Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագիծը մշակողների համար ՀՀ բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումները կայանում են միայն բուհերի կառավարման խորհուրդների կազմերի փոփոխության մեջ. ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդ

Մայիս 05,2021 09:50 Share

Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորների խորհուրդը 2021 թ.-ի ապրիլի 30-ին կայացած նիստում քննարկեց 2021 թ.-ի ապրիլի 28-ին ՀՀ կառավարության կողմից հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)՝ հիմնադրամի կարգավիճակ ունեցող տասներկու պետական բուհերի կանոնադրություններում կառավարման խորհուրդների վերաբերյալ փոփոխություններ կատարելու մասին, և որոշեց հետևյալը.

ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը.

հայտնում է իր սկզբունքային անհամաձայնությունը ՀՀ կառավարության որոշման նախագծին՝ այն համարելով անընդունելի թե՛ բուն էության ու բովանդակության, թե՛ իրավական կարգավորման առարկայի և նախապատրաստման ընթացակարգի տեսանկյուններից,

դիմում է ՀՀ կառավարությանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ կոչ անելով ձեռնպահ մնալ որոշման նախագծի քննարկումից ու ընդունումից և դրանով իսկ չխախտել բուհերի ինքնակառավարման սահմանադրական իրավունքը և չառաջացնել հակասություններ ՀՀ սահմանադրաիրավական կարգավորումներում։

ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը ստորև ներկայացնում է իր նկատառումները Նախագծի վերաբերյալ․

1.Նախագծով առաջարկվող փոփոխություններն անընդունելի են, քանի որ անմիջականորեն ուղղված են բուհերի ինքնակառավարման հիմնարար իրավունքի դեմ և ըստ էության համալսարաններին զրկում են իրենց իսկ վերաբերող կարևորագույն որոշումներն ընդունելու, անգամ դրանց վրա ներազդելու իրավունքից։ Փոխարենը՝ կառավարությանը ընձեռում են բուհերին վերահսկելու և կառավարելու անսահմանափակ հնարավորություն, որի արդյունքում համալսարանները փաստացի հայտնվելու են օրվա իշխանությունների անմիջական ազդեցության ներքո՝ դառնալով քաղաքական նկրտումների իրականացման հարթակ։

Նախագծով նախատեսվում է փոխել համալսարանների կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմի գործող համամասնությունը և հիմնադրի (ՀՀ կառավարության), լիազոր մարմնի (ՀՀ ԿԳՄՍ նախարարության), համալսարանի դասախոսների և ուսանողների հավասարաչափ (25%+25%+25%+25%) ներկայացվածության սկզբունքի փոխարեն ընդունել «65% (հիմնադրի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամներ) + 35% (համալսարանի դասախոսներ և ուսանողներ)» բանաձևը։ Այդ դեպքում համալսարանների հոգաբարձուների խորհրդի 20 անդամից 13-ը նշանակվում են ՀՀ վարչապետի և ԿԳՄՍ նախարարության կողմից, ընդ որում 11-ը՝ պետական պաշտոնյաներից, միայն 2-ը՝ կրթության, գիտության, մշակույթի ու տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներից, և ընդամենը 7-ն են ընտրվում ուսանողներից և դասախոսական կազմից՝ համապատասխանաբար 5 և 2 համամասնությամբ։

Այսինքն, առանց բուհի ներկայացուցիչների, անգամ առանց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից խորհրդի 2 անդամների առաջադրման, ՀՀ վարչապետի կողմից անդամների նշանակումն արդեն իսկ բավարար կլինի հոգաբարձուների խորհուրդը ձևավորված համարելու, նրա գործունեությունն օրինական ճանաչելու և բուհի ներկայացուցիչների բացակայության պայմաններում համալսարանի վերաբերյալ ցանկացած որոշում ընդունելու համար։

2.Նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված սկզբունքին, ըստ որի «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը», և առաջարկում է կարգավորում, որը ոչ միայն հակաիրավական է, այլև դեմ է բուհական ժողովրդավարության և ինքնավարության միջազգայնորեն ընդունված չափանիշներին, որոնց պահպանման պարտականությունը ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը։

3․Խիստ տարակուսանք է առաջացնում այն, որ համալսարանի «պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 10 տոկոսը» կամ ընդամենը 2 անդամ։ Հոգաբարձուների խորհրդում դասախոսների նման նվազ ներկայացվածությունը ձևական է դարձնում նրանց մասնակցությունը բուհերի կառավարմանը, անտեսում է դասախոսների կարևոր դերը ոչ միայն համալսարաններում, այլև ողջ հասարակության մեջ։

Գտնում ենք, որ կառավարման խորհրդում բուհի դասախոսները պետք է կազմեն խորհրդի անդամների առնվազն 25%-ը։

4․ՀՀ պետական բուհերի կառավարման հիմունքների, հոգաբարձուների խորհրդի ձևավորման, անդամակցության և կարգավիճակի սահմանման հետ կապված հարցերը օրենքի և ոչ թե ենթաօրենսդրական ակտի կարգավորման առարկա են։ Ըստ այդմ՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թ.-ի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում նախատեսված է բուհի կառավարման խորհրդի ձևավորում 9 անդամից, որից միայն 4-ն են առաջադրվելու բուհի ներկայացուցիչներից։ Սակայն, ոչ միայն բուհական հանրությունը խիստ քննադատության ենթարկեց օրենքի դրույթները, այլև Հանրապետության նախագահն օրենքը չստորագրեց և 2021 թ.-ի ապրիլի 22-ին դիմեց ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենքի սահմանադրականության հարցը՝ անգամ բուհի կառավարման խորհրդի «56% (հիմնադրի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամներ) + 44% (համալսարանի դասախոսներ և ուսանողներ)» բանաձևի պարագայում։ Ուստի, խնդրո առարկայի վերաբերյալ որևէ իրավական ակտի քննարկումն ու ընդունումն անհիմն է ու ժամանակավրեպ՝ մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից նշված օրենքի սահմանադրականության մասին վերջնական որոշման ընդունումը։

5.Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ վերջինիս անհրաժեշտությունը «պայմանավորված է բուհական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման և բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումներին պատշաճ թափ, խորություն ու համակարգվածություն հաղորդելու նպատակայնությամբ»։ Մինչդեռ, Նախագիծը վերաբերում է բացառապես բուհերի կառավարման խորհուրդների կազմի համամասնությունը փոխելուն։ Փաստորեն Նախագիծը մշակողների համար ՀՀ բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումները կայանում են միայն բուհերի կառավարման խորհուրդների կազմերի փոփոխության մեջ, իսկ համակարգի բովանդակային, ֆինանսական, գործառութային և այլ բարեփոխումները, որակյալ բարձրագույն մասնագիտական կրթության ապահովման և մրցունակ մասնագետների պատրաստման հարցերը դուրս են նրանց մտահոգության շրջանակից։

6․ Հարկ է արձանագրել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ոչ միայն Նախագիծը չի տրամադրել պետական համալսարաններին կամ քննարկել նրանց հետ, այլև չի տեղեկացրել բուհերին իրենց հիմնադիր փաստաթղթում՝ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Նշված հանգամանքը դեմ է գործընկերային հարաբերությունների սկզբունքներին, հարգալից վերաբերմունք չէ բուհերի նկատմամբ և ստեղծում է փոխադարձ անվստահության մթնոլորտ, ինչը չի նպաստում ընդհանուր նպատակների իրականացմանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31