Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել». Արծրուն Հովհաննիսյան

Հոկտեմբեր 28,2020 22:45

«Ողջ օրը Ադրբեջանի զինված ուժերը եւ նրան աջակցող, զինակցող ահաբեկչական խմբավորումները հատուկ նշանակության տարբեր ջոկատները շարունակել են իրենց հարձակողական տարաբնույթ գործողությունները ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված  ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաեւ Արցախի հյուսիսից մինչեւ հարավային ուղղությունը»,-Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա  խոսքով, Բերձորի ուղղությամբ եւ հարավային  հատվածում ոչ լայնամասշտաբ մարտական գործողություններ են ընթացել.«Հակառակորդին չի հաջողվել առաջանալ դեպի Բերձորի ուղղություն՝ չնայած նրա որոշակի ջանքերին: Այս ուղղությամբ մեր զինված ուժերի ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել: Հյուսիսային ուղղությամբ հիմնականում վարվել է հրետանային կրակ, հրետակոծություն՝ մասնավորապես Մարտակերտ եւ ավելի հյուսիս ընկած ստորաբաժանումների  ուղղությամբ:

Օրվա ընթացքում տեսաք ապացույցները Ադրբեջանի վայրագությունների, որոնց արդյունքում կան  քաղաքացիական անձանց զոհեր, վիրավորներ Շուշի եւ Ստեփանակերտ քաղաքներում, հարված է հասցվել նույնիսկ ծննդատանը եւ այլ  շինություններին, որոնց մասին առանձին նշվել է Արցախի եւ ՀՀ արտգործնախարարության կողմից, այս կապակցությամբ հրավիրել ենք աշխարհի ուշադրությունը»:

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ մարտական գործողությունները շարունակվել են  հարավային ուղղությամբ, շարունակվել են նաեւ դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները. «Այդ աշխատանքները կրում են օջախային, դանդաղ, ոչ ինտենսիվ, սակայն համառ բնույթ…Պաշտպանության բանակը բազմիցս ընդգծել է իր հանձնառությունը կրակի  դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալու մասին, սակայն այդ պայմանավորվածության մասին ադրբեջանական կողմի պատկերացումները, կարծես թե, ամբողջությամբ այլ են:

Իրենք այդ պայմանավորվածությունները մեկնաբանում են որպես Արցախի խաղաղ բնակչությանը եւ ենթակառուցվածքները թիրախավորելու, արցախահայությանը բնաջնջելու թույլտվություն: Արցախի պաշտպանության բանակը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը Արցախի ժողովրդին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ եւ  հետայսու  եւս ձեռնարկելու է»:

Արծրուն Հովհաննիսյանը կրկին ընդգծեց, որ ներկայումս մարտական գործողությունները չունեն նույն խտությունն ու ընդգրկվածությունը, թափը եւ  դինամիկան, նրա խոսքով դրանք օջախային են, բայց շարունակական: Կիրառվում են դիվերսիոն խմբեր, հրետանային միջոցներ, մասամբ՝ օդուժ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031