Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի նպատակից չենք հրաժարվել». արդարադատության նախարարությունը՝ անցումային արդարադատության ուշացման մասին

Մայիս 02,2020 18:37
arsaradatutyun

2019 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվեց երկրի դատական եւ իրավական համակարգի բարեփոխումների ռազմավարությունը: Այդ ռազմավարության երրորդ գլխով սահմանված է Հայաստանում անցումային արդարադատության իրականացման գործիքակազմ ներդնելու մասին որոշում: Ըստ ռազմավարության, 2020 թվականի առաջին եռամսյակում, այսինքն մինչեւ մարտի 31-ը, պետք է ԱԺ-ի կողմից ընդունվեր «Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքը: ԱԺ-ի կողմից պետք է ընտրվեին Փաստահավաք հանձնաժողովի 20 անդամները, իսկ այդ Փաստահավաք հանձնաժողովն էլ պետք է սկսեր իր գործունեությունը անցումային արդարադատության իրականացման ողջ գործիքակազմի կիրառմամբ: Մինչդեռ պարզ է, որ մինչեւ հիմա ԱԺ-ն չի քննարկել ու չի ընդունել «Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենք, չի ընտրել Փաստահավաք հանձնաժողովի 20 հոգուց բաղկացած կազմը:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամները տեղեկացրին, որ իրենք աշխատանքային քննարկում են ունեցել արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանի հետ, որի ժամանակ անդրադարձել են նաեւ ժամկետների ուշացման հարցին:

Պատգամավորներն ասացին, որ ռազմավարության փաստաթուղթը տնօրինում է կառավարությունը, ուստի կառավարությունն էլ պետք է պարզաբանի, թե ինչով է պայմանավորված ժամկետների ուշացումը:

Aravot.am-ը արդարադատության նախարարությունից ճշտեց՝ կարո՞ղ ենք ասել, որ անցումային արդարադատության իրականացումը կառավարությունը տապալել է: Նախարարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը պատասխանեց, որ նման բան չկա. «Ոչ մի նպատակից չենք հրաժարվել: Նախագիծը պատրաստ է եւ վերջին շտկումներն են կատարվում, շուտով կհրապարակենք»:

Հարցին՝ ծրագրում ժամկետը փոխվե՞լ է, նոր վերջնաժամկե՞տ է սահմանվել, որովհետեւ մինչեւ մարտի 31-ն էր ամրագրված՝ նախարարությունից ուղարկեցին 2019-2020 թթ գործողությունների ծրագրի փաստահավաք հանձնաժողովին վերաբերող նախագծերի մշակման հատվածը: Այնտեղ ամրագրված է 2020 թվական, ամիսների սահմանափակում չկա:

Սրանից կարելի է եզրակացնել, որ շեղում էլ չկա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031