Այսօր ԱԺ-ում պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը խոսեց բանակում ինքնասպանությունների դեպքերի մասին:
Լրագրողները հետաքրքվեցին՝ ՊՆ-ն չի՞ պատրաստվում փոքր տարիքից երեխաների հետ կրթական աշխատանք ունենալ, որպեսզի վաղ տարիքից հատկապես տղա երեխաների մոտ համակեցության հոգեբանություն ձեւավորվի: Պարզվեց՝ ՊՆ-ն քննարկում է նման ծրագիր:

Հարցին, թե ո՞ր դասարանների համար է դա նախատեսվում, ո՞ր տարիքի երեխաների համար՝ Բալայանը պատասխանեց, որ հիմա դա են քննարկում, թե տարիքային որ շեմից դա սկսեն, պարտադիր չի, որ ավագ դպրոցի աշակերտների համար լինի:
Կարդացեք նաև
Գաբրիել Բալայանն ասաց, որ եթե որոշումն ընդունվեց, ծրագիր պետք է կազմեն, նոր իրականացնեն: ՊՆ փոխնախարարը նշեց, որ մասնավոր դպրոցներ կան, որ իրենց նախաձեռնությամբ, ՊՆ-ի օժանդակությամբ դա իրականացնում են. «Մենք ունենք այդպիսի փորձ, իրենք ամառվա ժամանակահատվածում իրենց բազան են ստեղծել: Մի ամիս առաջ զինվորի հետ էի խոսում, որն այդ դպրոցն էր ավարտել, ասում էր, որ ամառային ճամբարում ավելի բարդ էր կենցաղը վարելը, քան զորամասում»:
Մենք ճշտեցինք՝ դա հիմա փորձում եք տարածել հանրակրթական բոլոր դպրոցների վրա՞՝ Բալայանը պատասխանեց, որ հիմա քննարկում են, թե ինչքանով է դա նպատակահարմար. «Կա հասարակության որոշակի շերտ, որը միգուցե բացասաբար արտահայտվի, ասեն՝ երեխաներին արձակուրդ են տալիս, բայց բոլոր դեպքերում ստիպում են երեխաներին, որ գնան մասնակցել թեկուզ ֆակուլտատիվ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































