Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՈ հրամանատարը ներողություն է խնդրել․ գյումրեցի փաստաբանի հետ միջադեպը հարթվել է

Փետրվար 02,2020 19:45

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ միջադեպ էր տեղի ունեցել իր վստահորդի հետ տուգանային հրապարակ մեկնած գյումրեցի փաստաբան Հայկ Հարությունյանի և ճանապարհային ոստիկանության Գյումրու ստորաբաժանման երկրորդ դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի միջև։ Ըստ փաստաբանի, Ղանդիլյանը 10 ոստիկանների ներկայությամբ քաշքշել, վիրավորել էր իրեն, դիմել «այ տղայով», այնուհետ նախազգուշացրել՝ «ոտքդ էլ ստեղ չտեսնեմ»։

Փաստաբանը փորձել էր հարթել միջադեպը, նորից գնացել էր ոստիկանություն ու առաջարկել ներողություն խնդրել, վերջ տալ այս տհաճ պատմությանը։ Սակայն ՃՈ հրամանատարը հայտարարել էր, որ ճիշտ է վարվել, այդպես էլ պետք է լիներ։

ՀՀ ոստիկանապետի ժ/պ Արման Սարգսյանը, որի համակուրսեցին է Ղանդիլյանը, ևս արձագանքել էր միջադեպին, հանձնարարել էր այն ուսումնասիրել ներքին անվտանգության վարչությունում։

Ինչևէ, փաստաբանները պատրաստվում էին մամուլի ասուլիս տալ այս թեմայով, սակայն ինչպես տեղեկանում ենք Հայկ Հարությունյանի գրառումից, ասուլիսն այլևս չի լինելու, քանի որ միջադեպը հարթված է, ՃՈ հրամանատարը ընդունել է իր սխալը ու ներողություն խնդրել։

Փաստաբանն իր էջում գրել է․

«Հարգելի հայրենակիցներ,

Նախևառաջ` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր երեկ ՃՈ Գյումրու բաժանմունքում տեղի ունեցած միջադեպին սրտացավությամբ արձագանքեցին:

Ցանկանում եմ տեղեկացնել, որ խնդիրը որևէ կոնկրետ ոստիկանը չէ, այլ համակարգի ընդհանուր բարեփոխումը: Ինձ, գործընկերներիս և հանրության համար շատ կարևոր է բարեխիղճ և պարտաճանաչ ոստիկանական համակարգ ունենալը: Համակարգը ավելի առողջ կլինի այն ոստիկաններով, որոնք ոչ թե փորձում են կոծկել այսպիսի միջադեպերը, այլ արժանապատվությամբ ընդունում են իրենց սխալներն ու վրիպումները:

Երեկվա միջադեպի հետ կապված պարտավոր եմ հաղորդել վերջին զարգացումների մասին:

Այսօր, ՃՈ Գյումրու բաժանմունքի 2-րդ դասակի հրամանատար մայոր Լ.Ղանդիլյանի խնդրանքով ես ու գործընկերներս այցելեցինք բաժանմունք և հանդիպեցինք ինչպես իր, այնպես էլ երեկվա միջադեպին ներկա բոլոր ոստիկանների հետ: Խոսակցության ընթացքում, պարոն Ղանդիլյանը, ի պատիվ իրեն, ընդունեց, որ երեկ միջադեպը տեղի է ունեցել իր սխալի պատճառով, անհարկի նյարդայնացել է, որից հետո բոլորի ներկայությամբ ինձնից ներողություն խնդրեց:

Ես բարձր եմ գնահատում այս մարդկային վերաբերմունքը և, այսպիսով` հայտարարում եմ, որ կոնֆլիկտը հարթված և սպառված եմ համարում: Հուսանք այլևս ոստիկանական համակարգում նման պատահարներ չեն լինելու և փաստաբան-ոստիկան հարաբերությունները լինելու են փոխադարձ հարգանքի և գործընկերային մթնոլորտում:

Հարգելի լրատվամիջոցներ, տեղեկացնում եմ, որ վաղվա նախանշած ասուլիսը այս խնդրի շուրջ չի կայանալու: Խնդրում եմ օգտվել այս հաղորդագրությունից»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829