Լրահոս
Օրվա լրահոսը

«Կորոնավիրուսից հետո կյանքը արտադրական ձեռնարկություններում, ռեստորաններում, սրճարաններում, համալսարաններում, դպրոցներում նույնը չի լինելու». Փաշինյան

Ապրիլ 15,2020 17:27

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ապրիլի 20-ից հետո որոշակի ոլորտներ վերաբացելու որոշման հետ կապված հարց ուղղեց. «Վանաձորում, օրինակ, պատկերացնենք, որոշ հիմնարկներ բացվում են ու մի տասը օր հետո տեքստիլի հիմնարկում մի վարակված մարդ է լինում, ի՞նչ ենք անելու, էլի հիմնարկները փակվելո՞ւ են, թե՞ վարակված մարդու հետ շփվածներին են միայն մեկուսացնելու, հազարավոր մարդկանց մասին է խոսքը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այսօր արտադրական ձեռնարկություններ ունենք, որոնք իրենց կարգավորումների բերումով այս ամբողջ ընթացքում աշխատել են, ընդ որում, նրանց աշխատակիցների շրջանում գրանցվել է կորոնավիրուսի դեպք, բայց այդ դեպքը մուտք չի գործել արտադրական տարածքներ և ունենք հակառակը. «Այն, որ այսօր բավական մեծ թիվ ունենք կորոնավիրուսով վարակվածների, դա հիմնականում երեք ճյուղից է, որից երկուսը արտադրական ձեռնարկություններն են: Եթե դա չլիներ, այսօր հիվանդների թիվը կիսով չափ քիչ կլիներ: Մենք հիմա ուզում ենք հաջողված ձեռնարկությունների փորձը կիսել մյուս ձեռնարկությունների հետ: Այնտեղ, որտեղ կորոնավիրուսի դեպք է եղել եւ չեզոքացվել է, այդ ընկերությունները չեն ուզում, որ իրենց անունը շոշափվի այդ համատեքստում, որովհետեւ կարծում են, որ դա իրենց շուկայական դիրքի վրա ազդեցություն կգործի: Մենք հիմա չենք կարող էքսկուրսիաներ կազմակերպել, ասել՝ այ տեսեք, այս ընկերությունում աշխատակիցը վարակվել է, բայց, քանի որ այս միջոցառումն են ձեռնարկել, կարողացել են իրենց ապահովագրել»:

Վարչապետն ասաց, որ տեսանյութեր են իրենք պատրաստել, որն ուզում են փոխանցել ընկերություններին ու 90 տոկոսով կերաշխավորվի, որ վարակն արտադրական տարածք չի մտնի:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կորոնավիրուսը կարող է մի տարի էլ տեւի, չենք կարող մի տարով փակվել, մենք պետք է ձեռք բերենք հմտություններ՝ ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ:

Մարուքյանն ասաց, որ Բուլղարիայում, Ռումինիայում շարունակում են տեքստիլի ձեռնարկություններն աշխատել ու եթե Վանաձորի տեքստիլը չգործի, կարեւոր պատվերներ կան, այդ պատվերերը չեն լինի: Փաշինյանն ասաց, որ ապրիլի 20-ից հետո վերաբացվելու են որոշ ոլորտների ձեռնարկություններ, բայց վստահեցրեց. «Կորոնավիրուսից հետո կյանքը արտադրական ձեռնարկություններում, ռեստորաններում, սրճարաններում, համալսարաններում, դպրոցներում նույնը չի լինելու: Պետք է լինեն նոր կանոններ»:

Վարչապետն ասաց, որ Հայաստանում շոգերը կսկսվեն, դա կլինի միջանցք, բայց հնարավոր է սեպտեմբեր, հոկտեմբերին սկսվի երկրորդ, երրորդ ալիքը ու մենք պետք է պատրաստ լինենք դրան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930