Լրահոս
Օրվա լրահոսը

Համախմբումը «պահերով» չի լինում

Մայիս 20,2020 10:00

Ականատեսները պատմում են, որ երկուշաբթի օրվանից, երբ սկսել է աշխատել հասարակական տրանսպորտը, հայտնվել են քաղաքացիներ, որոնք դիտմամբ վնասում են փոխադրամիջոցներում փակցրած ալկոգել պարունակող անոթները կամ թափում են դրանց հեղուկը: Մտածում եմ՝ ովքե՞ր են նրանք՝ խուլիգաննե՞ր, հոգեկան հիվանդնե՞ր: Ինչ անուն էլ տանք, խնդիրը, հավանաբար, ավելի խորն է:

Իմ ողջ գիտակից կյանքի ընթացքում, թե՛ կոմունիստական եւ թե՛ հետկոմունիստական շրջանում բարձր ամբիոններից ես ճիշտ բառեր էի լսում պետության, ազգի, համախմբման, փոխօգնության, թիմային խաղի անհրաժեշտության մասին: Բայց անցած 45-50 տարիների ընթացքում ես տեսնում էի ու հիմա էլ եմ տեսնում, որ իմ համաքաղաքացիների մեծամասնությունը, թեեւ այդ բառերը լսելիս, գլուխները տմբտմբացնում է ի նշան համաձայնության ու գուցե համապատասխան կենացներ է խմում, բայց հոգու խորքում այդ ամենին արհամարհանքով է վերաբերվում:

Իհարկե, լինում են համախմբման պահեր պատերազմների եւ հեղափոխությունների ժամանակ, սակայն թիմային խաղը «պահերով» չի լինում՝ դա ամենօրյա աշխատանք է, հակասոցիալական բնազդների գիտակցական հաղթահարում:  Կորոնավիրուսը, մեր հասարակական ընկալմամբ, այն առիթը չէ, երբ պետք է դրսեւորել հարգանք պետության եւ իրար հանդեպ. շատ մարդիկ ծաղրում են այն քաղաքացիներին, որոնք հասարակական վայրերում դիմակ են կրում:

Իսկ հիմա փորձենք պատասխանել հետեւյալ հարցին. արդյոք հասարակական վերնախավն իր խոսքով եւ օրինակով նպաստո՞ւմ էր կամ հիմա նպաստո՞ւմ է պետական մտածելակերպին, համախմբմանն ու համագործակցությանը: Իշխանության ներկայացուցիչները, որոնց ուշքն ու միտքն իրենց բանկային հաշիվներն էին, իրենց դղյակներն ու շքեղ մեքենաները, հաստատ լավ օրինակ չէին ծառայում: Բայց ընդդիմադիրները, որոնք իրենց ներքնաշորերով փակում էին արագաչափերն ու տեսախցիկները (ինչն, իմ կարծիքով, նշանակում է՝ «քշեք, ժողովուրդ ջան, ոնց ուզում եք»), նույնպես չէին նպաստում օրինապաշտ քաղաքացու դաստիարակմանը: Մտավորականները եւ հասարակական գործիչները, որոնք ողջունում էին ոստիկանական գնդի զինված գրավումը ու մարդասպանությունը, նույնպես յուրովի նախապատրաստել են այն հոգեբանությունը, որով առաջնորդվում են ուրիշների կյանքի եւ առողջության վրա թքած ունեցող քաղաքացիները: Ամեն ինչ փոխկապակցված է. մեկի «դուխը հերիքում է» վիրավորել դատավորներին եւ քաղաքական ընդդիմախոսներին, տեսախցիկների առաջ հայհոյել եւ ապտակել, մյուսինը՝ ծաղրել այն մարդկանց, որոնք հետեւում են պարետատան հրահանգներին:

Այնպես որ «դուխը» նույնպես երկսայր զենք է. այսօր այն քեզ օգնում է, վաղը կարող է խանգարել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031