Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոմանոս Պետրոսյան․ «Խոսրովի արգելոցում արշավային զբոսաշրջություն կիրականացվի»

Հունվար 26,2021 16:52

Շրջակա միջավայրի նախարարությունը նախագիծ է մշակում, որով հնարավոր կլինի զբոսաշրջիկներին մուտք գործել պետական արգելոցներ եւ հատուկ պահպանվող տարածքներ։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ Նա վստահեցրեց, որ արշավային զբոսաշրջության սեզոնին ընդառաջ արդեն հստակ առաջարկներ կարող են ներկայացնել, նախատեսում են, որ վճարումները կլինեն առցանց, կոնկրետ աշխատակիցները կուղեկցեն արշավային խմբերին, օրինակ` Խոսրովի արգելոց։ Սա, ըստ նախարարի, էկոտուրիզմի զարգացմանն է ուղղված։ Նախատեսվում է նաեւ ճանաչողական եւ արշավային զբոսաշրջության համար ՀՀ այլ տարածքների արգելոցներում, դենդրոպարկերում էլ կանոնակարգել իրավիճակը՝ միասնական վճարային համակարգերով տուրօպերատորները կկարողանան մուտք գործել նշված տարածքներ՝ օրինական հիմքերով։

Ռոմանոս Պետրոսյանի ներկայացմամբ՝ Խոսրովի պետական արգելոցում պահնորդական նոր ստորաբաժանում է ձեւավորվել, որն իրականացնում է շուրջօրյա հսկողություն․ «Արդեն որսագողության երկու դեպք են փաստել, երկու բեզոարյան այծերի ապօրինի որսի փաստերով քրեական գործ է հարուցվել»։

Խոսրովի արգելոցի ամբողջ տարածքում շուտով հակահրդեհային եւ անվտանգային նոր համակարգեր կտեղադրվեն։

Անդրադառնալով Սեւան ազգային պարկին՝ նախարարն ասաց, որ այստեղ էլ շուրջօրյա պահնորդական հսկողություն է իրականացվում ինչպես առափնյա տարածքներում, այնպես էլ՝ վերջրյա։

«Աշխատանքներ են տարվում առափնյա շենք-շինությունների մանրամասն գույքագրման ուղղությամբ։ Մի քանի հարյուր շահառուներ ստացել են ծանուցումներ 1,5 մետր նիշից ցածր շենք-շինությունների անմիջապես ապամոնտաժման անհրաժեշտության մասին, եւ եթե իրենց միջոցներով չապամոնտաժեն, ապա Սեւան ազգային պարկն իր միջոցներով շուտով դա կանի»,-ասաց պարոն Պետրոսյանը։

Նախարարն ասաց, որ պետբյուջեով հաստատված 208 մլն դրամն արդեն երկու տարի է՝ տարեկան տրամադրվում է նախարարությանը, որպեսզի Սեւանի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներն իրականացվեն, սակայն կապալառուն խախտումներով է կատարել աշխատանքը, նախարարությունը որոշել է դադարեցնել նրա հետ համագործակցությունը, վճարումը դադարեցվել է, քրեական գործ է հարուցվել։ Այդ գումարը վերադարձվել է պետբյուջե, այս տարի գումարի վերաբաշխում կարվի, որպեսզի ուղղվի Սեւան ազգային պարկի սեփական կարողությունների ընդլայնմանը: Սեփական տեխնիկական միջոցներ ձեռք կբերեն, մեկ տասնյակ կայուն աշխատատեղ կբացվի եւ մաքրման աշխատանքները ազգային պարկի սեփական միջոցներով կիրականացվեն, իսկ տեխնիկան կօգտագործվի նաեւ ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժման եւ շինաղբի հեռացման համար։

Ըստ նախարարի, երեք տասնյակ շենք-շինություններ, տաղավարներ անցյալ տարի ապամոնտաժվել են, այս տարի տեխնիկայի ձեռքբերումից հետո այդ աշխատանքներն ավելի լայնածավալ կլինեն։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031