Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ղազախստանից բենզին ներկրելը դեռ նախագիծ է, որեւէ հստակ որոշում չկա

Դեկտեմբեր 19,2019 21:12

«Խոսքը Ղազախստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ նավթամթերքների մատակարարման ոլորտում առեւտրա-տնտեսական համագործակցության վերաբերյալ միջազգային պայմանագրի նախագծի մասին է, որը սակայն վերաբերում է փոխադարձ ինդիկատիվ դրույքաչափերի ու հաշվեկշռի սահմանմանը»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը:

Նախարարության պատասխանատուներից հետաքրքրվել էինք՝ ի՞նչ նկատի ունի Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Ասեթ Մագաուովը, երբ հայտարարել է, որ ղազախական բենզինը կարտահանվի Հայաստան: Արմինե Մուրադյանի փոխանցմամբ, նախագիծը դեռեւս աշխատանքային փուլում է եւ որեւէ վերջնական պայմանավորվածություն, ժամկետներ այս պահին չկան:

Նա նշեց, որ նախագիծը կյանքի կոչվելու պարագայում արդյունքում մեր մատակարարները հնարավորություն կունենան նավթամթերք ներկրել առանց մաքսատուրքերի. « Սա դեռ նախագիծ է, բանակցությունները սկսվել են դեռեւս նախորդ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարարի՝ Ղազախստան այցի ժամանակ»:
Պարոն Ասեթ Մագաուովը, sputniknews.kz կայքի փոխանցմամբ, նշել է, որ այսօրվա դրությամբ հայկական կողմն ընդունել է ղազախական բենզինը Հայաստան ներկրելու վերաբերյալ համաձայնագրի տեքստի վերաբերյալ Ղազախստանի բոլոր առաջարկները:

«Նախագիծը նրանց հետ համաձայնեցնելուց հետո, այն ուղարկեցինք ներպետական ընթացակարգեր անցնելու: Որոշ անհամապատասխանություններ կան համաձայնության եկող նախարարությունների` մասնավորապես Ֆինանսների նախարարության եւ Ղազախստանի առեւտրի եւ ինտեգրման նախարարության միջեւ, որոնք առանձին ձեւակերպումների շուրջ տարբեր տեսլականներ ունեն: Ենթադրում ենք, որ հաջորդ շաբաթ առանձին խորհրդակցություն կունենանք այս պետական մարմինների հետ», – ասել է պարոն Մագաուովը: Նա նաեւ հավելել է, որ ի տարբերություն Բելառուսի ու Ղրղըզստանի, Հայաստանը ծավալների մասին հայտարարություն չի արել, սակայն մատակարարման լոգիստիկան ինքնին բավականին բարդ է: Տրանսպորտային միջանցքը բավականին բարդ է: Ընդհանուր առմամբ, նրանք համաձայն են ցանկացած ծավալի, միայն թե մեր նավթամթերքից գոնե որոշ քանակություն հայտնվի իրենց շուկայում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031