Լրահոս
Օրվա լրահոսը

«Մամ ջան, սա ուրիշ կռիվ է, ապրիլյանի նման չէ․ երկնքից կրակ է թափվում»․ նահատակված 19-ամյա Հրաչի հեռախոսազրույցը

Նոյեմբեր 24,2020 18:15

Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական ագրեսիան հետ մղելիս Ջեբրայիլի մարտերում նահատակվել է Շիրակի մարզի Ազատան համայնքի 19-ամյա բնակիչ Հրաչ Մահտեսյանը։

Նա ժամկետային զինծառայող էր, տան ավագ որդին էր․ իրենից փոքր եղբայր ունի։

Հերոսի մայրը՝ Ալմաստ Հարությունյանն ասաց, որ որդին ծառայում էր Մեղրիի զորամասերում մեկում։ Ծառայության ընթացքում ոչ մի բանի կարիք չի ունեցել, տնեցիներին ասել է․ «Այստեղ սնունդը տնից լավն է, ոչ մի բան պետք չէ»։

Պատերազմը սկսվելուն պես՝ հոկտեմբերի 1-ից նրան տեղափոխել էին Ջեբրայիլ։ Նա նահատակվել է հոկտեմբերի 9-ին։

Հրաչը դպրոցն ավարտելուց հետո սովորել էր Գյումրու ավտոդպրոցում, բանակում ծառայել է իր մասնագիտությամբ՝ որպես վարորդ։

«Երբ խոսում էինք հետը, շատ ուրախ էր, մեզ խաբում էր, թե Ջեբրայիլում չենք, ասում էր՝ ամսի 4-ին գնացել ենք, ամսի 6-ին հետ ենք եկել։ Մամ ջան, սնարյադի երկու հարվածից պրծել ենք, ուրեմն ինձ ոչ մի բան չի լինի։

Հենց դեպքի օրն ենք խոսել հետը, ասում էր՝ մամ ջան, սա լրիվ ուրիշ կռիվ է, ապրիլյանը չէ, երկնքից կրակ է թափվում, ու այդպես էլ իրենք կրակների մեջ ընկան։

Իրենց հրամանատարներն էլ իրենց հետ զոհվեցին, ոչ մեկը չկա վաշտից, միայն երկվորյակ եղբայրներից մեկն է փրկվել, այն էլ վիրավոր է»,- սգում է հերոսի մայրը։

Տիկին Ալմաստն ասում է, որ որդին բնավորությամբ լուրջ, համեստ, խելացի, հասկացող, անչափ աշխատասեր երիտասարդ էր, պահանջկոտ չէր։

«Իր եղբոր համար հայր էր, ոչ թե եղբայր: Եղբայրը իրենից փոքր էր չորս տարով, բայց ինքը ուրիշ ձևի էր։ Հրաչս վեց տարեկան հասակում արդեն մեծ մարդու նման էր մտածում, ինքը իմ թիկունքն էր․․․ Ազատանից շատ զոհեր ունեք, այս պահին ութ հոգի։ 9 ամիս է՝ չէինք տեսել Հրաչիս․ վերջին անգամ երդմնակալության արարողությանն էինք տեսել»։

Անմահացած հերոսը հուղարկավորվել է Ազատանի զինվորական պանթեոնում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30