ վերնագրեր էինք ուզում, բայց ի վերջո գերադասեցինք Յուրի Բախշյանի խոսքից այս տողն օգտագործել որպես վերնագիր»:

Խոսելով ֆիլմի ուղերձների մասին՝ ռեժիսորն ասաց. «Մի ուղերձն այն է, որ մենք հասարակական հիշողությունը արթնացնենք, որոշակի առումով դիմադրություն ձևավորենք 20 տարի անց՝ հոկտեմբերի 27-ի շուրջ և Յուրի Բախշյանի հիշատակն այդ ֆիլմով որոշակի առումով նշանավորենք: Եթե այս երկու ուղերձները տեղ հասցնենք, երջանիկ կլինեմ»:

Վարդ Սիմոնյանի տեղեկացմամբ՝ ֆիլմը ներկայացնում է հոկտեմբերի 27-ի քաղաքական երեսն ու, ընդհանուր առմամբ ամփոփում  կենսագրությունը: Ըստ նրա՝ կան բաներ, որ հասարակության լայն շրջանակներ չգիտեն: Ռեժիսորը մանրամասնեց. «Մասնավորապես Յուրի Բախշյանը որպես երդվյալ անկախական, և ի վերջո հոկտեմբերի 27-ն էլ քաղաքական իմաստով հարված էր, գնդակահարություն հենց անկախությանը: Հետաքրքիր բան է ստացվում. նա 14 տարեկանից անկախական է եղել, և դրանից հետո հենց անկախության համար էլ գնդակահարվեց: Այդ օրը ՀՀ-ն գնդակահարվեց, անկախությունը գնդակահարվեց  և դրա համար էլ իր կերպարը շատ խորհրդանշական է»:

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Հոկտեմբերի 27-ին զոհվածների ընտանիքները, Յուրի Բախշյանի հարազատները և ընկերները, Դերենիկ Դեմիրճյանի որդի Ստեփան Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը և այլք:

Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանն ասաց, որ Վարդ Սիմոնյանի հետ համագործակցությամբ իրենց հաջողվել է ամբողջացնել Յուրի Բախշյանի համեստ կերպարը. «Ինքը համեստ մարդ էր, և այս ֆիլմը ծայրից ծայր Յուրա չէր, այլ դատավարություն, հոկտեմբերի 27, պահանջ: Անցած 20 տարվա ընթացքում մեր ուղեղներում, սրտերում ինչ կա, դրել ենք այնտեղ, իհարկե, Վարդ Սիմոնյանի հզոր գրիչով և երևակայությամբ»:

Լրագրողների հարցին՝ հավանական համարո՞ւմ է, որ Նաիրի Հունանյանը կարող է տալ Ռոբերտ Քոչարյանի անունը, Անահիտ Բախշյանն ասաց՝ չեմ կարող ասել. «Չգիտեմ՝ հավանական է դա, թե՞ ոչ: Չեմ ուզում ոչ ադեկվատ մարդու տեղն ինձ դնել ու պատասխանել»: Մյուս հարցին՝ հոկտեմբերի 27-ի բացահայտումը կսկսե՞ն այս իշխանությունները, Անահիտ Բախշյանն այսպես արձագանքեց. «Կսկսե՞ն, թե՞ ոչ, այդ հարցն էլ պիտի տաք: Արդյոք հոկտեմբերի 27-ի անջատված մասով գործը կվերաբացվի՞, թե՞ ոչ: Ինչու եմ հարցական ասում, քանի որ բազմաթիվ հանգամանքներ են եղել. տարբեր մարդիկ նոր փաստեր են ասել, բայց ոչ դատախազությունն է, դրանով զբաղվում, ոչ ՀՔԾ-ն: Գերագույն խորհրդի պատգամավոր Տարոն Սահակյանը ծայրից ծայր նոր փաստեր է ասում, դիմել է ԱԺ, որ լսումներ կազմակերպվեն հոկտեմբերի 27-ի գործով, պատասխանել են՝ ի գիտություն ենք ընդունում Ձեր նամակը»:

Անահիտ Բախշյանն այս պահին Հոկտեմբերի 27-ի բացահայտմանն ուղղված քայլեր չի տեսնում: Ըստ նրա՝ կառավարությունը դանդաղում է, գուցե կան օբյեկտիվ պատճառներ, քանի որ մարտի 1-ի գործն է զուգահեռ գնում: Անահիտ Բախշյանը, սակայն, հիշեցրեց, որ «Իմ քայլի» նախընտրական ծրագրում Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի գործերի բացահայտումն է նշված, ինչն անընդհատ հիշեցնելու են և ըստ տիկին Բախշյանի՝ դրանից ուժեղ փաստարկ, որ հոկտեմբերի 27-ը պիտի բացահայտեն, չկա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031