Լրահոս
Օրվա լրահոսը

«Թրքա-ժեխա-թալանչիական» պրիմիտիվիզմ

Մարտ 04,2021 11:00

Փաշինյանը Պուտինից ամենակախյալ Հայաստանի ղեկավարն է

Հայաստանում նախընտրական պայքարը մեկնարկել է: Եվ որքան էլ ցավալի լինի արձանագրել՝ քաղաքական ուժերը հետպատերազմյան մթնոլորտը պատրաստ են օգտագործել վարկանիշի բարձրացման նպատակով:

Պատերազմի պարտությամբ Հայաստանին հասցված վնասը, մեր երկրի ներկայի անելիքները ու առավելեւս՝ ապագայի տեսլական որեւէ քաղաքական ուժ չունի: Բոլորը վաղուց արդեն լծվել են «հանդիսատեսին» դուր գալու խնդրի լուծմանը:

Փաշինյանը հասարակական տրամադրությունները զգալու, կառավարելու հմտություն ունի, որը նրան օգնում է հրապարակին ուղղորդել իր նպատակներին համահունչ: Այսօր փողոց դուրս եկած ընդդիմադիր ուժերը Փաշինյանի հետ այդ հարցում մրցել չեն կարող, առայժմ նրանք չեն կարողանում Փաշինյանից առաջ անցնել ու դեռ հարց է՝ կհաջողվի՞ դա նրանց իրականացնել մոտ ապագայում:

Փաշինյանը չի սպառել քաղաքական գոյատեւման բոլոր հնարավորությունները, անկախ նրանից, թե ընդդիմադիր գործիչները օրը քանի անգամ կրկնեն այդ նախադասությունը: Ավելին՝ ընդդիմադիրները կարո՞ղ են բացառել, որ առաջիկա ընտրությունների անցկացման դեպքում Փաշինյանն ու իր թիմը կպարտվեն, իսկ իրենք ջախջախիչ հաղթանակ կտանեն: Ընդդիմադիրներին ձեռնտու է դա ձեւակերպել այսպես՝ Փաշինյանը կօգտվի վարչական ռեսուրսներից եւ կապահովի անհրաժեշտ ձայներ՝ հաջորդ խորհրդարանում պատկառելի ներկայություն ապահովելու համար: Իսկ ե՞րբ չի այդպես եղել, նույն այդ ընդդիմադիր ուժերից շատերն էլ, երբ իշխանության են եղել՝ նույն կերպ են վարվել: Այնպես որ՝ զարմանալ մարտի 1-ին Հանրապետության հրապարակում մարզերից եկած բնակչության պահվածքի վրա, բոլորովին էլ տեղին չէ, նրանցից շատերը վստահաբար նախորդ ռեժիմի հանրահավաքների «մասովկա» էին, ու որոշները տեսախցիկների առջեւ սիրով խոստովանել են այդ փաստը:

Դրան գումարենք նաեւ այն հանգամանքը, որ Փաշինյանն ունի համակիրների իր բանակը, որոնք թե այսօր, թե մեկ ամիս հետո, թե վեց ամիս հետո՝ Հայաստանում ինչ էլ կատարվի, Փաշինյանն ինչ անսպասելի հայտարարություն էլ անի, որը կարող է վնասել ՀՀ շահին, միեւնույն է՝ նրանք կգնան ու կընտրեն Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժին:

Այլ է պատկերը ընդդիմադիրների շարքերում: Նրանք երբեք չեն խոստովանի, որ խաղում են Փաշինյանի թելադրած խաղի կանոններով ու օրակարգով: Ամեն ինչ սկսվեց համացանցային պայքարից: Որոշվեց ընդդեմ Փաշինյանի աշխատել նրա իսկ «զենքով»՝ ազգի հետ համացանցի օգնությամբ շփվելու-խոսելու գործիքով: Սոցիալական ցանցերն, իհարկե, հեշտացրել են մեր առօրյան մի շարք աշխատանքային, կազմակերպչական հարցերում, բայց Հայաստանի քաղաքական դիսկուրսի մակարդակի առումով, համացանցը ունեցել է խիստ բացասական ազդեցություն: Ուշադրության չարաժանացած, արեւմտյան տարբեր կազմակերպությունների ու դեսպանատների դրամաշնորհներ ստանալու նպատակով դիմած եւ մերժված, տարբեր արեւմտյան միջազգային կառույցներում ժամանակին աշխատած, բայց վաղուց պարապ մնացածները գտել են ինքնադրսեւորվելու ու փող աշխատելու ձեւը… Սեղմում են Ֆեյսբուքի, կամ Յութուբի «լայվի» կոճակը եւ «վուալա»՝ եթերում են, ազգին խելք են սովորեցնում՝ չմոռանալով հայհոյանքների տեղատարափը՝ հիստերիայի բռնկումներով ու «գողական» լեքսիկոնով «ռազբիրատները» հասարակության այս կամ այն հատվածի հետ: Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալը համացանցային «փորձագետ», «քաղաքագետ», «միջազգայնագետ» ու «վերլուծաբան» աշխատողների համար, ինչ-որ առումով ձեռնտու է, քանի որ, որքան երկար մնա Փաշինյանն իշխանության ղեկին՝ այնքան երկար նրանք «աշխատանք» կունենան, այդքան երկար կապահովվի իրենց բարեկեցիկ կյանքը, նրանք այդքան երկար ժամանակ կունենան՝ լուծելու իրենց բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ ունեցվածքի ձեռքբերման հարցերը:

Բացի այդ, ինչպես երեւում է, թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն ունեն իրենց «ֆեյքային» բանակները, հետեւաբար, ունեն իրենց ուրիշ Հայաստանը, այլ իրականությունը, եւ դրանով իսկ հայտնվել են իրենց իսկ լարած թակարդում: Երբեմն համացանցային «ճշմարտությունները» հակասում են մեր իրականության պարզ իրողություններին: Այսօր ավելի կարեւոր է այն հարցը, թե ֆեյսբուքում քաղաքական գործչի, ընդդիմադիր «ակտիվիստ» աշխատողի այս կամ այն հրապարակումը քանի «ժպիտ», «հավանում», «սրտիկ» ու «ջղայնիկ» ստացավ, քան՝ քաղաքական այս կամ այն ուժի պահվածքը իր իսկ հրավիրած հանրահավաքում: Օրինակ՝ Մարտի 1-ի հիշատակի օրը իշխանության հրավիրած հանրահավաքը ինչո՞ւ պետք է վերածվի պատերազմում գրեթե հաղթանակած ուժի քայլերթի՝ համեմված գոհունակ ու երջանիկ բացականչություններով, «Նիկոլ վարչապետ» վանկարկումներով:

Ինչի՞ն պետք է նպաստի ընդդիմությունը, եթե պայքարում է ընդդեմ մի իշխանության, որը ձախողել է պետության գոյատեւման համար կարեւոր ոլորտների գործունեությունը: Ընդդիմադիրները պետք է ապացուցեն, որ իրենք գործող իշխանությունից ավելի գիտակ են, ավելի հավասարակշռված, ավելի խորքային պատկերացումներ ունեն Հայաստանի շուրջ ընթացող գործընթացների մասին:

Սակայն ընդդիմադիր հարթակում շատերի ելույթները փայլում են պրիմիտիվության գերագույն աստիճանով եւ այսօր Հայաստանի շուրջ ստեղծված իրադրությանը բացարձակ անհամարժեք են: Օրինակ, ի՞նչ գնահատական տաս մի քաղաքական ուժին, որի շարքերը ընդդիմության հանրահավաքում այլ առաջնորդների ելույթների ժամանակ վանկարկում են՝ «Ծառուկյան, Ծառուկյան…»: Կամ՝ դեռ քանի՞ տարի ենք ստիպված լինելու լսել՝ «ժողովրդի մատից փուշ հանելու» մասին պատրաստակամություն հայտնող Ծառուկյանի նույն տեքստը՝ այն էլ Ղարաբաղյան շարժման օրը հրավիրված հանրահավաքում:

Դաշնակցության ներկայացուցիչներն ու որոշ ընդդիմադիրներ որոշել են առաջնորդի իրենց հավակնություններն իրագործելու ճանապարհին կիրառել Փաշինյանի մեթոդը. կոկորդից դուրս եկող ձայնի դիապազոնով բարձունքներ նվաճել: Նրանք էլ գլխի են ընկել, որ կարելի է մրցել նաեւ ձայնային դեցիբելով. ով Նիկոլ Փաշինյանից ավելի ուժեղ գոռա, ուրեմն նրա ասածն ավելի ազդեցիկ է:

Ընդդիմադիր հարթակում տարածաշրջանային զարգացումների, քաղաքական տեքստերի առումով առանձնանում է Վազգեն Մանուկյանը, որպես՝ «հին շկոլայի» գործիչ, որի փորձն առայժմ միայն օգնել է պրիմիտիվ տեքստերով հարթակ բարձրացող ընդդիմադիրների հավաքներին՝ լրջություն հաղորդելու տեսանկյունից: Բայց դա էլ երկար չի կարող տեւել, երկար շարունակվելու դեպքում ընդդիմության հավաքները ինչ-որ մի պահից կսկսեն դեպի մարում գնալ, եթե հասարակության ընդդիմադիր հատվածը զգա սովորական նախընտրական պայքարի իներցիան, որը դեռ շաբաթներ առաջ է նշմարվել:

Եթե խոսում ենք ընդդիմադիր գործիչների մասին, չենք կարող չանդրադառնալ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին: Նրանցից երկուսն էլ ունեն իրենց համակիրները եւ նրանց չհանդուրժողների մեծ բանակ, անկախ նրանից, թե այդ մարդիկ պատրա՞ստ են Փաշինյանին ձայն տալ, թե՝ ոչ: ՀՀԿ-ն որպես ընդդիմադիր կուսակցություն՝ վատ չէր լինի, եթե մասնակցեր առաջիկա ընտրություններին, թեեւ կարծես, նրանք հստակ են հայտարարել, որ Փաշինյանի կազմակերպած ընտրություններին չեն մասնակցի: Սերժ Սարգսյանը նշեց, որ քաղաքականության գործընթացների մասնակից է եւ հանուն ճշմարտության պետք է արձանագրել, որ նկատվում է, որ նա չի խուսափում հայաստանյան լրատվական ողջ դաշտի առջեւ ասուլիսներով հանդես գալուց, եւ անկաշկանդ ներկայացնում է իր դիրքորոշումները քաղաքական ցանկացած թեմայով:

Նույնը չի կարելի ասել Ռոբերտ Քոչարյանի պարագայում: Նա նախընտրում է «թիմի» լրագրողների եւ համակիր փորձագետների հետ զրույցները, որոնք պարտադիր համաձայնում են նրա հիմնական քաղաքական գնահատականների հետ, նրա կողմից հնչեցված ստերին չեն առարկում: Օրինակ, վերջերս դիտեցի 2020թ. սեպտեմբերի 18-ին կայացած Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը երեք փորձագետների հետ, քաղաքագետներ՝ Ալեքսանդր Մարկարովի, Երվանդ Բոզոյանի եւ «Գոլոս Արմենիի» վերլուծաբան Ռուբեն Մարգարյանի հետ:

Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման թեմայով, մասնավորապես՝ իր իշխանության տարիներին բանակցած կարգավորման «Ընդհանուր պետություն» տարբերակի մասին, Քոչարյանը դժգոհեց, որ, երբեմն, այն «շահարկվում է», եւ ոչ ավել, ոչ պակաս, ասաց հետեւյալը. «Նույնիսկ չի եղել փաստաթուղթ, եղել է գաղափար մեկ էջի՝ կես էջի վրա նկարագրած»: Սա այն դեպքում, երբ կարգավորման «Ընդհանուր պետությունը» ոչ թե գաղափարների փաստաթուղթ էր, այլ կարգավորման կոնկրետ տարբերակ, եւ դա այն տարբերակներից է, որը հայաստանյան մամուլում ամբողջությամբ հրապարակվել է: Բայց Քոչարյանը որոշեց թաքցնել իրականությունը, վստահ լինելով, որ իրեն չեն առարկի ներկաները, հասարակության «ժեխային» հատվածը չի հիշի, իսկ «էլիտար» համակիրները չեն համարձակվի խոսել խեղաթյուրված փաստի մասին: Իրականում, «Ընդհանուր պետություն» կարգավորման տարբերակը, որը կողմերին ներկայացվել է 1998թ. նոյեմբերի 10-ին, 8 էջանոց փաստաթուղթ է՝ հայերեն թարգմանությամբ, ռուսերենով՝ 7 էջ (երկու դեպքում էլ՝ համակարգչային 12 տառաչափով):

Ինչեւէ, մեր տարածաշրջանի համար ազդեցության դաժան պայքար է ընթանում՝ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, մյուս կողմից Թուրքիան է իր հավակնություններով, որն էլ իր հերթին թե՛ Արեւմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ վարպետորեն խաղում է, շատ դեպքերում՝ նրանց հակասությունների վրա:

Որքան էլ ընդդիմադիրները պնդեն, որ այսօրվա իշխանությունները Հայաստանը տանում են Արեւմուտք, ակնհայտ է, որ Փաշինյանը հիմա Պուտինից ամենակախյալ Հայաստանի ղեկավարն է, նրա նման կախյալ չի եղել անգամ Քոչարյանը, որը Ռուսաստանին է փոխանցել Հայաստանի ռազմավարական մի շարք օբյեկտները՝ «Գույք պարտքի դիմաց» գործարքի շրջանակներում: Բայց հետպատերազմյան շրջանում Փաշինյանի կախվածության աստիճանը չի փոխում նրա վերաբերյալ Ռուսաստանում առկա տրամադրությունները. նրան շարունակում են չվստահել, ռուսական թե դաշնային, թե Կրեմլից անկախ լրատվամիջոցները, երբեմն ծաղրում են նրան, իսկ Փաշինյանի իսկանդերային չկշռադատված հայտնի հայտարարությունից անմիջապես հետո, ռուս հայտնի լրագրողներ, բլոգերներ կայծակնային արագությամբ գործուղվեցին Երեւան՝ ընդդիմության հավաքները լուսաբանելու: Այս օրերին էլ նրանք ուղիղ եթեր են դուրս գալիս, լուսաբանում ընդդիմության հավաքներն ու երթերը, երբեմն նույնիսկ տելեգրամյան ալիքներում անթաքույց «ցուցումներ» են տալիս Օնիկ Գասպարյանին, ինչն էլ լրացուցիչ ոգեւորության առիթ է դարձել վերջին մի քանի օրերին ընդդիմության հարթակից ելույթ ունեցողների համար:

Սակայն, հստակ է, եթե այսօրվա ընդդիմությունը դառնա իշխանություն՝ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ փաստաթուղթն, իհարկե, չի պատռելու, շարունակելու է աշխատել դրա շրջանակներում, հետեւաբար ընդդիմությունն այս պահին, եթե կարող է մի բան անել՝ դա պատերազմից հետո Հայաստան պետության թույլ դիրքերը փոքր-ինչ ամրացնելն է, ոչ թե՝ հակառակը: Առհասարակ, վերջին ամիսներին շատ է խոսվում այն մասին, թե ճիշտ չէ, երբ ընդդիմադիրները մեր երկրի քաղաքացիներին անվանում են «ժեխ»: Եթե մենք ունենք քաղաքական դաշտ, որտեղ նախընտրական պայքարը թեժացնելու համար քաղաքական գործիչները միմյանց «թուրք» են անվանում, պետք է պատրաստ լինեն, որ հասարակությունում լինելու են մարդիկ, որոնք մշտապես հակադարձելու ու մատնացույց են անելու մի իշխանության պատասխանատուի, որի օրոք Հոկտեմբերի 27 է տեղի ունեցել, այդ գործով վկաներ են փախել երկրից, Մարտի 1 է իրագործվել եւ այլն, հիմնավորելով իրենց համոզումը, որ այդ գործիչն այսօր իրավունք չունի որեւէ մեկին քննադատել ու հերոս ձեւանալ՝ անգամ Փաշինյանի իշխանության ահռելի սխալների, ձախողումների ու տապալումների պարագայում:

Հայաստանյան քաղաքական դաշտը որքան շուտ դուրս գա «թրքա-ժեխա-թալանչիական»՝ միմյանց մեղադրելու լեքսիկոնից, գուցե այդ ժամանակ նկատեն, թե ինչպես է եռում մեր տարածաշրջանը, ինչ գործընթացներ են մեր շուրջը, որոնց նույնիսկ 10 տոկոսին Փաշինյանի իշխանությունը ուշադրություն չի դարձնում, գուցե՝ չի էլ ընկալում: Իսկ այսօր հայաստանյան քաղաքական դիսկուրսի կործանարար ցածր մակարդակի ձեւավորման հարցում գործուն մասնակցություն ունեն թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր գործիչները:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 04.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Իրատեսական վերլուծություն է: Էմմա Գաբրիելյանի հոդվածները միշտ էլ հետաքրքիր է կարդալ, քանի որ նրա վերլուծությունները համակողմանի են և արդիական:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031