«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հերքեց հրապարակումն այն մասին, որ ինքը պատրաստվում է մանդատը վայր դնել. «Ժողովուրդ ջան, ես ձեր գրած լուրերը հենց նոր տեսա: Ինչ ասեմ, զարմացած եմ: Մտածում եմ՝ որտեղի՞ց եք նման լուրեր գտնում: Իհարկե, ոչ: Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ դուք այս լուրերը որտեղի՞ց եք գտնում: Գրել եք, որ ես ամենաշատ գործուղման մեկնած պատգամավորն եմ, դուք գոնե վիճակագրություն նայո՞ւմ եք: Եթե ոչ ամենաքիչ, ապա միջին մեկնած պատգամավոր եմ»:
Ըստ Աննա Կարապետյանի, ինչ-որ ուժեր, ինչ-որ մարդիկ ուզում են պառակտել «Իմ քայլը» խմբակցությունը. «Դա չի հաջողվելու: «Իմ քայլը» խմբակցությունը միահամուռ, միակամ է, ոնց որ միշտ եւ հիմա առավել քան»:
Դիտարկմանը՝ ձեզ կապում են նախկին իշխանությունների հետ, Հովհաննես Սահակյանի օգնականի հետ՝ Աննա Կարապետյանն արձագանքեց. «Նման բան չկա, ժողովուրդ, ձեզ սխալ լուրեր են ասել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































