Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է պատմում քույրը 21-ամյա եղբոր՝ Մարմաշենի ֆուտբոլի դաշտում կատարված սպանությունից

Հունվար 14,2021 23:40

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, ընթանում է Մարմաշենի նորակառույց ֆուտբոլի դաշտի տարածքում Վահրամաբերդի 21-ամյա բնակիչ Զարզանդ Մանուկյանին ծեծելով սպանելու գործով դատական նիստը։ Դեպքը տեղի էր ունեցել 7 ամիս առաջ՝ 2020 թվականի մայիսի 27-ին։

Հիշեցնենք, որ 21-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվում է հարևանի գյուղի՝ Մարմաշենի 17-ամյա բնակիչ Հովհաննես Խաչատրյանը։ Լինելով անչափահաս՝ նա դատական նիստերին մասնակցում է իր հոր ներկայությամբ։

Ըստ քրգործի, ֆուտբոլ խաղալու ժամանակ խաղի կանոնները խախտելու հետ կապված հարևան երկու գյուղերի՝ Վահրամաբերդի ու Մարմաշենի թիմերի միջև առաջացել էր բանավեճ, որը վերածվել էր վիճաբանության։ Սա պատճառ էր դարձել խաղից հետո հաշիվներ պարզելու․ Վահրամաբերդ գյուղի ֆուտբոլային թիմի անդամ Գ. Մովսիսյանը բջջային հեռախոսով հաղորդագրություն էր ուղարկել խաղին չմասնակցող իր համագյուղացի ընկերոջը՝ Զարզանդ Մանուկյանին։

«Զարզանդ Մանուկյանը, ստացած հաղորդագրության միջոցով տեղեկանալով այդ մասին, համագյուղացիներ՝ Դ. Սարգսյանի, Ս. Խառատյանի և ընկերոջ՝ Ա. Սարգսյանի հետ, վերջինիս պատկանող «Մերսեդես Բենց Ե» մակնիշի ավտոմեքենայով եկել են Մարմաշեն գյուղում գտնվող խաղադաշտ, որտեղ նույն օրը ժամը 20:20-ի սահմաններում խաղադաշտին հարակից դպրոցի մոտակայքում թիմերի միջև մինչ այդ առաջացած բանավեճը վերածել է վիճաբանության։

Վիճաբանության ընթացքում Մարմաշեն գյուղի բնակիչ Հովհաննես Խաչատրյանը հարվածել է Զարզանդ Մանուկյանի դեմքին, և այդ առիթով պարզաբանումներ կատարելու նպատակով վերջիններս առանձնացել են մյուսներից:

Զրույցի ընթացքում Հովհաննես Խաչատրյանը Զարզանդ Մանուկյանին սպանելու, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ գցել է գետնին, հասցրել մարմնի տարբեր հատվածներում հարվածներ, որից հետո նրան գիտակցությունը կորցրած վիճակում թողնելով՝ հեռացել է:

Զարզանդ Մանուկյանին ընկերները տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն ՓԲԸ, տեղափոխելու ճանապարհին․ նա, գիտակցության չգալով, մահացել է»,-գրված է մեղադրական եզրակացության մեջ։

Այսօր դատարանում վկայություն տվեց Զարզանդ Մանուկյանի քույրը՝ հեռուստալրագրող Հեղինե Մանուկյանը, որը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։ Դատարանը լսեց նաև 4 վկաների, որոնք անչափահաս էին, եկել էին ծնողների ուղեկցությամբ։

Հեղինե Մանուկյանը դատարանին ասաց, որ եղբորը կենդանի վերջին անգամ տեսել է ինքը։ Եղբայրը ժամը 19․00-19․30-ն ընկած սահմանում դուրս է եկել տնից, ասել է, որ շտապ գործ ունի, շուտ կվերադառնա։ Երբ ուշացել է, քույրը 7-8 անգամ զանգել է, սակայն Զարզանդը չի պատասխանել։

«20․00-20․30 հատվածում էր, ինձ զանգեց մորաքրոջս տղան՝ լացով, հարցրեցի՝ Զարզանդի՞ն է ինչ-որ բան եղել, քանի որ նա տանը չէր, միանգամից կասկածներ առաջացան։ Ասաց՝ հա, հարցրեցի՝ շնչո՞ւմ է, թե՞ չի շնչում, ամենավատ բանը մտածեցի, ասաց՝ Աստված չանի, չշնչի։ Անմիջապես տնից դուրս ենք եկել։ Հայրս էլ նոր էր վիրահատված, ասացի, որ Զարզանդի ոտքն է վնասված, գնում ենք հիվանդանոց։ Գնացել ենք, ճանապարհին ես Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրենի հետ եմ խոսել, ուղիղ չասաց՝ ինչ է եղել, բայց ես հասկացա, որ լուրջ բան է, թեև չէի պատկերացնում՝ ինչ կարող է եղած լիներ։ Հասել ենք հիվանդանոց, մեր ամբողջ գյուղն էր այնտեղ։ Մեր ազգականը՝ Սպարտակը, մոտեցավ, ասաց՝ խփել են կոկորդին, խեղդվել է։

Չէի ընկալում՝ ինչի մասին է խոսքը, ով է խփել, ընդ որում սկզբում որակավորվեց, որ քարով են խփել, հետո եկավ մեկ այլ վարկած՝ իբր հանկարծամահ է եղել։ Մտանք հիվանդանոց, բժիշկն ասաց՝ արտաքին զննությամբ որևէ բան չկա հայտնաբերված այս պահին։ Ծանր լուրից հետո մի կերպ գնացել ենք տուն, բակում տեսել եմ իր ընկերներին՝ Գևորգին, ով ֆուտբոլ խաղացողների մեջ էր, Արմանին։ Գևորգի աչքն արյունոտված էր ու լացում էին, նրանք ինձ ոչինչ չեն ասել, թե իրականում ինչ է եղել»,-ասաց Հեղինե Մանուկյանը։

Նա նաև ասաց, որ եղբոր հուղարկավորությունից հետո հոդվածներ հրապարակվեցին, Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը բոլոր կայքերին տեղեկատվություն է տրամադրել, թե Զարզանդը հանկարծամահ է եղել ֆուտբոլ խաղալու ժամանակ, մինչդեռ նա ֆուտբոլ չի խաղացել։

Ըստ Հեղինե Մանուկյանի, եղբոր հուղարկավորությունից հետո քեռին ասել է, որ գլխի շրջանում են հարվածներ եղել, ստացել է փակ գանգուղեղային վնասվածք՝ բութ գործիքով։ Այդ պահին չեն էլ պատկերացրել, որ բռունցքը ևս կարող է լինել բութ գործիք։

Զարզանդի ընկերները պատմել են, որ նրան հաղորդագրություն է եկել հետևյալ բովանդակությամբ․ «Ապ, արի էստեղ, տղավարի «խիպիշ» է․ խաղից հետո խոսելու ենք»։

Զարզանդը ընկերների ուղեկցությամբ ժամը 19․00-19․30 սահմաններում գնացել է խաղադաշտ, որտեղ ամբաստանյալի ընկեր Նորոն և Զարզանդի ընկեր Գևորգը վիճել են։ Նրանք ֆուտբոլ խաղալու ժամանակ արդեն իսկ սկսել են վիճել՝ գնդակի պատճառով։

«Ֆուտբոլի խաղեր միշտ եղել են երկու գյուղերի՝ Վահրամաբերդի և Մարմաշենի միջև և միշտ կռվով են ավարտվել, ես հետո եմ իմանում։ Զարզանդին միշտ կանչում էին որպես հաշտարար, նա բնավորությամբ կռվարար չէր, և հետո նա ավելի տարեց էր, մյուսներն անչափահաս են։

Երբ Զարզանդը մոտեցել է Գևորգին և Նորոյին, ովքեր խփել են իրար, ամբաստանյալը՝ Հովհաննես Խաչատրյանն, առաջին հարվածը դեմքին հասցրել է հենց այդտեղ, ըստ ընկերների պատմածի եմ ասում։ Զարզանդը գլուխը կախել է, աչքերը բարձրացրել, ասել է, թե ով խփեց, Խաչատրյան Հովհաննեսը պատասխանել է՝ ես, արի ասեմ։

Հետո առանձնացել են, ինչից վայրկյաններ կամ րոպեներ անց Արմանը տեսել է, որ Զարզանդը պառկած է մեջքի վրա, Հովհաննեսը կռացած վրան՝ աջ ձեռքով խփում է գլխի հատվածին։ Ի սկզբանե իմ մոտ կային կասկածներ, որ մենակ չի խփել և մենակ չի գործել, բայց հետո, երբ տեսա Խաչատրյան Հովհաննեսի նկարները, հիմա ինքը շատ ավելի նիհարած է, փոքրամարմին վիճակում է, ինքը պարապած է, սպորտով է զբաղվել, շատ հավանական է, որ կարողանար գետին տապալեր ու շարունակել խփելը։ Բայց թե ինչն է եղել պատճառը, որ գետին ընկնելուց հետո շարունակում է խփելը ու գլխի շրջանում, դա ինձ համար անհասկանալի է։

Ընկած՝ անգիտակից վիճակում շարունակել է 3 կամ ավել անգամ խփել, ինչը հասցրել է մահվան։ Այսինքն՝ դիտավորյալ հասցրել է սպանության, ինքը սպորտսմեն էր ու շատ լավ էր հասկանում, որ գլուխը կենսական նշանակության օրգան է և կարող էր մահացու լինել»,- ասաց քույրը։

Ամբաստանյալը ըմբշամարտիկ է։

Հեղինե Մանուկյանը նաև ասաց, որ Մարմաշենում ազգականներ ունի, լսել է, որ ամբաստանյալն աչքի է ընկել ագրեսիվ ու կռվարար բնավորությամբ, Մարմաշենում կռիվների հեղինակ է։ Իսկ նրա եղբայրը, որը զոհվել է արցախյան այս գոյամարտի ընթացքում, ըստ գյուղացիների, հանգիստ բնավորություն ունի։

«Փառք հերոսին, խոնարհվում եմ բոլոր հերոսների առաջ, իմ ամուսինը ևս զոհվեց պատերազմում»,- ասաց Հեղինե Մանուկյանը։

Նա ասաց, որ եղբայրը որևէ հիվանդությամբ չի տառապել, Հայոց բանակում է ծառայել, վերադարձել է մեդալներով, սովորում էր Շիրակի պետական համալսարանի ռազմական ամբիոնում, ծրագրավորում էր զինվորական դառնալ։

Հեղինե Մանուկյանը հայտարարեց, որ եղբայրը որևէ մեկի հետ թշնամական հարաբերություններ չի ունեցել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031