Լրահոս
Օրվա լրահոսը

Այն պայքարը, որը միասնական ճակատով մղում է հայ ժողովուրդը, արդար է եւ արդարացված․ Արարատ Միրզոյան

Ապրիլ 24,2021 11:36

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Այսօր ողջ հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մարդկության պատմության այս ամենազարհուրելի ոճրագործությունից 106 տարի անց հարկ է արձանագրել, որ այն պայքարը, որը միասնական ճակատով մղում է հայ ժողովուրդը, արդար է եւ արդարացված:

Արդար է, որովհետեւ յուրաքանչյուր չճանաչված եւ չպատժված ոճրագործություն  պարարտ հող է ստեղծում դրա կրկնության համար: Մեկդարյա պատմությունը ցույց տվեց, որ, ցավոք, ցեղասպանությունները եւ ցեղասպան գործողությունները կրկնվեցին նաեւ աշխարհի այլ հատվածներում: Ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների դեմ այս պայքարը, որը մենք որպես պետություն եւ ժողովուրդ մղում ենք, ըստ էության ոչ միայն կամ ոչ այնքան մեզ համար է, այլ հանուն աշխարհի մյուս բոլոր  ազգերի եւ ժողովուրդների, որպեսզի նրանք չանցնեն նույնպիսի արհավիրքի միջով, ինչ նախորդ դարասկզբին վերապրեց հայ ժողովուրդը:

Մեր պայքարն արդարացված է, որովհետեւ անգամ շուրջ մեկ դար անց, ցավոք, չեն փոխվել պանթյուրքական նկրտումներն ու ձգտումները, որոնց հետ հայ ժողովրդի բնակությունն իր բնօրրանում անհամատեղելի է: Դրա վառ ապացույցն էր նաեւ ադրբեջանաթուրքական ագրեսիան Արցախի նկատմամբ, որը կենսական սպառնալիք էր ողջ հայ ժողովրդի նկատմամբ:

Մենք` որպես պետականություն, որի մասին երազում էին նախորդ դարասկզբին մեր պապերը, եւ որը մենք վերականգնեցինք արդեն դարի ավարտին, այսօր պիտի զարգացնենք մեր անվտանգային համակարգն ու միջավայրը: Իսկ մեր հարեւանները, ի վերջո, պիտի հասկանան, որ մենք մեր հայրենիքից որեւէ տեղ չենք պատրաստվում հեռանալ: Հավատացած եմ, որ համահայկական ամբողջ ներուժը կենտրոնանալու է ի փառս Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի:

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930