«Ես մի հատ վատ գիծ ունեմ, ես անտարբեր չեմ կարող լինել ԱԺ-ի հեղինակությանը եւ ԱԺ ամբիոնից հնչող մտքերի նկատմամբ այդ թվում՝ երբ ընդդիմությունն է իրեն անհարմար դրության մեջ դնում»,- այսօր ԱԺ-ում վարկային համաձայնագրերի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
Հիշեցնենք, որ ընդդիմությունը քննադատում էր իշխանությանը, որ վարկ է վերցնում, իսկ իմքայլականները հիշեցնում էին, որ, օրինակ, ԲՀԿ-ն կոալիցիոն գործընկերոջ վերցրած մի շարք վարկերին կողմ է քվեարկել:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հորդորեց մեծամասնությանը այս վարկային պայմանագրերը հանել, չվերցնել, որ ասեն՝ հեղափոխական մոտեցում ունի իշխանությունը. «Ժեստ արեք, վերցրեք»:
Համազասպ Դանիելյանն ասաց. «Քննարկումը ինձ քիչ-քիչ հիշեցնում է Ուրախների եւ հնարամիտների ակումբը, հնարամտության պահով ընդդիմությունը ուզում է հիմնավորել, թե ինչու ինքը չպիտի կողմ քվեարկի ու անգամ հիմա կոչ է անում, որ մենք դեմ քվեարկենք, հետ վերցնենք: Ախր ասում եք՝ ինչի՞ համար եք վերցնում՝ բյուջեի համար ենք վերցնում: Հետաքրքիր է, որ 2020-ի բյուջեին դեմ եք քվեարկել, որտեղ առաջին անգամ բյուջեով ֆիքսվել է, որ այս կառավարությունը վարկեր չի վերցնելու»:
Կարդացեք նաև
Համազասպ Դանիելյանը կինեմատոգրաֆիայից խոսեց ու համեմատություն արեց. ««Թթենի»-ն հիշու՞մ եք, Սամսոնին, այն հաղթանդամ տղամարդուն եւ Գասպարին: Հիշում եք, չէ՞, որ Գասպարը գալիս է Սամսոնին խնդրում է, որ թողի իրեն ծեծի, որովհետեւ ինքը տղաներ ունի, որ խայտառակ չլինի: Հիմա թվում է, թե մեր ընդդիմությունը էդ Գասպարն է, որ ասում է՝ թողեք էս ամբիոնից բաներ ասենք, հետո որ մեկումեջ ելնում պատասխան ենք տալիս, ասում եք՝ անհանդուրժողականություն, էդ նույնն է, երբ Գասպարն ուզում է ոստիկանություն զանգի, թե ինձ ծեծում են»: Նա հորդորեց իմանալ որոնք են կարմիր գծերը, որ չպետք է անցնեն ու երբ անցնում են այդ գծերը, պետք է ակնկալեն, որ Սամսոնը տալու է համարժեք պատասխան:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, արձագանքելով Դանիելյանի ելույթին, ասաց. «Հավատացնում եմ ձեզ, ես էլ կյանքում բացի «Թթենի»-ից ուրիշ կինոներ եմ նայել ու եթե ես էլ սկսեմ համեմատություններ անել, վիճակը պայթելու է: Ձեզ պե՞տք էր հազար տարի: Դուրս եկաք, հանգիստ քննարկում էինք շատ դրական, Սամսոնն եք, հա՞, ընենց ձեզ Սամսոն եք զգում, ինչի՞, իմաստը ի՞նչն էր: Ես հասկանում եմ՝ սենց-ընենց, տակից, բան, КВН, հնարամիտներ, այո, հնարամիտ, ձեզ էլ մաղթում եմ ուրախ լինեք»:
ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հիշեց «01 99» ֆիլմը. «Գարսեւանը որ գալիս, ասում է՝ нет, էլի, մենք ասում ենք, դուք հասկացեք, որ նյետ, մենք չենք տեսնում էս վարկի անհրաժեշտությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































