Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատի Երեւանի գավաթը նվաճեց արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը

Սեպտեմբեր 21,2020 22:03

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր ավարտված Երեւանի գավաթի խաղարկության պարգեւատրումը կատարեց Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքի անդամ Մխիթար Հայրապետյանը: Արարողությանը ներկա էր նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Դիմելով մրցաշարի մասնակիցներին եւ հյուրերին՝ նա նշեց. «Ըստ էության նոր, բավականին գեղեցիկ շախմատային մշակույթի սկիզբ ենք բոլորս միասին դնում Երեւանի շախմատի ֆեդերացիայի եւ Երեւանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով: Ուրախ եմ, որ առաջին իսկ օրվանից քաղաքապետարանի հետ ունեցել ենք փոխըմբռնում, որ շախմատը Հայաստանի դեմքն է ամբողջ աշխարհում, այն ասոցացվում է հենց Հայաստան պետության, հայ մարդու հետ եւ, այո, ինչ-որ իմաստով մենք աշխարհին ներկայանում ենք թե նախկինում, թե ներկա, թե ապագա հաջողություններում մեր ունեցած հաջողություններով, որ մեզ սպասվում են:

Այս իմաստով, մեր գլխավոր խնդիրն էր եւ դա շարունակում է մնալ՝ Երեւանը առավելագույնս շախմատային քաղաքի վերածելը եւ հնարավորինս մասսայական դարձնելն է: Դրանով է պայմանավորված, որ մեր ֆեդերացիայի թիմը ներկայացրեց շախմատի Երեւանի գավաթի խաղարկության գաղափար, որի եզրափակիչը տեղի ունեցավ այսօր՝ Անկախության  29-ամյակի օրը: Այսօր, փաստորեն, մենք կրկնակի տոն ենք նշում»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:

ՖԻԴԵ-ի կանոնների հանձնաժողովի պատվավոր նախագահ, Եվրոպայի շախմատային միության հոգաբարձուների խորհրդի անդամ, մկ մրցավար Աշոտ Վարդապետյանը նշեց այս մրցաշարի կարեւորությունը: «Երբ ամբողջ աշխարհում, գրեթե բոլոր մրցաշարերն անցել են ինտերնետի տիրույթ, Հայաստանում կազմակերպվեց կենդանի շախմատի մրցաշար: Մենք կարողացանք աշխարհին ցույց տալ շախմատի կենդանի մրցաշարի շատ բարձր խաղամակարդակ: Սկզբնական փուլերին համացանցով մասնակցեց 500-ից ավելի շախմատիստ: Արժանավորները շարունակեցին պայքարը, մինչեւ, ի վերջո, գավաթը վիճարկեցին գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը եւ Մանուել Պետրոսյանը, որտեղ հաջողությունն ուղեկցեց արցախցի Մանուել Պետրոսյանին»,-ամփոփեց Աշոտ Վարդապետյանը:

Հանդիսավոր միջոցառման ավարտին Մխիթար Հայրապետյանը պարգեւատրեց գլխավոր եզրափակչի մասնակիցներին եւ Երեւանի գավաթը հանձնեց Մանուել Պետրոսյանին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930