Լրահոս
Օրվա լրահոսը

Ինը հետաքրքիր սերիալ՝ ուժեղ եւ նպատակասլաց կանանց մասին

Փետրվար 02,2021 22:26

Աշխատանքային ծանր ու հագեցած օրվա ավարտին մի փոքր լիցքաթափվելու համար առաջարկում ենք դիտել այս սերիալները կանանց մասին, որոնք համարձակ են, խելացի, կայացած եւ ուժեղ: Ճիշտ է, որոշ դեպքերում նրանց խելքն ու ուժը բացասական ուղղությամբ են աշխատում, բայց կարեւորն այն է, որ նրանք թուլամորթ չեն եւ չեն մնում «ուժեղ» սեռի ստվերում:

1.Մադամ պետքարտուղար (Madam Secretary, Госпожа госсекретарь)

Բարձր վարկանիշ ունեցող այս քաղաքական սերիալը վեց սեզոնների ընթացքում պատմում է Էլիզաբեթ ՄաքՔորդի մասին, որին անսպասելիորեն ԱՄՆ նախագահը հրավիրում է զբաղեցնելու երկրի գլխավոր դիվանագետի՝ պետքարտուղարի պաշտոնը: Ժամանակին Կենտրոնական հետախուզական վարչությունում աշխատած ՄաքՔորդը հրաշալի տիրապետում է աշխարհաքաղաքական նրբություններին, սուր միտք ունի, եւ երբեմն դիմում է անկանխատեսելի քայլերի: Ու ոչ պակաս կարեւոր պահ՝ նա կարողանում է վստահորեն համատեղել գերպատասխանատու պաշտոնը եւ ընտանիքը:

2. Մեծ փոքր սուտը (Big little lie, Большая маленькая ложь)

Հարուստ եւ հաջողակ ամուսին ունենալը կամ լավ կարիերա անելը ամենեւին էլ երջանկության նախապայման չեն: Հարուստ ամուսինը կարող է բռնակալ լինել, իսկ հաջողակ կարիերա ունեցող կինն իրեն սարսափելի միայնակ զգալ՝ անգամ ամուսնու եւ զավակի կողքին… Սակայն, երբ ընկերուհիներից մեկը խնդրի առաջ է կանգնում, մնացած բոլորը համախմբվում են եւ փորձում լուծում գտնել: Դե իսկ դերասանական փայլուն աստղաբույլի մասին խոսելն անգամ ավելորդ է:

3.Մունչ (Munch, Мунч)

Ֆրանսիական թեթեւությամբ, հումորով եւ գեղեցիկ գույներով հարուստ այս դետեկտիվ սերիալը փաստաբան Մունչովսկու մասին է, որն ամեն գնով հասնում է իր պաշտպանյալի հաջողությանը՝ երբեմն էլ օրենքները շրջանցելով: Նրան վստահում են, նրանից վախենում են, նրան սիրում են…

4.Կանդիս Ռենուար(Candice Renoir, Кандис Ренуар)

Չորս զավակների մայրն ամուսնալուծությունից հետո վերադառնում է սիրելի աշխատանքին՝ ոստիկանի բարդ գործին: Կրկին ֆրանսիական սերիալ, դեպքերը կատարվում են Միջերկրականի ափին, այնպես որ ե՛ւ գեղեցիկ տեսարաններն են ապահովված, ե՛ւ նուրբ ֆրանսիական հումորը: Իսկ մայոր Ռենուարի սուր եւ պրպտուն միտքը հմայում է:

5. Խաղաքարտե տնակ(House of Cards, Карточный домик)

Այս սերիալը՝ շնորհիվ հոլիվուդյան գերաստղ Քեյվին Սփեյսիի անզուգական խաղի, շատ արագ գրավեց աշխարհը, սակայն հենց սկզբից էլ դժվար չէր նկատել, որ գլխավոր հերոսն այստեղ ոչ միայն Սփեյսիի կերտած Ֆրենսիս Անդերվուդն է, այլեւ Ռոբին Ռայթի անկրկնելի ու հակասական Քլեր Անդերվուդը: Նա երբեմն իդեալական սառցե թագուհի է, երբեմն՝ պարզապես չարիքի մարմնացում…

6. Հայրենիք(Homeland, Родина)

Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակից Քերրի Մեթիսոնը ունի ոչ միայն լրտեսին հատուկ հոտառություն եւ խորամանկություն, այլեւ շատ ավելի կարեւոր հատկանիշ՝ նա սիրում է իր երկիրը: Քերրին շատ փորձությունների միջով է անցնում՝ ԱՄՆ-ի շահերը պաշտպանելու համար, այդ թվում՝ ֆիզիկական եւ հոգեկան, սակայն ոչինչ նրան հետ չի պահում իր մասնագիտական պարտքը կատարելուց:

7. Սկանդալ (Scandal, Скандал)

Օլիվիա Փոուպը կոնֆլիկտներ լուծող մասնագետ է, նրա ծառայությանն են դիմում Վաշինգթոնի ամենաբարձր էշելոններում գտնվող քաղաքական եւ ոչ միայն քաղաքական դեմքերը: Նա իր շուրջն է հավաքել «գլադիատորների» աննկուն թիմ, որոնք պատրաստ են ամեն ինչ անել՝ հաճախորդի խնդիրը լուծելու համար: ժամանակին Օլիվիան եղել է նաեւ ԱՄՆ նախագահի թիմակիցը, սակայն խնդիրները, որ դրվում են նրա առաջ՝ սեզոն առ սեզոն բարդանում եւ նույնիսկ տարօրինակ են դառնում:

8. Մարմինը՝ որպես ապացույց (Body of proof, Следствие по телу)

Նյարդավիրաբույժ Մեգան Հանթը հանգամանքների բերումով փոխում է մասնագիտությունը եւ դառնում դատաբժիշկ: Կենդանի մարդկանց հետ նրա շփումները միշտ չէ, որ հաջող են, սակայն դիակների լեզուն նա լավ է հասկանում: Եվ շատ հաճախ հանցագործությունները բացահայտվում են հենց Մեգանի շնորհիվ, չէ՞ որ դիակները երբեմն ավելի շատ բան կարող են ասել, քան նրանցից սպասում ենք…

10.Կամուրջ (Bron/Broen, Мост)

Սագա Նորենը շվեդական Մալմյո քաղաքի ոստիկանության աշխատակից է: Տարօրինակ դեպքը, որը նրան մտերմացնում է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի ոստիկանության աշխատակցի հետ, դառնում է երկու երկրների ոստիկանների համատեղ աշխատանքն ազդարարող սկիզբ: Սկանդինավյան յուրահատուկ մռայլ գույների մեջ, սակայն շատ բարձրորակ եւ գրավիչ այս դետեկտիվ սերիալում ոչ միայն հանցագործություններն են յուրահատուկ, այլեւ դրանք բացահայտելու ձեւերը: Ի դեպ, այս սերիալի սցենարով նկարահանվել են նաեւ ֆրանս-բրիտանական, ամերիկա-մեքսիկյան եւ նույնիսկ ռուս-էստոնական ֆիլմեր:

Գրավիչ սերիալների մեր նախորդ հավաքածունն կարող եք տեսնել այստեղ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728