Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության ու հայրենի եզերքի նվիրյալը

Մարտ 04,2020 12:00

Մահացել է Հյուսիսային համալսարանի հիմնադիր-ռեկտոր Բորիս Մակիչյանը

Վերջին անգամ նրան տեսա օրեր առաջ։ Ինչպես սովորաբար է լինում, նրա հետ զրույցը սկսվում էր կրթության խնդիրներից՝ ավարտվում հայրենի Լոռիով, այնտեղ ապրող մարդկանցով, իր ծննդավայրով՝ Օձունով։ Ծնվել էր այդ գեղատեսիլ վայրում: Հայրը զոհվեց Մեծ հայրենականի ռազմաճակատում։ Մարուսյա մայրիկը միայնակ մեծացրեց որդուն, կրթության տվեց։ Իսկ երախտապարտ որդին անցավ կյանքի աստիճաններով՝ ուսուցիչ ու մանկավարժ դարձավ, հետո էլ կրթության կազմակերպիչ։ Ավելի ուշ, երբ պայմաններ առաջ եկան, առաջինների թվում հիմնադրեց մասնավոր բուհ՝ Հյուսիսային համալսարանը, պայքարեց կրթության այդ հատվածի կայացման համար։ Գլխավորեց մասնավոր բուհերի ռեկտորների խորհուրդը, ընդհանրապես ակտիվ մասնակցություն ունեցավ բարձրագույն կրթության բարեփոխումներին՝ մասնակից լինելով ամենատարբեր քննարկումների։ Վերջինը Ազգային ժողովում էր՝ բարձրագույն կրթության եւ գիտության մասին նոր օրենքը։ Նրա վերջին հրապարակային ելույթն էր։ Մեր հանդիպման ժամանակ ասաց, որ շատ բան ուներ ասելու, ժամանակն էր՝ քիչ։ Բայց ուրախությամբ նշեց, որ մեկ-երկու օր հետո կրթությանը նվիրված իր ելույթների, զեկուցումների, հոդվածների ժողովածուն լույս կտեսնի…

Բազմաթիվ մտահոգություններ ուներ ուսման որակի, ուսանողության թվաքանակի կրճատման, բուհերի ինքնավարության պահպանման հետ կապված։ Հետո, ինչպես սովորաբար էր լինում մեր զրույցների ժամանակ, ընդհանուր մտահոգությունները հասնում էին Լոռի՝ «Թումանյան» մասնաճյուղի ուսանողները, նրանց ընտանիքները, սոցիալական դժվարությունները՝ մանավանդ Ալավերդու պղձաձուլական գործարանի փակումից հետո։ Ալավերդի քաղաքի պատվավոր քաղաքացի էր: «Մեր հայրենի եզերքի, այնտեղ ապրող մարդկանց նկատմամբ միշտ պետք է ուշադիր լինել, – ասում էր Բորիս Մակիչյանը,- օգնել՝ ամենատարբեր միջոցառումներ կազմակերպել, հանդիպումներ ունենալ։ Նրանք մայրաքաղաքից հեռու ապրելով, երբեք իրենց միայնակ չպետք է զգան»։

Եվ պատահական չէր, որ միշտ ոգեկոչում էր իր հայրենի եզերքը՝ Սանահինի պատմական համալսարանը, պատմաճարտարապետական հուշարձանները, Հովհան Օձնեցի կաթողիկոսին եւ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին, որի նկատմամբ իր մեծ սերը արտահայտում էր տարբեր առիթներով։ Հյուսիսային համալսարանում հիմնադրեց «Վերնատուն» թումանյանական կենտրոնը, պարբերաբար սկսեց կազմակերպել թումանյանական կոնֆերանսներ՝ հրատարակելով ժողովածուներ։ Թումանյանի հոբելյանների առթիվ ստեղծեց հուշամեդալներ՝ պարգեւատրելով հոբելյանների կազմակերպման աջակիցներին։ Ընդամենը մեկ ամիս առաջ էր լույս տեսել վերջին թումանյանական ժողովածուն։ Անհանգիստ, որոնող, անընդհատ պրպտող, ստեղծող էր Բորիս Մակիչյանը, որի համար ժամանակը անընդհատ էր։ Իսկ չէր ուզում դրանից ետ մնալ։ Նրա գործունությունը միշտ առաջ էր միտված՝ ինչ-որ բան փոխելու ու առաջ տանելու։ Նա նաեւ կրթական դպրոց թողեց՝ ի դեմս Հյուսիսային համալսարանի: Հայրենագիտության դասեր ունենք նրանից ստացած, նաեւ դիմացինին գնահատելու եւ հասկանալու պատգամներ։ Կարեւորը՝ թողեց մի ուրույն հետք, որը միշտ հիշեցնելու է Բորիս Մակիչյան մարդ-անհատականության մասին։

Սերգո ԵՐԻՑՅԱՆ

ՀՀ ԿԳ նախկին նախարար, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
03.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031