Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով ուզում է լինի ՀՖՖ նախագահը, մարզիչը, եթե չունի ընտրության հնարավորություն, թե ինչ ֆուտբոլիստներից ընտրություն կատարի, էդ խնդիրը միշտ էլ լինելու է». Ջուլֆալակյան

Նոյեմբեր 27,2019 20:50

ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը «Պրեսսինգ» հաղորդաշարին տված հարցազրույցում հարցին՝ ձեզ համար սպասելի՞ էր Ֆուտբոլի ֆեդերացիայում ձեր դեմ սկսված այս դեմարշը՝ պատասխանել էր, թե այո, սպասելի էր, ըստ նրա, օրվա իշխանությունները ֆուտբոլն օգտագործում են՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք: Թե ինչու է Վանեցյանը քաղաքական երանգ տեսնում ՀՖՖ-ում կատարվածի մեջ՝ Aravot.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, մարզիկ եւ սպորտի հարցերով ԱԺ հանձնաժողովի անդամ Արսեն Ջուլֆալակյանը պատասխանեց.

«Ես ֆուտբոլով էնքան էլ խորացած չեմ եւ զարգացումներին մեծապես չեմ հետեւում: Բայց Հայաստան-Իտալիա խաղը տեսել եմ, այնտեղ տարբեր մտքեր հնչեցրեցին, թե մարզիչն էր մեղավոր եւ այլն, բայց մարզիչն ընդամենը մի շաբաթ էր նշանակվել, ինչքան հիշում եմ: Չկա մարզիչ, որ մի շաբաթվա ընթացքում այդպիսի հրաշքներ գործի, թե՛ դրական, թե՛ բացասական առումով»: Հարցին՝ բա ո՞վ էր մեղավոր՝ Ջուլֆալակյանը պատասխանեց. «Մեղավորը ամբողջ համակարգն է՝ տարիներ շարունակ ձեւավորված, այսինքն, չի կարող կես տարվա, մի տարվա նման շեշտակի…»:

Դիտարկմանը՝ այդ դեպքում Վանեցյանն էլ ուրեմն մեղք չուներ՝ նա պատասխանեց. «Ես չեմ ասում, որ ամբողջ մեղը մենակ Վանեցյանինն է եղել: Խնդիրը համակարգային է: Ես զուտ պրոֆեսիոնալ եմ ասում՝ չանդրադառնալով մեր հավաքականին, չի կարող հավաքականի արդյունքները միայն հաղթական, եթե մենք  չունեք սերնդափոխություն, ցանկացած մարզաձեւին է վերաբերում: Լինի  մենապայքարային մարզաձեւեր, թե թիմային՝ պետք է նորմալ բնական սերնդափոխություն, իսկ տեսեք մեր ֆուտբոլի հավաքականը, եթե չեմ սխալվում, մեծամասամբ 30-ն անց տղաներ են: Չունեն 15 տարեկանների ձեւավորված հզոր հավաքական…Եթե էդ հզոր հիմքը չկա, որը պետք է գա ու փոխարինի մեծահասակներին, մի պահ է գալու, որ  այ սենց խնդրի առաջ ենք կանգնելու: Ով ուզում է լինի ֆեդերացիայի նախագահը, ով ուզում է լինի գլխավոր մարզիչը, եթե չունի ընտրության հնարավորություն, թե ինչ մարզիկներից, ինչ ֆուտբոլիստներից ընտրություն կատարի, էդ խնդիրը միշտ էլ լինելու է»:

Հարցին՝ այդ դեպքում Վանեցյանին ինչո՞ւ հանեցին՝ Ջուլֆալակյանը մատնացույց արեց այն, Վանեցյանն ինքն է հրաժարական ներկայացրել, մինչդեռ հիշեցրինք, որ Գործկոմն արդեն նրա հրաժարականի պահանջով էր հանդես գալիս, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը հայտարարում էր, որ Վանեցյանը պետք է պատասխան տա 9:1 հաշվով պարտության համար:  Ջուլֆալակյանի խոսքով՝ «Ամեն ինչ կատարվել է փոխհամագործակցության մթնոլորտում, ես տեսել եմ, որ եւ Վանեցյանը հատուկ չի ընդդիմացել,  տեսել եմ Վանեցյանի եւ Արեն Մկրտչյանի՝ ոտի վրա լրագրողներին պատասխանը, որտեղ Վանեցյանն ասեց՝ ես էլ իմ մեղքի բաժինն ունեմ պարտության մեջ: Ես չեմ տեսել, որ հատուկ ինչ-որ ակցիա է սկսվել նրա դեմ»:

Այդ դեպքում թե ինչո՞ւ է Վանեցյանն ասում, որ քաղաքական հաշվեհարդար են տեսնում ֆուտբոլով՝ Ջուլֆալակյանը պատասխանեց. «Դա նրա անձնական գնահատականն է, ես այդպես չեմ կարծում: Ես կարծում եմ, որ ամբողջ համակարգը այս պահին պետք է փոխվի: Հիմա Վանեցյանը այդտեղ կարող էր դրական դեր խաղալ, թե չէ՝ դա արդեն իր անձնական կարծիքն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930