«Առավոտը» «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հետ զրուցեց կորոնավիրուսի դեմ պայքարի՝ կառավարության կատարած քայլերի արդյունավետության և վերջին օրերի ներքաղաքական զարգացումների մասին:
-Տիկի′ն Պողոսյան, ի՞նչ եք կարծում ՝ ի՞նչ ճանապարհով պետք է գնա իշխանությունը, քանի որ երբ կորոնավիրուսի դեմ պայքարում լիբերալ էր, քննադատում էին, թե կոշտ մեթոդների չի դիմում, հիմա, երբ դիմակ չդնելու համար անձին բերման են ենթարկել, կրկին քննադատում են: Չե՞ք կարծում, որ իշխանությունն իրոք թերացել է:
-Կառավարությունը փաստացի արել է այն ամենը, ինչ պետք է աներ: Ցանկացած ցուցում, որ տվել է միջազգային առողջապահական կազմակերպությունը, որ պետությունները պիտի հետևեն, հետևել է մեր պետությունը, կանոնները, որոնք հերթով բոլոր պետությունները պետք է ներմուծեին, ներմուծել է: Այն ամենն, ինչ կարող էր անել, պետությունը փորձում է անել: Արդյունքները ոչ մեկի համար կանխատեսելի չեն: Այս ամենը հաղթելու համար մենք բոլորս իրար հետ պետք է պայքարենք: Թվերը սարսափելի մեծացել են. բոլորս պետք է մեր վարքագիծը վերանայենք, որպեսզի մի փոքր հեշտացնենք առողջապահական համակարգի վիճակը, քանի որ բժիշկներն այլևս չեն կարողանում: Երեք ամիս առանց հերթափոխի աշխատում են:
-Այս ֆոնին ընդդիմության կողմից ՀՀ վարչապետի հրաժարականի կոչեր հնչեցնելը Դուք բարոյական համարո՞ւմ եք:
Կարդացեք նաև
-Կգա ժամանակը և′ բացատրություններ տալու, և′ հաշվետվություններ տալու, և կառավարությունը ԱԺ-ում տալու է այդ հաշվետվությունը: Իսկ հիմա, այս պահին, երբ մենք, ամբողջ աշխարհը պատերազմական իրավիճակի մեջ է, այդ վարքագիծն անընդունելի է և ոչ մի սահմանի մեջ չի տեղավորվում: Այսինքն՝ ոչ թե օգնության ձեռք մեկնել և ասել՝ եկեք այսպես անենք, այլ այս իրավիճակում ինչ-որ մեկի հրաժարական պահանջել: Թող համբերեն, դրա ժամանակն էլ կգա, թող չընկնեն այսքան ամեն ինչից առաջ:
– «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցանի կարծիքով՝ ԱԺ-ն պետք է նախաձեռնի նոր ազգային համաձայնության կառավարություն, սա իրատեսակա՞ն է:
-Ես առաջակում եմ բոլոր լրագրողներին չանդրադառնալ ո′չ Վանեցյանին, ո′չ նրա խոսքերին, որովհետև Արթուր Վանեցյանը ո′չ քաղաքական ֆիգուր է, ո′չ այն կերպարն է, որը պետք է բան թելադրի: Արթուր Վանեցյանը գործիք է մարդկանց ձեռքում, դրա համար ես էլ նրան չեմ անդրադառնում:
-«Իմ քայլի» շատ պատգամավորների մեղադրում են՝ նախկինում, երբ ոստիկանությունն ուժ էր գործադրում, նրանք քննադատում էին ոստիկանությանը, իսկ հիմա, երբ դիմակ չկրելու համար մարդ են բերման ենթարկում, արդարացնում են:
– Եթե երեկվա միջադեպի մասին է խոսքը, դեռ չեմ ծանոթացել, բայց եթե խախտում է արել որևէ ոստիկան, ինքը վարչական պատասխանատվության կենթարկվի: Եթե ոստիկանն իր լիազորությունների սահմանում է կատարել գործողությունները, դա այլ բան է: Բայց ես չեմ տեսել, մեկնաբանել չեմ կարող: Բայց որ մարդիկ պետք է փոխեն իրենց վարքագիծը և վերաբերմունքը ոստիկանների և բժիշկների արած աշխատանքի նկատմամբ և լրացուցիչ բեռ չդառնան, դա միանշանակ է:
-Իսկ մարդկանց մեծամասնության վարքագծում վերջին օրերին փոփոխություններ տեսնո՞ւմ եք:
-Փոփոխություն մենք կտեսնենք այն ժամանակ, երբ վարակվածների թիվն իջնի 1-2-ի և ձգտի 0-ի: Այդ ժամանակ մենք կզգանք հանրային վարքագծի փոփոխություն:
-Մյուս կողմից ճի՞շտ է միայն հանրության վրա մեղքը բարդելը, արդյոք առողջապահության կազմակերպիչների մեղավորությունը չե՞ք տեսնում:
-Հազար անգամ ներողություն եմ խնդրում, բայց վարակը տարածողը մենք՝ մարդիկս ենք: Եվ հետևաբար վարակի տարածման կանխումը կարող ենք անել մենք՝ բոլորս: Բժիշկը որքան էլ հիվանդների կյանքերի համար կռիվ տա, եթե փողոցում ամենօրյա շփման մեջ մենք չենք ցանկանում պահել այդ կանոնները և նպաստում ենք վարակի տարածմանը, ոչ մի կառավարության ոչ մի աշխատանք արդյունավետ չի լինի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.06.2020


















































