Լրահոս
Օրվա լրահոսը

Երջանկության քիմիական բանաձևը՝ սերոտոնին

Նոյեմբեր 17,2019 23:00

Սերոտոնինը մարդու օրգանիզմի հիմնական նեյրոմեդիատորներից մեկն է, համարվում է կենտրոնական նյարդային համակարգի ակտիվ գործունեության խթանիչ։ Պատահական չէ, որ այն նաև անվանում են «երջանկության հորմոն», «լավ տրամադրության հորմոն», «հաճույքի հորմոն» և այլն, քանի որ սերոտոնինը մարդկանց մեջ վառ է պահում ապրելու ձգտումը, եռանդը, ակտիվությունը, սիրելու եւ այլ ցանկությունները։

Ինչպես հայտնի է, նեյրոմեդիատորները քիմիական նյութեր են, որոնց միջոցով նյարդային բջիջների միջև կամ նյարդային բջիջներից մկաններին իմպուլսներ են փոխանցվում։

Սերոտոնինը կարգավորում է այդ իմպուլսների ակտիվությունը՝ օրգանիզմին «դրդելով» դիմել այս կամ այն գործողության՝ ուրախանալ, ժպտալ, ծիծաղել, ակտիվություն ցուցաբերել և այլն։ Որպես կանոն՝ սերոտոնինի կանոնավոր աշխատանքով ապահովվում է մարդու էմոցիոնալ կայուն վիճակը։

Սերոտոնինն արտադրվում է օրգանիզմի կողմից, ընդ որում դրա սինթեզը տեղի է ունենում․

  • Գլխուղեղի կոնաձև գեղձում (5-20%),
  • Մարդու աղիքներում (80-95%)։

Զարմանալի չէ, որ Աղեստամոքսային տրակտի հիվանդություններից տառապող մարդիկ ավելի են հակված դեպրեսիվ իրավիճակների։ Մարսողական համակարգի ցանկացած հիվանդությունը հանգեցնում է օրգանիզմում սերոտոնինի մակարդակի նվազման։

Օրգանիզմում սերոտոնինի անբավարարությունը առաջացնում է․

  • ընդհանուր թուլության,
  • վատ տրամադրություն,
  • դեպրեսիա,
  • աշխարհի՝ խեղված (բացասական) ընկալում,
  • մտավոր ակտիվության նվազում,
  • սեռական անկարողություն,
  • աղեստամոքսային տրակտի խանգարումներ,
  • քաշի ավելացում,
  • արյան մակարդելիության նվազում,
  • ցավային զգացողությունների սրացում,
  • կրծքով կերակրող մայրիկների մոտ մայրական կաթի նվազում։

Սակայն օրգանիզմում սերոտոնինի ավելցուկը նույնպես ոչ մի լավ բան չի խոստանում․ այն կարող է հանգեցնել՝

  • գլխապտույտի,
  • անքնության,
  • քաշի կտրուկ նվազման և այլն։

Սակայն շատ ավելի հաճախ նկատվում է սերոտոնինի անբավարարություն և ոչ թե հակառակը։ Պատահական չէ, որ մեր ժամանակներում ավելի ու ավելի շատ մարդիկ են ենթարկվում դեպրեսիայի բացասական ազդեցությանը՝ երբեմն ստիպված լինելով դիմել մասնագետների օգնությանը։ Մասնագետներն էլ իրենց հերթին հակադեպրեսանտներ են նշանակում, որոնք հիմնականում միտված են նեյրոմեդիատորների՝ մասնավորապես սերոտոնինի, դոֆամինի և նորադրենալինի մակարդակի կարգավորմանը։

Իհարկե, կան դեպքեր, երբ առանց դեղամիջոցների հնարավոր չէ հարթել իրավիճակը, սակայն ավելի թեթեւ դեպքերում կարելի է լրացնել սերոտոնինի մակարդակը բնական ճանապարհով։

Օրգանիզմում սերոտոնինի պակասը բնական ճանապարհով կարելի է լրացնել․

1․ Տրիպտոֆանով հարուստ սննդամթերքներ ուտելով։ Այդպիսիք են՝ բրինձը, հնդկաձավարը, լոբազգիները, սոճու ընկույզը, գետնանուշը, գազարը, բազուկը, կաղամբը, մաղադանոսը, բանանը, նարինջը, սեխը, կաթնաշոռը, պանիրը, ձկնեղենը, «կարմիր» միսը։

Տրիպտոֆանը  կարևորագույն բնական ամինաթթու է, առանց որի սերոտոնինի սինթեզն անհնարին է։

2․ Վիտամին D-ով հարուստ սննդամթերք ուտելով։ Օրգանիզմում վիտամին D-ն նույնպես նպաստում է սերոտոնինի սինթեզին։

3.Մագնեզիումով հարուստ սննդամթերք ուտելով։ Մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ այս կարևոր հանքանյութը կատալիզացնում է սերոտոնինի արտադրության գործընթացները։ Մագնեզիումով հարուստ են բրինձը, սև սալորը, ծիրանի չիրը, ծովային կաղամբը, ձմերուկը, արևածաղկի սերմերը, քեշյու ընկույզը, քունջութը և այլն։

4․ Քաղցրեղենը մրգերով փոխարինելով։ Միայն թե մրգերը կերեք հիմնական ուտեստից առաջ, այլ ոչ թե հետո։

5.Կոֆեինի և ալկոհոլի օգտագործման քանակը նվազեցնելով։

6.Օրգանիզմում կորտիզոլի՝ «սթրեսի հորմոնի» մակարդակին հետևելով։

7.Սպորտով զբաղվելով։ Ֆիզիկական վարժությունները նպաստում են գլխուղեղում սերոտոնինի սինթեզին, ինչպես նաև կատալիզացնում են օրգանիզմում տեղի ունեցող տասնյակ կենսաքիմիական գործընթացները։

8.Արևի տակ ավելի շատ ժամանակ անցկացնելով։ Առաջին հերթին արևի ճառագայթների ներքո սինթեզվում է վիտամին D-ն, որն էլ անհրաժեշտ է սերոտոնինի սինթեզի համար։ Նշենք, որ արևի լույսի ազդեցությունն օրգանիզմի վրա միայն վիտամին D-ի սինթեզով չի սահմանակվում․ գուցե հենց դրանով էլ պայմանավորված է մարդկանց՝ ամառային կենսախնդությունը։

9.Քնելուն ավելի շատ ժամանակ հատկացնելով։ Սերոտոնինի հիմնական քանակությունն օրգանիզմում վերականգնվում է քնի ժամանակ։ Բացի դա, բավարար քունը էմոցիոնալ կայուն վիճակի անհրաժեշտ պայմաններից մեկն է։

10.Մեղքի, վշտի զգացումից ազատվելով։ Այդ զգացողություններն արգելափակում են սերոտոնինի արտադրությունը։

11.Փոխելով մտածելակերպը։ Կարևոր չէ՝ ինչպես՝ գրքերի, ֆիլմերի, մեդիտացիայի, նոր հետաքրքրությունների կամ ճանապարհորդությունների միջոցով։ Այստեղ գործում է փոխադարձ կապի սկզբունքը։ Եթե սերոտոնինը կարող է ազդել մեր մտքերի վրա, ապա մեր մտքերն էլ կարող են ազդել մեր օրգանիզմում ընթացող գործողությունների վրա։

12.Սեփական հաջողություններով հպարտանալով։ Որքան էլ տարօրինակ է, բայց դա ազդում է սերոտոնինի աճի վրա։ Միայն թե հաջողությունները պետք է իրական լինեն, այլ ոչ թե մտացածին։

13.Ինքներդ ձեզ, շրջապատող աշխարհն այնպիսին, ինչպիսին կա ընդունելով։ Շատ հաճախ հենց այդտեղ է թաքնված հոգեբանական խնդիրներից մեծամասնության արմատը։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

 ԱՂԲՅՈՒՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930