Լրահոս
Օրվա լրահոսը

«Զրահաբաճկոնների ներմուծման գործընթացում կոռուպցիոն ռիսկեր չենք տեսել»․ ՊԵԿ նախագահ

Փետրվար 24,2021 15:02

«Զրահաբաճկոնները եւ ռազմական նշանակության ապրանքներն առհասարակ ներկրվում եւ ձեւակերպումներ են ստանում համապատասխան ընթացակարգով։ Դա իրենից գաղտնիություն է ենթադրում, եւ ես այս հարցին հանրային մակարդակով չեմ կարող պատասխանել»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ բանակի թալանը տեղի է ունեցել այս իշխանության օրոք եւ որպես օրինակ՝ մեկ զրահաբաճկոնը գնվել է 600 դոլարով՝ ասաց ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

Նկատառմանն ի պատասխան, որ Սերժ Սարգսյանը զրահաբաճկոնների ներմուծման հարցում կոռուպցիոն ռիսկերի մասին էր ակնարկել, Էդվարդ Հովհաննիսյանը նշեց․ «Ներմուծման գործընթացում մենք կոռուպցիոն ռիսկեր չենք տեսել։ Քննություն կատարելու կամ որեւէ գործընթաց սկսելու հիմքեր չենք արձանագրել»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի վերջո 600 դոլարանոց զրահաբաճկոն ներկրվե՞լ է։ «Ոչ»,-պատասխանեց ՊԵԿ նախագահը։ Հստակեցնող հարցին ի պատասխան, թե «առհասարակ չի ներկրվե՞լ, թե չեք կարող ասել», Հովհաննիսյանը նշեց․ «Այդ հարցը չեմ կարող հանրայնացնել։ Առհասարակ, ռազմական նշանակության ապրանքների մասին մանրամասները չեն կարող ներկայացվել»։

Ինչ վերաբերում է փաստին, որ պատերազմի ժամանակ Ֆրանսիայի ուղարկած հումանիտար օգնությունը նպատակին չի հասել, քանի որ մաքսային ձեւակերպման խնդիրներ կան, Էդվարդ Հովհաննիսյանը պարզաբանեց․ «Խնդիրները մաքսային ձեւակերպումների հետ կապված չեն։ Առհասարակ, պատերազմի օրերին ՀՀ ուղարկված ապրանքների մաքսային ձեւակերպումների հետ խնդիրներ չեն եղել եւ դրանց հետ կապված չեն։ Ֆրանսիայի դեպքում ապրանքը ներմուծվել է հ/կ-ի անունից, եւ ըստ մեր օրենսդրության՝ մաքսազերծման նպատակով ապրանք ներկրողն է պարտավոր հայտարարագիր եւ կից փաստաթղթեր ներկայացնել, որպեսզի ձեւակերպումները սկսվեն։ Այդ փաստաթղթերը չեն ներկայացվել»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728